HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ ունեցվածք ունեն Գորիսի ավագանու թեկնածուները

Հոկտեմբերի 25-ին Գորիս խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ կանցկացվեն։ Համայնքն առաջիկա հինգ տարիներին ղեկավարելու հայտ է ներկայացրել երկու քաղաքական ուժ՝ «Ապրելու քվե» և «Համերաշխություն» դաշինքները։

Հիշեցնենք, որ 2026-ի հունիսին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո Գորիս, Տեղ և Տաթև համայնքները միավորվել էին։ Նոր ձևավորված համայնքն այժմ ներառում է 28 բնակավայր։

«Ապրելու քվե» կուսակցությունների դաշինք

«Ապրելու քվե» դաշինքի կազմում ընդգրկված է երկու կուսակցություն՝ «Ապրելու երկիր»-ը և «Հայկական քվե»-ն։ «Ապրելու երկիր» կուսակցությունը բավական ակտիվ մասնակցում է առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Բացի Գորիսից, կուսակցությունը մասնակցում է նաև Դիլիջանի, Մարտունու, Արթիկի, Մեղրիի և Ջերմուկի ընտրություններին։

Դաշինքի մյուս ուժը՝ «Հայկական քվե»-ն, ստեղծվել է ամիսներ առաջ՝ «Հայաքվե» նախաձեռնության հիմքի վրա։

«Ապրելու քվե» դաշինքի ցուցակը Գորիսի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է Արգամ Հովսեփյանը։ Նա Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է։ 2021-ին Հովսեփյանը գլխավորում էր «Ապրելու երկրի» ցուցակը Տեղ համայնքի ընտրություններում։

Արգամ Հովսեփյանը չի աշխատում։ Եկամտի միակ աղբյուրը, ըստ հայտարարագրի, կենսաթոշակն է։ 2025-2026 թթ. (սեպտեմբերից սեպտեմբեր) այն կազմել է 840.000 դրամ։ Նրա դրամական միջոցները կազմում են 100.000 դրամ։ Հովսեփյանի հայտարարագրած միակ անշարժ գույքը 3 հա մակերեսով հողամասն է։

Դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համարը Լևոն Արշակյանն է։ Նա աշխատում է «Զելըս» ՓԲԸ-ում որպես որակի ապահովման մասնագետ։ Ի դեպ, Արշակյանը «Ապրելու քվե» դաշինքի ցուցակում միակ զբաղվածն է, աշխատանք ունի։

Արշակյանը «Զելըս» ՓԲԸ-ից հաշվետու ժամանակահատվածում ստացել է 8.5 մլն դրամ աշխատավարձ, իսկ «Արարատյան շարժում» հիմնադրամից՝ 2.4 մլն դրամ։ Լևոն Արշակյանը հաշվետու ժամանակահատվածում 10 մլն դրամ վարկ է ստացել «Արդշինբանկից» և «Ակբա բանկ»-ից։ 3 մլն դրամ խնայողություն ունի։

Լևոն Արշակյանը Գորիսում գտնվող երկու բնակարանի համասեփականատեր է։ Բնակարաններից մեկը 76 քմ է, մյուսը՝ 53։ Արշակյանը հայտարարագրել է 2021 թվականի արտադրության «Kia Forte» մեքենա։

Լուսինե էմիրյանը «Ապրելու քվե» դաշինքի ցուցակում առաջին կին թեկնածուն է։ Նա հայտարարագրում նշել է, որ գործազուրկ է, բայց հաշվետու ժամանակահատվածում 1.5 մլն դրամ աշխատավարձ է ստացել «Յունիբանկ» ԲԲԸ-ից։ «Ֆասթբանկ» ԲԲԸ-ից էլ 5.5 մլն դրամ փոխառություն է ստացել։

Անշաժ կամ շարժական գույք և խնայողություններ Էմիրյանը չի հայտարարագրել։

Վաչագան Մանգասարյանը ցուցակի չորրորդ համարն է։ Նա ևս անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել։ Մանգասարյանը հաշվետու ժամանակահատվածում 968 հազար դրամ թոշակ է ստացել։ 50 հազար դրամ խնայողություն ունի։

«Ապրելու քվե» դաշինքի ցուցակի առաջին հնգյակը եզրափակում է Սոնա Դավթյանը։ Նա եկամտի որևէ աղբյուր չի հայտարարագրել։ Դավթյանը Գորիսում գտնվող 112 քմ մակերեսով տնամերձ հողամասի համասեփականատեր է։ Բացի այդ, 4 հա մակերեսով վարելահող է հայտարարագրել Արավուս գյուղում և 1998-ի արտադրության «Mercedes C280»։

«Համերաշխություն» կուսակցությունների դաշինք

«Համերաշխություն» դաշինքի կազմում ընդգրկված է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները։

«Գործարար» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին։ Նույն տարում մասնակցել է Գյուրմրու քաղաքապետի ընտրություններին, սակայն դրանից հետո որևէ ակտիվություն չի ցուցաբերել։ Այս ընտրություններին կուսակցությունն առանձին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով մասնակցում է ՏԻՄ ընտրություններին մի շարք համայնքներում։

Գորիսում «Համերաշխություն» դաշինքի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Նա ցուցակի ամենահարուստ անդամն է։ Նրա դրամական միջոցները կազմում են՝ 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո։ Առուշանյանը որպես եկամտի աղբյուր նշել է համայնքապետարանից ստացած 3.1 մլն դրամ աշխատավարձը։ Նա «Գոր մետալ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։ 

Առուշանյանը հայտարարագրել է 1794 քմ մակերեսով տուն, 1110 և 84 քմ մակերեսներով հողամասեր և 770 քմ մակերեսով արտադրական շինություն Գորիսում։ Առուշ Առուշանյանը հայտարարագրել է նաև 1970 թվականի արտադրության «Zil 130»։

Դաշինքի երկրորդ համարը Հարութ Լալազարյանն է։ Նա չի աշխատում։ Չի հայտարարագրել նաև անշարժ ու շարժական գույք։ Նրա խնայողությունները կազմել են 3 մլն դրամ և 5000 դոլար։

«Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը «Համերաշխություն» դաշինքի երրորդ համարն է։ Նա հաշվետու ժամանակահատվածում (սեպտեմբեր 2025-սեպտեմբեր 2026) ստացել է 870 հազար դրամ աշխատավարձ, իսկ դրամական միջոցները կազմել են 400 հազար դրամ։ 

Տոռոզյանը հայտարարագրել է Գորիսում գտնվող հասարակական նշանակության շինություն՝ 24.6 քմ մակերեսով և 2019 թվականի արտադրության «Dodge» մակնիշի մեքենա։ 

«Համերաշխություն» դաշինքի ցուցակում չորրորդը ՀԷՑ ՓԲԸ-ի «Տաթև» մասնաճյուղի Գորիսի էլեկտրական ցանցի պետ Արթուր Մաթևոսյանն է։ Նա ցուցակի առաջին հնգյակում միակ ՔՊ-ականն է։

Մաթևոսյանը ՀԷՑ-ից 5.1 մլն դրամ աշխատավարձ է ստացել։ Նա հայտարարագրել է Շինուհայր բնակավայրում գտնվող 220 քմ մակերեսով տուն։ Արթուր Մաթևոսյանը երեք մեքենա ունի՝ 2018-ի արտադրության «Kia», 2010-ի արտադրության «Toyota» և 1991-ի արտադրության «Niva»։

Մենուա Հովսեփյանը «Համերաշխություն» դաշինքի հինգերորդ համարն է։ Նա աշխատում է «Ֆոր յունիթի» ՍՊԸ-ում որպես ինժեներ։ Այս ընկերությունից նա ստացել է 1.8 մլն դրամ աշխատավարձ և 600 հազար դրամ վարձավճար։

Հովսեփյանի դրամական միջոցները կազմել են՝ 6 մլն դրամ, 4000 դոլար և 1000 եվրո։ Նա հայտարարագրել է նաև Երևանում գտնվող 105.6 քմ մակերեսով բնակարան և 2005 թվականի արտադրության «Mercedes»։

Ինչ ունեցվածք ունեն Գորիսի ավագանու թեկնածուները

Գորիսի ավագանու անդամի թեկնածուներից, վերջին մեկ տարում, ամենաշատ եկամուտը ստացել է «Համերաշխություն» դաշինքի 10-րդ համար, ՔՊ-ական Լյովա Արզանյանը։ Նա «Քանար» ՓԲԸ-ի 50% և «Ասպարեզ» ՓԲԸ-ի 9.2% բաժնետեր է։

«Քանար» ՓԲԸ-ից Արզանյանը ստացել է 8 մլն դրամ շահաբաժին։ Գյուղատնտեսական գործունեությունից նրա եկամուտը կազմել է 12.5 մլն դրամ։ Վարձակալական վճարներից նա ստացել է 600 հազար դրամ, մոտ 3.6 մլն դրամ էլ սուբվենցիոն աջակցություն է ստացել Կառավարությունից։ Այլ աղբյուրից էլ Արզանյանը 3550 դոլար եկամուտ է ստացել։

Լյովա Արզանյանը նաև ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուն է։ Նրա դրամական միջոցները կազմել են՝ 33.2 մլն դրամ, 33.600 դոլար, 8000 եվրո և 835 հազար ռուբլի։

«Համերաշխություն» դաշինքի 37-րդ համար Վարդգես Պետրոսյանը երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցող թեկնածուն է։ Հաշվետու ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեությունից նա ստացել է 17.7 մլն դրամ։

«Գորիս ԲԿ»-ի գլխավոր հաշվապահ Արթուր Լալաբեկյանը երրորդ ամենաշատ եկամուտ հայտարարագրած ավագանու անդամի թեկնածուն է։ Նա ևս «Համերաշխություն» դաշինքից է։ Լալաբեկյանը «Գորիս ԲԿ»-ից ստացել է 9.4 մլն դրամ աշխատավարձ։ 200 հազար դրամ աշխատավարձ էլ ստացել է «Գորիսի տրիկոտաժ» ԲԲԸ-ից։

Ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուն «Համերաշխություն» դաշինքի ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանն է։ Նա հայտարարագրել է 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո կանխիկ։ Նրան հաջորդում է նույն դաշինքի 16-րդ համար Արագած Ղուկասյանը։ Նա, ըստ հայտարարագրի, գործազուրկ է, սակայն հայտարարագրել է 50 մլն դրամ։

«Ապրելու քվե» կուսակցությունների դաշինքի ցուցակը 15 թեկնածուից է բաղկացած, որոնցից վեցը կանայք են, երկուսը՝ անկուսակցական, 14-ը չեն աշխատում։ Թեկնածուներից ինը դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ ութը մեկ տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել։ 

«Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը 72 թեկնածու ունի, որոնցից 20-ը անկուսակցական է, 14-ը չի աշխատում, իսկ 13 հոգի մեկ տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել։

«Ապրելու քվե» դաշինքի 15 թեկնածուներից հինգը ունեն անշարժ գույք՝ բնակարան կամ հողամաս, նույն թեկնածուներից չորսը ունի նաև մեքենա, մյուսները՝ ոչ։ «Համերաշխություն» դաշինքի 72 թեկնածուներից 49-ը ունեն բնակարան/առանձնատուն, ևս 28 թեկնածու հողամաս ունի, ութ թեկնածու՝ շենք-շինություն։ 72 թեկնածուներից 34-ն է մեքենա հայտարարագրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter