Ընտրություններ Գառնիում՝ առանց մրցակցության․ ՔՊ թեկնածուների հայտարարագրերը
Կոտայքի մարզի Գառնի համայնքում հոկտեմբերի 25-ին սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Սակայն դրանք մրցակցային չեն. առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Գրանցված թեկնածուների թիվը 47 է։ Անկուսակցական է ընդամենը 4 թեկնածու։ Առաջադրված թեկնածուների 32%-ը կանայք են։ Թեկնածուների միջին տարիքը 39 է։
Գառնի համայնքի կազմում են Գառնի գյուղը և ևս 5 բնակավայր՝ Գեղադիրը, Գեղարդը, Գողթը, Հացավանը և Ողջաբերդը։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գառնի համայնքում առաջադրվել էին երկու քաղաքական ուժեր՝ «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն ստացել էր ավագանու 10 մանդատ, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 5 մանդատ։

Ամենաշատ դրամական միջոց հայտարարագրել է համայնքապետը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ներկայիս համայնքապետ Տիգրան Պողոսյանը։ Հենց նա էլ ամենաշատ դրամական միջոցն է հայտարարագրել՝ 4 մլն դրամ։ Տիգրան Պողոսյանը ընդհանուր 14 մլն 320 հազար դրամի եկամուտ է հայտարարագրել, որից 5 մլն 320 հազար դրամը՝ տարեկան աշխատավարձ Գառնիի համայնքապետարանից, 2.5 մլն դրամը՝ վարկ, իսկ մնացած 6.5 մլն դրամը՝ ավտոմեքենայի և գյուղմթերքի վաճառքից ստացած եկամուտ։ Ըստ հայտարարագրի՝ համայնքապետն անշարժ գույք չունի, իսկ շարժական գույքը՝ 2013 թվականի արտադրության «Տոյոտա կորոլա» մակնիշի մեքենա։
Նշենք, որ 2024 թվականին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տուգանել էր Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանին։ Պարզվել էր, որ Գառնիի համայնքապետարանի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում դեգրադացվել էր 5811քմ գյուղատնտեսական նշանակության հողի բերրի շերտ։ Տիգրան Պողոսյանի նկատմամբ նշանակվել էր վարչական տուգանք՝ 50.000 դրամ, ներկայացվել էր 224.537 դրամ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
Ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած երկրորդ թեկնածուն Լուսինե Սայադյանն է՝ 3.5 մլն դրամ։ Նա անհատ ձեռնարկատեր է, ցուցակում 33-րդն է։ Իսկ երրորդ ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած թեկնածուն Ալիկ Ալոյանն է՝ 3.3 մլն դրամ, նա ևս անհատ ձեռնարկատեր է, ցուցակում 4-րդն է։ Ալիկ Ալոյանը նաև երրորդ ամենաշատ եկամուտ հայտարարագրած թեկնածուն է։
ՔՊ-ի ցուցակում ընդգրկված 47 թեկնածուներից 6-ը որևէ դրամական միջոց չեն հայտարարագրել։ Նրանցից երկուսի հայտարարագրերը հասանելի չեն ԿԸՀ կայքում, երկուսը ուսանող են, թեկնածուներից մեկը նշել է, որ չի աշխատում, իսկ դրամական միջոց չներկայացրած մյուս թեկնածուն Գողթ գյուղի վարչական ղեկավար Լենդրուշ Ղարիբյանն է, ով ցուցակում վերջինն է։ Նա թեև դրամական միջոց չի ներկայացրել, 9 մլն 314 հազար դրամի եկամուտ է ներկայացրել, որից 4 մլն 324 հազար դրամը տարեկան աշխատավարձ, իսկ մնացած գումարը՝ վարկ։
Ամենաշատ եկամուտ հայտարարագրել է փոխհամայնքապետը
Ամենաշատ եկամուտ ունեցող թեկնածուն փոխհամայնքապետ Կարեն Գաբրիելյանն է, նա ցուցակում երկրորդն է։ Գաբրիելյանը հայտարարագրել է ընդհանուր 46 մլն դրամ եկամուտ, որից 35 մլն-ը՝ վարկ, 5 մլն դրամը՝ տարեկան աշխատավարձ, իսկ 6 մլն դրամը՝ գյուղմթերքի վաճառքից ստացած եկամուտ։ Նա նաև Գողթ գյուղում գտնվող 8 հողամասի սեփականատեր է։ Երկրորդ ամենաշատ եկամուտ հայտարարագրած թեկնածուն գյուղատնտես Լեռնիկ Սարգսյանն է, նա ցուցակում 23-րդն է։ Հայտարարագրել է 22.5 մլն դրամի եկամուտ, որից 19 մլն դրամը՝ անասնապահությունից ու գյուղմթերքից ստացած եկամուտ, 3.5 մլն դրամը՝ վարկ։
Եկամուտների մեծությամբ երրորդ տեղում, ինչպես նշել ենք, անհատ ձեռնարկատեր Ալիկ Ալոյանն է՝ 19 մլն դրամ, որից 10 մլն դրամը հայտարարագրում նշված է որպես վարկ։ Ալիկ Ալոյանը Գառնի գյուղում երկու հողամասի սեփականատեր է՝ տնամերձ և բնակելի նշանակության, ևս երեք հողամասի՝ համասեփականատեր։ Ալիկ Ալոյանն ունի 3 ավտոմեքենա՝ 2019 թ. արտադրության Hyundai Sonata, 2007 թ.-ի Kia Sorento և 1987 թվականի արտադրության «Զիլ-130»։
7 թեկնածու, ըստ հայտարարագրերի, հաշվետու տարում եկամուտ չի ունեցել։ Նրանցից երեքն ուսանողներ են, մեկը շինարար է, մեկը չի աշխատում, իսկ երկուսի հայտարարագրերը հասանելի չեն ԿԸՀ կայքում։

47 թեկնածուից միայն մեկն է բնակելի տուն կամ բնակարան հայտարարագրել
Ամենաշատ շարժական և անշարժ գույքեր հայտարարագրած թեկնածուն Հրայր Հովհաննիսյանն է, ցուցակում՝ 44-րդը, գործազուրկ է։ Նա հայտարարագրել է ընդհանուր 10 գույք, որից 8-ը՝ հողամաս Հացավան բնակավայրում, իսկ 2-ը՝ ավտոմեքենա։ Հողամասերից 2-ի սեփականատերն է, 6-ի՝ համասեփականատերը։
47 թեկնածուներից միայն մեկն է հայտարարագրել բնակելի տուն՝ Գեղադիր գյուղի վարչական ղեկավար Գևորգ Գասպարյանը, ցուցակում՝ 5-րդը։ Նրա հայտարարագրած 80 քառ. մետր մակերեսով տունը գտնվում է Երևանում։ Գևորգ Գասպարյանից բացի՝ անշարժ գույք հայտարարագրած մյուս թեկնածուների գույքերը հողամասեր են. բնակարան կամ բնակելի տուն ոչ մեկը չի հայտարարագրել։
Ինչպես երևում է, ցուցակի առաջին հնգյակի թեկնածուներից 4-ն աչքի են ընկնում իրենց դրամական միջոցներով, եկամուտներով և գույքով։ Միայն ցուցակի 3-րդ համար Նաիրա Խաչատրյանը համեստ միջոցներ ունի։ Նա ուսուցչուհի է, աշխատում է Գառնիի Ատոմի անվան Հ.2 ավագ դպրոցում։ Հայտարարագրել է տարեկան 2 մլն 400 հազար դրամ աշխատավարձ, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 50 հազար դրամ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 130 հոդվածի պահանջով՝ ընտրական ցուցակի յուրաքանչյուր երեք թեկնածուից առնվազն մեկը պետք է լինի հակառակ սեռի ներկայացուցիչ։
*Թեկնածուները ներկայացրել են հայտարարագրման պահին նախորդող մեկ տարվա եկամուտները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել