HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդյոք Հայաստանը պատրաստ կլինի կոտրել կարծրատիպերը. բնապահպանական սիմպոզիում՝ Երեւանում

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին ընդառաջ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կազմակերպել էր բնապահպանական սիմպոզիում: Այն կրում էր «Երեւանի բնապահպանական սիմպոզիում 2026. պետական պահպանվող տարածքներից անդին» խորագիրը:

Միջոցառումը համախմբում է կառավարությունների, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների առաջանորդների եւ բնապահպանական կառույցների ներկայացուցիչներին՝ անդրադառնալու Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (Kunming-Montreal Global Biodiversity Framework) կառավարման բացին, ինչպես նաեւ ձեւավորելու գործողությունների միասնական կոչ:

FPWC-ի ծրագրերի ղեկավար Սոնա Քալանթարյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ միջոցառման կազմակերպման գաղափարն առաջացել է իրենց փորձից. FPWC-ն 2011-ին ստեղծել եւ կառավարում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որն օրենքի տեսանկյունից բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ) չէ, ինչպես, օրինակ, պետական ենթակայության արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը, այլ մասնավոր տարածք է: Արարատի ու Վայոց Ձորի մարզերում CWR-ն այսօր ընդգրկում է մոտ 30.000 հեկտար մակերես:

«Սա (մասնավոր պահպանվող տարածքը – հեղ.) մի բան է, որ Հայաստանի իրավական միջավայրում չկար եւ մինչ օրս չկա: Այս տարիներին փորձել ենք աշխատել եւ հասկանալ, թե ինչ միջոցներ կան աշխարհում՝ ոչ պետական պահպանվող տարածքներն ավելացնելու համար»,- նշում է Քալանթարյանը:

Վերջինս նկատում է, որ վերջերս «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը փոխվել է, եւ դրանում հղումներ են արվել համայնքային պահպանվող տարածքներին (այդպիսիք են պահպանվող լանդշաֆտները) ու այլ արդյունավետ պահպանության միջոցներին (Other Effective Conservation Measures – OECM. այդպիսիք են, օրինակ, էկոմիջանցքները): Քալանթարյանի գնահատմամբ՝ օրենսդրական փոփոխությունները միայն  առաջին քայլն են, սակայն դրանցով ոչ բոլոր հարցերն են լուծվել:

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները, որոնց թվում է նաեւ Հայաստանը, 2022 թ. կայացած 15-րդ համաժողովի՝ COP15-ի ժամանակ ընդունել են Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը, որով սահմանել են համաշխարհային մակարդակով կենսաբազմազանության ոլորտին վերաբերող 4 նպատակ եւ դրանց հասնելու 23 թիրախ: Այդ թիրախներից մեկը կոչվում է «30X30», ինչը նշանակում է, որ մինչեւ 2030 թ. աշխարհի ցամաքային, ջրային եւ ծովային տարածքների առնվազն 30 %-ը պետք է պահպանել ու արդյունավետ կառավարել: Սա փորձագետները համարում են հավակնոտ թիրախ:

«Որոշեցինք COP17-ին ընդառաջ անել այս միջոցառումը, որովհետեւ COP-ը բացառիկ հնարավորություն է մեզ համար՝ լսելի դարձնելու մեր ձայնը: Նաեւ շատ էին համախոհները, քանի որ սա միայն հայկական խնդիր չէ: Այն ամբողջ աշխարհում է առկա. բացի պետական պահպանվող տարածքներից՝ պետք է ունենանք նաեւ մասնավոր պահպանվող տարածքներ, որովհետեւ մեր գաղափարախոսությունը հետեւյալն է՝ անհնար է 30 տոկոս պահպանվող տարածքի հասնել, եթե չունենք այլընտրանքային պահպանության ձեւեր, դրանք իրականում շատ են»,- մանրամասնում է «Հետքի» զրուցակիցը:

Ս. Քալանթարյանն ասում է, որ սիմպոզիումի գաղափարը ձեւավորվել է երկու կետի շուրջ: Նախ՝ ընդունում են, որ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կարող են լինել կառավարման տեսանկյունից տարբեր պահպանվող տարածքներ: Երկրորդ՝ իրենք շեշտը դնում են ոչ թե ընդհանուր դրույթների, ձեւակերպումների վրա, այլ դրանց իրականացման:

«Կապ չունի, թե որ երկիրն ինչ մոտեցմամբ է անում, օրինակ՝ բնիկ ժողովուրդներից շատերը դեմ են եղել OECM պիտակին, շատերն ուզում են հենց իրենց ավանդական պահպանվող տարածքի պիտակն ունենալ: Բայց անկախ այս ամենից՝ կարեւոր է պահպանել այս բոլոր տարածքներն ու կենսաբազմազանությունը՝ հասնելու համար սահմանված 30 տոկոսին»,- նկատում է Սոնա Քալանթարյանը:

Վերջինիս, սակայն, նշում է, որ 2022-ին Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակն ընդունելուց հետո աշխարհը շատ հեռու չի գնացել սահմանված 23 թիրախներին հասնելու հարցում, եւ սա այն կետն է, որը բարձրաձայնվել է երեւանյան սիմպոզիումի ժամանակ:

Որքանով Հայաստանը պատրաստ կլինի կոտրել կարծրատիպերը

«Հետքի» հարցին, թե արդյոք հավակնոտ չէ Հայաստանի համար «30X30» թիրախը, որին պետք է հասնել մինչեւ 2030 թվականը, FPWC-ի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պատասխանում է, որ հարցն այն է, թե որքանով է Հայաստանը պատրաստ հարմարեցնել այն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի հասնել այդ թիրախին, քանի որ դրա հնարավորությունները կան բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Խոսքն, ըստ Խաչատրյանի, այն մասին է, թե որքանով է երկիրը պատրաստ կոտրել այն կարծրատիպերը, որ պահպանվող տարածքները պետք է լինեն միայն պետական, կամ որ պետական մարմինները պետք է ամեն ինչ եւ ամեն կերպ վերահսկողության տակ պահեն:

Ըստ նրա՝ այս առումով փոխվստահության խնդիր կա՝ արդյոք հասարակական կազմակերպությունը կամ համայնքը կարող է իրականացնել այդ գործառույթը: FPWC-ի ղեկավարը նկատում է, որ այդ ուղղությամբ կան դրական քայլեր՝ որպես օրինակ նշելով Երեւան համայնքի կողմից Հրազդանի կիրճին պահպանվող լանդշաֆտի կարգավիճակի տրամադրումը: Ինչպես նշեցինք վերեւում, պահպանվող լանդշաֆտները համայնքներին ենթակա ԲՀՊՏ-ներ են (Հայաստանում առաջին պահպանվող լանդշաֆտը՝ «Արփան», ստեղծվել է 2013 թ. (մինչեւ 2019 թ. կոչվում էր «Գնիշիկ»), գտնվում է Վայոց Ձորի մարզի Գնիշիկի ձորում եւ զբաղեցնում է ավելի քան 3.000 հա տարածք):

«Դրանից հետո կգան համայնքային պահպանվող այլ տարածքներ, միգուցե նաեւ հետագայում, եթե ՀՀ-ն ճանաչի մասնավոր կերպով պահպանվող տարածքները, ինչպես մեր Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը, ապա այդ բոլոր տոկոսները կգումարվեն իրար եւ կդառնան այն ցանկալի տոկոսը, որին Հայաստանը կցանկանա տեսնել մինչեւ 2030 թվականը»,- նկատում է Ռուբեն Խաչատրյանը: Ըստ վերջինիս՝ դրա իրականացումը ժամանակ է պահանջում, սակայն COP17-ը կնպաստի, որ այդ ժամանակը կրճատվի:

«Վստահ եմ, որ նաեւ իրենք (իշխանությունը – հեղ.) կհասկանան կարեւորությունը: Խնդիրն այն է, որ ոչ միայն ՇՄՆ-ն է կանգնած այդ փոփոխության հետեւում, այլեւ ընդհանուր Կառավարությունը պետք է ընկալի դա: Եթե նույնիսկ ՇՄՆ-ից որեւէ դրական առաջարկ էր գնում Ֆիննախ, այնտեղ իրավիճակը փոխվում էր, որովհետեւ մինչ օրս էլ չկա այն պատկերացումն ու ընկալումը, թե ինչու է կարեւոր կենսաբազմազանության պահպանումը,- ասում է Ռ. Խաչատրյանը,- վստահ եմ, որ COP-ը կբերի այն ցանկալի արդյունքները, որոնք կզգանք ապագայում՝ տարբեր նախարարությունների միջեւ տարբեր մոտեցումներով համագործակցություն կլինի, ընդհանուր համակարգ կստեղծվի, ինչով պայմանավորված՝ առաջնահերթություններն այլ կերպ կընկալվեն: Վստահ եմ, որ կենսաբազմազանության պահպանությունը կլինի այդ առաջնահերթությունների շարքում»:

Նկատենք, որ «30X30» թիրախի իրականացման շրջանակներում Հայաստանը, որպես կոնվենցիայի անդամ, նախատեսում է ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) իր ծածկույթը՝ այն հասցնելով երկրի տարածքի առնվազն 20 տոկոսին (ոչ թե 30)։

«Պահպանվող տարածքների արժեքը չի ընկալվում»

Երեւայան սիմպոզիումի բանախոսներից էր Բնության պահպանության միջազգային միության (IUCN) պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովի (WCPA) նախագահ Մադհու Ռաոն (Madhu Rao):

«Հետքի» հետ զրույցում նա նշում է, որ ամբողջ աշխարհում բազմաթիվ պահպանվող տարածքներ կան, որոնք, սակայն, բախվում են մի շարք մարտահրավերների:

«Առաջինն այդ տարածքների վրա զարգացման գործընթացներից եկող ճնշումներն են։ Նկատի ունեմ հանքարդյունաբերությունը, գծային ենթակառուցվածքները (ճանապարհներ, երկաթուղիներ), ինչպես նաեւ հանքարդյունահանման, նավթի եւ բնական գազի արդյունահանման համար տրամադրված թույլտվությունները: Երկրորդ խնդիրը կառավարման համակարգերի եւ արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների պակասն է։ Պահպանվող տարածքների կառավարմամբ զբաղվող գործակալություններին անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ՝ աշխատակազմ, անտառապահներ եւ մասնագետներ, որոնք կաշխատեն այդ տարածքներում, սակայն նրանց քանակը բավարար չէ: Բացի դրանից՝ շատ տարածքներ հայտարարվում են որպես պահպանվող, սակայն դրանց համար չկա կառավարման պլան, կամ էլ եղած պլանը գործնականում չի իրականացվում։ Երրորդ խնդիրն այն է, որ կառավարության կազմում շրջակա միջավայրի հարցերով զբաղվող գերատեսչությունը հաճախ ավելի քիչ ազդեցություն ունի, քան այլ ոլորտների (օրինակ՝ հանքարդյունաբերության կամ էներգետիկայի) պատասխանատու մարմինները, ինչի հետեւանքով մշտապես ստիպված են լինում փոխզիջումների գնալ։ Բացի դրանից՝ աշխարհի շատ հատվածներում բնիկ ժողովուրդների իրավունքները պատշաճ կերպով ճանաչված չեն. այդ պատճառով նրանք զրկվում են հողի նկատմամբ իրենց ավանդական իրավունքներից։ Ուստի, պահպանվող տարածքների կառավարման եւ վարչարարության հաջողության համար անհրաժեշտ է ճանաչել բնիկ ժողովուրդների իրավունքները»,- ասում է Մադհու Ռաոն:

«Հետք» - Արդյոք հնարավոր է մինչեւ 2030 թ. հասնել «30X30» թիրախին:

Մ. Ռաո - «30X30» թիրախը բաղկացած է 9 տարրից։ Դրանցից միայն մեկն է քանակական (30 %-ը), իսկ մյուս 8-ը որակական բնույթի են։ Դրանք պետք է լինեն արդյունավետ, ներկայացուցչական եւ բազմազան՝ ընդգրկելով տարբեր տեսակի տարածքներ եւ ապահովելով հավասարակշռություն։ Արդյոք դա հնարավոր է, թե ոչ՝ դժվար է ասել։ Բայց կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցում։ Պետք է արագացնենք այն։ Այսինքն՝ գործընթացն ընթանում է, եւ ներկայումս լավ առաջընթաց կա մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։

«Հետք» - Երբեմն կան պահպանվող տարածքներ, բայց կան նաեւ տնտեսական օգուտներ, որոնք կարող են հսկայական լինեն: Դրանք բախվում են իրար՝ ստեղծելով հակասություն: Այդ դեպքում ի՞նչ անել:

Մ. Ռաո - Կարծում եմ՝ այժմ սա մեծ խնդիր է, ինչը ցույց է տալիս, որ պահպանվող տարածքների արժեքը չի ընկալվում: Մենք, իսկապես, պիտի գիտակցենք դրանց արժեքն իբրեւ ազգային կապիտալ: Օրինակ՝ շատ երկրներում պահպանվող տարածքները կարեւոր են ջրամատակարարման, ոռոգման, մաքուր օդի, ջրհեղեղների վերահսկման, աղետների ռիսկի մեղմացման համար: Քանի դեռ պահպանվող տարածքների արժեքը չի ինտեգրվում տնտեսական պլանավորմանը եւ ազգային հաշիվների համակարգին, եւ մենք հաշվի չենք առնում այդ տարածքների դերը նշված համակարգում, չենք կարող հասկանալ պահպանվող տարածքների դեգրադացիան: Այսինքն՝ մենք, փաստորեն, ֆինանսական արժեք ենք կորցնում:

«Հետք» - Ո՞րն եք համարում մարդկության գլխավոր գլոբալ խնդիրն այս պահին:

Մ. Ռաո – Կարծում եմ՝ ներկայում մարդկության առջեւ ծառացած հիմնական խնդիրը անվտանգության հարցն է։ Անվտանգության պակասի եւ աշխարհի բազմաթիվ հատվածներում ընթացող պատերազմների պատճառով ռեսուրսներն ուղղվում են անվտանգության ապահովմանը, այլ ոչ թե բնապահպանական առաջնահերթություններին։ Աշխարհի որոշ մասերում խաղաղության բացակայությունը եւ ազգային անվտանգության հետ կապված խնդիրները լուրջ հետեւանքներ են ունենում պահպանվող տարածքների եւ, ընդհանրապես, բնության կառավարման վրա գլոբալ մակարդակով։ Երկրները պարփակվում են ազգայնական մոտեցումներով՝ կենտրոնանալով բացառապես տնտեսական շահի վրա։ Կարծում եմ՝ սա է ամենամեծ խնդիրը։

Երեւանյան սիմպոզիումի ընթացքում քննարկված թեմաներից մեկին՝ այլ արդյունավետ պահպանության միջոցներին (OECM), կանդրադառնանք հաջորդիվ:

Լուսանկարները՝ FPWC-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter