ՔՊ-ն Վայքում մրցակիցներ չունի․ ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել ավագանու թեկնածուները
Հոկտեմբերի 25-ին Վայոց ձորի մարզի Վայք խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն այստեղ այլընտրանք չկա․ համայնքի ավելի քան 8 հազար ընտրող այս կիրակի կողմ կամ դեմ պիտի քվեարկի։ 2021-ի ընտրություններին 4 քաղաքական ուժ էր մասնակցում ընտրություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», Ազատական և «Հայրենիք» կուսակցությունները, բոլորն էլ մանդատներ ստացան ու ձևավորեցին համայնքի ավագանին, ՔՊ թեկնածու Մխիթար Մաթևոսյանն էլ ընտրվեց Վայքի համայնքապետ։
Իշխող ուժն այս տարի 45 թեկնածուից բաղկացած ցուցակով է մասնակցում ընտրություններին, նրանցից 15-ից կձևավորվի ավագանին, որն էլ կընտրի Վայք համայնքի ղեկավարին։
«Հետքն» ուսումնասիրել է Վայքում ՔՊ կուսակցության 45 թեկնածուների հայտարարագրերը։
Ինչպես նախորդ՝ 2021-ի ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա, ՔՊ ցուցակը գլխավորում է Վայքի գործող համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը։ Նա Ջերմուկ քաղաքում գտնվող 78 քմ մակերեսով մեկ բնակարան է հայտարարագրել։ Ըստ հայտարարագրի՝ Մաթևոսյանը ունի 2 բեռնատար, 2007 և 2016 թվականների արտադրության MERCEDES-BENZ մակնիշի 2 ավտոմեքենա, 2007 թվականի LADA և 2013 թվականի արտադրության CATERPILLAR մակինիշի էքսկավատոր։
Հաշվետու տարում՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, Վայքի համայնքապետը 4․8 մլն դրամ աշխատավարձ է ստացել, որը, ըստ հայտարարագրի, նրա միակ եկամուտն է։ Հայտարարագրման պահին Մխիթար Մաթևոսյանն ունեցել է 13 մլն դրամ։
- Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ
- Վայքի համայնքապետի հիմնած ընկերության հետ 2.7 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել
Ցուցակում երկրորդը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Համլետ Ավագյանն է։ Նա շարժական երկու գույք է հայտարարագրել՝ 1988 թվականի արտադրության ГАЗ ДУК-1 (ցիստեռն) և 2021 թվականի արտադրության KIA FORTE։ Ավագյանը ՍԱՏՄ-ից 3․6 մլն դրամ աշխատավարձ է ստացել ու հայտարարագրել 1 միլիոն դրամ։
Երրորդ համարը 2021-2026 թթ․ Վայքի ավագանու անդամ, տեղի հիմնական դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Կոստանյանն է։ Նա Վայք քաղաքում գտնվող 42 քմ մակերեսով բնակարան ու 18 քմ մակերեսով առևտրային տարածք է հայտարարագրել, շուրջ 1․3 մլն դրամ աշխատավարձ դպրոցից ու 170 հազար դրամ գումար։
Ըստ հայտարարագրերի՝ հաշվետու տարում ամենաշատ եկամուտը ստացել է 11-րդ համար Արտավազդ Խաչատրյանը․ նա ձեռնարկատիրական գործունեությունից ստացված 12 միլիոն դրամ է հայտարարագրել։ Խաչատրյանը միակ թեկնածուն է ՔՊ ցուցակում, որի տարեկան եկամուտը գերազանցել է 10 մլն դրամը։ Նա նաև ամենաշատ գումարն է հայտարարագրել՝ շուրջ 25.2 միլիոն դրամին համարժեք, այդ թվում՝ 21․6 միլիոն դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար։
Իշխող ուժի ցուցակում 10 անկուսակցական թեկնածու կա, մնացած 35-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։ Թեկնածուներից միայն 3-ն է գործազուրկ: Ցուցակում ամեն երրորդը կին է, իսկ թեկնածուների միջին տարիքը 46 է։

Թեկնածուների 78%-ը վերջին մեկ տարում 1-5 միլիոն դրամ եկամուտ է ստացել։

Նույնքան՝ 35 թեկնածու հայտարարագրում նշել է, որ այն լրացնելու պահին ունեցել է մինչև 1 միլիոն դրամ գումար։

Նշենք, որ թեև թեկնածուների գույքի ու եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը սահմանված է Ընտրական օրենսգրքով, որևէ մարմին, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրանց բովանդակությունը չի ստուգում: Այսինքն՝ ամեն ինչ թողնված է թեկնածուների բարեխղճությանը, ինչը կարող է կասկածի տեղիք տալ, որ հայտարարագրում կարող են տեղ գտնել նաև ոչ հավաստի տեղեկություններ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել