HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում սկսել Իրանի դեմ

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ նոր հարվածների ծրագիր են մշակում։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի տեղեկություններով՝ հարվածները նախատեսվում է վերսկսել նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հոկտեմբերի կեսերին հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու Իրանի դեմ ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։

Ենթադրվում է, որ նոր հարվածների թիրախում կհայտնվեն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, միջուկային օբյեկտները, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները։ Ամերիկացի որոշ պաշտոնյաների կարծիքով՝ հարվածների նոր ալիքը կարող է Իրանի տնտեսությունը հասցնել փլուզման եզրին՝ այդ երկրի իշխանություններին ստիպելով գնալ դիվանագիտական զիջումների։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է The New York Times-ը, վերլուծաբանները փաստում են, որ Իրանի դեմ նախորդ հարվածները չեն ապահովել ռազմական գործողությունների հայտարարված նպատակների իրականացումը։ Փոխարենը դրանք հանգեցրել են էներգակիրների համաշխարհային գների կտրուկ աճի, ապակայունացրել իրավիճակը Միջին Արևելքում, ինչպես նաև սպառել ամերիկյան հրթիռների պաշարների մի մասը։

Պարբերականն ընդգծում է, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհամաձայնի վերսկսել Իրանի դեմ հարվածները։ The New York Times-ի տեղեկություններով՝ նախկինում Թրամփը հրաժարվել է հավանություն տալ ռազմական գործողությունների ընդլայնմանը, ընդ որում՝ այն ժամանակ, երբ ամերիկացի և իսրայելցի զինվորականներն արդեն պատրաստ էին հարվածներ հասցնել։

Հոկտեմբերի 21-ին Financial Times-ը գրել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն իսկ պատրաստ էր նոր հարվածներ հասցնել Իրանին։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելը ծրագրում էր հոկտեմբերի 10-ից վերսկսել ռմբակոծությունները։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է եղել ռազմական գործողությունների ակտիվացմանը՝ մինչև նոյեմբերի 3-ին նախատեսված ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների անցկացումը։

Միջանկյալ ընտրություններում Թրամփի գլխավորած Հանրապետական կուսակցությունը կարող է կորցնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և Սենատում իր տեղերի մի մասը։ Փորձագետները հանրապետականների վարկանիշի անկման պատճառներից մեկը համարում են փետրվարի վերջից շարունակվող պատերազմը Իրանի դեմ։

Լուսանկարը՝ Abir Sultan / EPA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter