4 զինծառայողների վթարի ենթարկվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2023թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախնական տվյալներով` զինվորները վնասվածքները ստացել են մարտի 15-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3 կմ հատվածում նրանցից մեկի կողմից վարած Մերսեդես CLK 320 մակնիշի ավտոմեքենայով: Մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս են եկել և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման, ըստ որի վերջինիս օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել: Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզվում են»,- հայտնում է Քննչական կոմիտեն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել