Պաշտոնյաներ, ձեռնարկատերեր ու գործազուրկներ․ ովքե՞ր են Դիլիջանի ավագանու թեկնածուները եւ ի՞նչ են հայտարարագրել
2026թ. հոկտեմբերի 25-ին Դիլիջան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են։ Այստեղ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Դիլիջան համայնքի կազմում են 6 բնակավայրեր և Դիլիջան քաղաքը, ընտրելու իրավունք ունի 16 231 մարդ։
«Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է 40, «Ապրելու երկիրը»՝ 11, «Հանրապետությունը»՝ 13 անդամի թեկնածություն, սակայն համայնքի ավագանու կազմը պետք է բաղկացած լինի 21 հոգուց։
Հայտարարագրերում արտացոլված են ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների գույքի, եկամուտների ու դրամական միջոցների տվյալները։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածուների ցուցակը գլխավորում է Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Նա համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2021 թվականից։
Սարգսյանը Հաղարծին բնակավայրում համատեղ սեփականությամբ 4 հողամաս և հասարակական նշանակության 2 շինություն ունի։ Հայտարարագրել է մեկ մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենա։
Որպես աշխատավարձ հայտարարագրել է 7 մլն 66 հազ. 723 դրամ, իսկ դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 950 հազ. դրամ։
«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Վարդան Ավագյանը։ Նա Դիլիջան համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է։ Հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան և 1 քոթեջ Դիլիջանում, նաև՝ միանձնյա սեփականությամբ 1 հողամաս և 2 ավտոմեքենա։ Վերջին 1 տարվա ընթացքում ունեցել է ընդհանուր 15 մլն 369 հազ. 500 դրամի եկամուտ։
Ի դեպ, 3 կուսակցությունների թեկնածուներից ամենից շատ եկամուտ հայտարարագրել է հենց Ավագյանը։ Ամենաշատ դրամական միջոցները նույնպես նրան են պատկանում, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 35 մլն դրամ և 77 հազար դոլար (ընդհանուր՝ 62 մլն 797 հազ. դրամին համարժեք)։
«Հանրապետություն» կուսակցության առաջին համար Նունե Սանթրոսյանը Դիլիջան համայնքի ավագանու անդամ է, հայտարարագրել է 2 բնակելի տուն Դիլիջանում և 1 ավտոմեքենա։ Սանթրոսյանը որևէ եկամուտ չի ունեցել, միայն 1 մլն 692 հազ. 169 դրամի չափով դրամական միջոց է հայտարարագրել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների կազմում են Դիլիջան խոշորացված համայնքի կազմում գտնվող բոլոր 6` Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Խաչարձան, Հովք, Աղավնավանք վարչական շրջանների ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցներ, ուսուցիչիներ, անհատ ձեռնարկատերեր։
Թեկնածուների միջին տարիքը 41 է, ամեն երրորդ թեկնածուն կին է։

«Քաղաքացիական պայմանագրի» 40 թեկնածուից 6-ը գործազուրկ է, միայն մեկն է անկուսակցական։ Թեկնածուներից 6-ը որևէ եկամուտ չի հայտարարագրել, 19 թեկնածու էլ, ըստ հայտարարագրի, դրամական միջոցներ չունի։


3 կուսակցությունների թեկնածուներից ամենաշատ գույքը հայտարարագրել է ՔՊ կուսակցության թեկնածու Արմեն Թալանչյանը։ Նա համատեղ սեփականությամբ 1 բնակարան ունի, 2 բնակելի տան (29քմ և 693 քմ) սեփականատեր է, հայտարարագրել է 1 հողամաս և 1 հասարակական նշանակության շինություն։ Ունի 2 ավտոմեքենա։ Նա հայտարարագրել է 6 մլն դրամի եկամուտ, որից 2 մլն դրամը՝ որպես ավանդ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 1.2 մլն դրամի գումար է ունեցել։
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուների կազմում կան անհատ ձեռնարկատերեր, բուժքույր, շինարար, վարորդ, տնային տնտեսուհի և այլ մասնագիտությունների տեր անձինք։

11 թեկնածուներից միայն մեկն է անկուսակցական։ Միայն մեկ թեկնածու՝ Վարդան Ավագյանն է ընթացիկ տարում 10 մլն դրամից ավել եկամուտ ունեցել։ 8 թեկնածու դրամական որևէ միջոց չի հայտարարագրել։


«Հանրապետություն» կուսակցության թեկնածուների կազմում մեծամասամբ անհատ ձեռնարկատերեր են։ Թեկնածուներից 2-ն անկուսակցական է։ Միջին տարիքը 44 է, թեկնածուների ցուցակում գերակշռում են կանայք։


Թեկնածուների 75%-ը մեկ միլիոն դրամից պակաս դրամական միջոց է հայտարարագրել։ 12 թեկնածուներից ոչ մեկի տարեկան եկամուտը չի գերազանցել 1 մլն դրամը։
Գլխավոր նկարի ձևավորումը և ինֆոգրաֆիկաները՝ Նարե Պետրոսյանի
Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ Վարդան Ավագյանը, Դավիթ Սարգսյանը, Նունե Սանթրոսյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել