HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Քարոլին Մուգար․ «Armenia Tree Project-ով անտառտնկման շատ ամուր հիմք ենք դրել, բայց դեռ այդ ճանապարհի սկզբնամասում ենք»

Ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1991-1994 թվականների արցախյան պատերազմի և դրա հետևանքով բնության կրած ծանր վնասը վերականգնելու նպատակով Ամերիկայի հայկական համագումարի երկարամյա նախագահ Քարոլին Մուգարն իր ամուսնու՝ Ջոն Օ’Քոնորի հետ հիմնեցին Armenia Tree Project (ATP) բարեգործական հիմնադրամը։ Ծրագիրը հետագայում դարձավ Հայաստանի նորագույն պատմության ամենաազդեցիկ բնապահպանական նախաձեռնություններից մեկը։ Armenia Tree Project-ը անտառվերականգնումը սկսել է 30 տարի առաջ և արդեն ավելի քան 10 մլն ծառ է տնկել, վերականգնել է բնական լանդշաֆտներ, ամրապնդել համայնքները և նպաստել Հայաստանի բնապահպանական դիմակայունության բարձրացմանը։

Armenia Tree Project-ի հիմնադիր Քարոլին Մուգարն այն կարծիքին է, որ «բնության պահպանությունը չի կարող տարանջատվել անվտանգությունից կամ ինքնիշխանությունից»։ Տկն Մուգարին երեկ հանդիպեցինք Մատենադարանում, բնապահպանական հերթական նախաձեռնության մասին ազդարարելու հանդիսավոր միջոցառման ժամանակ, և նա պատասխանեց «Հետքի» հարցերին։

Տկն Մուգար, ինչպե՞ս ծնվեց Armenia Tree Project-ը հիմնելու գաղափարը, և դրա գործունեության համար ինչո՞ւ ընտրեցիք Հայաստանը։

Ես 1989թ․-ից՝ Գյումրիի երկրաշարժից հետո հաճախ էի Հայաստան գալիս, այդ տարիներին արցախյան պատերազմի հետևանքով Հայաստանը նաև շրջափակման մեջ էր հայտնվել։ Էներգիայի սակավության պատճառով մարդիկ ստիպված ծառերն էին կտրում։ Շատ դրամատիկ էր այդ իրավիճակը, պատկերացրեք՝ բնության ու մարդու հարաբերության այն պահն էր, երբ մարդը չէր ուզում վնասել բնությունը։ Իսկապես, մարդիկ չէին ուզում ծառեր կտրել, բայց ստիպված էին դա անել, ապրելու խնդիր էր։ Այդ պատճառով շատ մեծ լարվածություն կար հասարակության մեջ: Ես նույնիսկ էմոցիոնալ մակարդակում զգում էի Հայաստանի ապագայի և մարդկանց կարիքների միջև եղած այդ բախումը։ Այն ժամանակ աշխատում էի «Ամերիկայի հայկական համագումար»-ի հետ և, երբ մեզ հետ մարդիկ էին գալիս Հայաստան և տեսնում էին, որ ծառերը կտրում են, բարկանում էին, վրդովվում։ Բոլորս մտածում էինք, որ ինչ-որ բան պետք է անել, ու ամենալավ գաղափարը, որ ծնվեց՝ ծառեր տնկելն էր։ Սկսեցինք մտածել, թե ինչպես պետք է անել և հիմնեցինք այս կազմակերպությունը:

Ովքե՞ր են ձեր շարժման աջակիցները Հայաստանում, ձեր գործընկերները:

1990-ական թվականներին, երբ «Ամերիկայի հայկական համագումար»–ում էի աշխատում, ինձ շատերն էին օգնում հենց Հայկական համագումարից։ Այսինքն՝ իմ առաջին աջակիցներն ավելի շուտ սփյուռքահայերն էին։ Հիմա ծրագիրը Հայաստանում ավելի շատ աջակիցներ ունի։ Հասկանում են, թե ինչքան կարևոր նախագիծ է և ֆինանսական առումով, երևի չասեմ համազոր, բայց բավականին մեծ օգնություն ունենք Հայաստանից։ Նաև՝ մեր միջազգային գործընկերներն են օգնում: Սակայն, երբ խոսում ենք աջակցության մասին, հաշվարկս միայն ֆինանսականը չէ: Ինձ համար ծրագրի ամենամեծ աջակիցներն այն հազարավոր երեխաներն են, որոնք մասնակցում են մեր բնապահպանական կրթության ծրագրերին: Նրանք մեր գիտելիքը ապագային տանող խողովակներն են, գործակալները:

Անտառատունկին նաև կամավորներ են մասնակցում, ովքե՞ր են նրանք, ավելանո՞ւմ է նրանց թիվը:

Իհարկե, բավականին շատ են այս ծրագրում ընդգրկված կամավորները, և նրանց շրջանակն ընդլայնվում է կորպորատիվ կամավորների և անհատների մասնակցությամբ։ Սակայն, դա դեռևս մշակույթի չի վերածվել։ Համայնքներից նույնպես կամավորներ ունենք, երբ համայնքային ծառատունկ ենք անում, համայնքը պարտադիր ներգրավվում է։ Ընդ որում, նրանք ոչ միայն կրթություն են ստանում մինչև ծառը տնկելը, այլև հասկանում են, թե ինչի համար է ծառը տնկվում, ինչպես պետք է խնամել այն։

Փոխվե՞լ է մարդկանց վերաբերմունքը կանաչ տարածքների նկատմամբ։

Ես ավելի քան 30 տարի է, ինչ Հայաստան եմ գալիս և այս ընթացքում նկատելի է, որ մարդիկ ավելի տեղեկացված են ու ավելի գիտակից են դարձել: Մենք մարդկանց բավականին մեծ շրջանակ ենք ներառել կրթության մեջ։ Այսինքն՝ դա ուղղակի ազդեցություն է ունեցել նրանց վրա՝ համակարգված գիտելիքի, մեդիայի լուսաբանումների, մեր իրազեկման հատուկ արշավների միջոցով։ Մենք հողի, ջրի, անտառի վերաբերյալ հատուկ արշավներ ենք իրականացնում: Վավերագրական ֆիլմերից մինչև մանկական անիմացիաներ և օֆլայն դասընթացներ ենք իրականացնում, ամառային դպրոցներ ենք կազմակերպում։ Այդ ամենը նաև վարքագծային փոփոխության է բերում, և մարդկանց վարքը նկատելիորեն փոխվել է։ Նրանց իրազեկվածությունն ու գիտակցությունը հիմա շատ ավելի բարձր են, քան նախկիում։

Ձեր կազմակերպությունը շատ խոսուն կարգախոս ունի՝ «Մենք պարզապես ծառեր չենք տնկում, վերականգնում ենք բնությունը, ուժեղացնում համայնքները, ձևավորում Հայաստանի ապագան»․ Ձեր երազանքի ո՞ր փուլին եք հասել։

Չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել, բայց կասեի, որ մենք շատ ամուր հիմք ենք դրել և այդ ճանապարհի սկբզնամասում ենք։ Սա երկար ճանապարհ է, և ես կրկին պետք է հղում անեմ մեր բնապահպանական կրթության ծրագրերին, երիտասարդների ու պատանիների հետ աշխատանքին, որովհետև դա է այն բազան, որով մենք ճանապարհը կարող ենք անցնել։ Ես «Հետքին» հրավիրում եմ խոսել մեր կրթական ծրագրերում ներգրավված երեխաների հետ, խոսել այն համայնքների բնակիչների հետ, որտեղ մենք ծառատունկ և անտառապատում ենք անում, արոտավայրեր ենք վերականգնում։ Մեզ համար էլ է հետաքրքիր ձեր միջոցով տեղեկանալ, ձեր ականջներով լսել բնակիչներին։

Armenia Tree Project-ը Մատենադարանի համար վերականգնողական թղթի արտադրամաս է հիմել, որի արտադրանքն օգտագործվում է հայկական գրավոր ժառանգությունը վերականգնելու աշխատանքներում։ Այսօր հայտարարվեց ևս մի կարևոր նախաձեռնության՝ Մատենադարանի համար բազմաֆունկցիոնալ այգի հիմնելու մասին։  Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր խոսքում նշեց, որ կառույցի արտաքին միջավայրի բարեկարգումը Հայկական ձեռագրերի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանի դեռևս 1970-ական թվականների երազանքն էր։ Ձեզ համար ի՞նչ է խորհրդանշում Մատենադարանում այգի հիմնելը։

Եթե մի բան ենք ուզում փոխանցել սերունդներին, հավանաբար, դա արմատն է։ Մատենադարանը մեր ինքնության ամենախորքում ունի գիտելիքի և մշակութային արմատներ։ Մտածեցինք՝ ինչպես ընդլայնել այդ արմատները, որ դուրս գան Մատենադարանից, միաժամանակ մնան հողի մեջ: Շատ գեղեցիկ կլինի, եթե այդ արմատները նաև նյութական լինեն՝ ծառերի տեսքով։ Արմատները տնկվեն ու միավորեն բնությունը, այն մշակութային ու գիտական ամբողջ հարստությունը, որն իր մեջ կրում է Մատենադարանը։

Իսկ որտեղի՞ց են Ձեր արմատները, ի՞նչն է Ձեզ կապում Հայաստանի հետ:

Հայրս ծնվել է Խարբերդում, 1901 թվականին։ Երեխա է եղել, երբ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Մայրս ամերիկացի է, ծնվել է Բոստոն քաղաքի կողքին գտնվող Սեյլեմ փոքր քաղաքում։ Այն հաճախ անվանում են «Վհուկների քաղաք»։ Նույնիսկ գրականության մեջ այս քաղաքի կախարդները՝ կին վհուկները, շատ հայտնի են։  Մի տարածված լեգենդ կա այն մասին, որ մորս ընտանիքը կապված է Սեյլեմի վհուկների հետ։ Եվ այսպես, Խարբերդից՝ հայկական արմատներս, իսկ Սեյլեմից՝ վհուկները, բոլորն իմ մեջ են (ծիծաղում է–Ս․Պ․)։

Գլխավոր լուսանկարը տրամադրել է Armenia Tree Project-ի գրասենյակը
 
Մյուս երկու լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի 
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter