Լևոն Վահրադյան. «Պիտի այնպես անենք, որ Արթիկն ապրելու համար հրապուրիչ լինի թե երիտասարդների, թե ծերերի համար»
Արթիկ խոշորացված համայնքում հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների «նորեկը» «Հայրենիք» կուսակցությունից առաջադրված 42-ամյա Լևոն Վահրադյանն է: Նա առաջին անգամ է պայքարում համայնքի ղեկավարի պաշտոնի համար, չունի նաև ավագանու կազմում աշխատելու փորձ: 2015-2016թթ. եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, ապա` մինչև 2017թ.-ը, նույն նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության փորձագետ, այնուհետև՝ վարչության պետ: 2018թ.-ի մայիսին Լևոն Վահրադյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում փոխարինել է Հրաչյա Ռոստոմյանին` պաշտոնավորելով ընդամենը 5 ամիս:
Լինելով անկուսակցական՝ Լևոն Վահրադյանը 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կազմում պատգամավորի թեկնածու էր առաջադրվել Շիրակի մարզից: Ընտրական ցուցակում զբաղեցնում էր 93-րդ տեղը, սակայն խորհրդարան չէր անցել, քանի որ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը ընտրությունների արդյունքում ստացել էր 31 մանդատ: Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Արթիկ համայնքի ղեկավարի թեկնածուն ներկայացնում է Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» կուսակցությունը, որին անդամագրվել է մեկ տարի առաջ:
Նախընտրական քարոզարշավի սկզբում Լևոն Վահրադյանի թիմում եղել է 19 թեկնածու: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից երեք օր անց ինքնաբացարկ է հայտնել 14-րդ հորիզոնականում գտնվող Յուրիկ Գրիգորյանը, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Կարեն Մեյրոյանը: Լևոն Վահրադյանի ղեկավարած թիմը քարոզարշավն ավարտում է 17 հոգով: Արթիկում ընտրապայքարի մեջ գտնվող, ոչ իշխանական քաղաքական 2 ուժի ղեկավարները` Մխիթար Վարագյանը և Արթուր Աստոյանը, բարձրաձայնել էին ճնշումների մասին, որոնց հետևանքով մարդիկ հրաժարվում են առաջադրումներից: Նույն հարցն ուղղեցինք նաև Լևոն Վահրադյանին: Վերջինս փաստեց, որ մինչև սեպտեմբերի 20-ը շատ ավելի մեծ թիմ ձևավորելու ակնկալիք է եղել, հետո մնացել են 19-ը, և այդ կազմով էլ ԿԸՀ-ն իրենց գրանցել է։
«Ես ոչ մեկին չեմ հարցրել, թե ինչու են դուրս գալիս ցուցակից: Նշանակում է պատճառներ ունեն, հետո էլ տեսնում եմ համացանցում ինչ է կատարվում, չեմ ուզել շատ հարցեր տալ, ասել եմ լավ՝ խնդիր չկա,-ասում է Լևոն Վահրադյանը,-ճիշտ է՝ մեր թիմն ամենափոքրն է, բայց կարծում եմ՝ բավարար է, որ կարողանանք մեր ծրագրերը կյանքի կոչել»: Ճնշումների վերաբերյալ Վահրադյանի պատասխանները խուսափողական էին։
Ամեն դեպքում, Լևոն Վահրադյանն արթիկցիներին խոստանում է կառավարման նոր որակ, եթե իր թիմին հաջողվի հայտնվել ավագանու կազմում: Ասում է, որ առավել թիրախային խմբերի՝ երիտասարդների և ծերերի համար համապատասխան ծրագրեր են մշակել: «Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես տարեցների հետ կապված Արթիկում ոչ մի ծրագիր չի արվում, տպավորություն է, որ հասարակությունից դուրս են,- ասում է Լ. Վահրադյանը,-թոշակային տարիքը 63-ն է, բայց ես համոզված եմ, որ մենք ունենք 60-70 տարիքային խմբում պոտենցիալով շատ մարդիկ, որոնց փորձն ու գիտելիքները պարտավոր ենք օգտագործել: Ես կարծում եմ, որ թոշակի անցնելուց հետո մարդը, եթե ցանկություն ունի, պիտի շարունակի աշխատել ու նրա համար պիտի բոլոր պայմանները ստեղծվեն համայնքում՝ կլինի քաղաքում, թե գյուղական բնակավայրում: Պիտի այնպես անենք, որ Արթիկում ապրելը հրապուրիչ լինի բոլոր շերտերի, հատկապես՝ երիտասարդների համար, որ վերջիններս չձգտեն գնալ մայրաքաղաք կամ երկրից դուրս»:
Քարոզարշավի շրջանակներում Լևոն Վահրադյանը թիմի հետ այցելել է Արթիկ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրեր: Ասում է՝ գյուղեր կան, որտեղ դեռ խմելու ջրի խնդիր կա, Լեռնակերտում հանդիպման ժամանակ բնակիչները կոնկրետ որակին վերաբերող հարց են բարձրացրել: Թեկնածուն խոսեց նաև գյուղական անբարեկարգ ճանապարհներից:
«Շատ տարիներ առաջ՝ 2015թ.-ին, Հառիճի երջանկահիշատակ համայնքապետ Նազարեթյանի խնդրանքով դպրոցի համար սպորտային գույք էի տարել: Էն ժամանակ էլ դպրոցի ճանապարհն անմխիթար վիճակում էր, հիմա` 10 տարի անց, վիճակն ավելի է վատացել: Էս բոլոր խնդիրներին աշխատելու ենք պարտադիր լուծում տալ»,- խոստանում է Լ. Վահրադյանը: Ինչ վերաբերում է ընտրություններից հետո կոալիցիա կազմելուն, «Հայրենիք» կուսակցության թեկնածուն նշեց, որ քննարկումներ չունեն, կսպասեն արդյունքներին և հետընտրական զարգացումներին:
ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում Լևոն Վահրադյանը նշել է, որ չի աշխատում: Սեփականության իրավունքով մեկ բնակարան ունի Երևանում՝ 67,25 քմ, Արթիկի բնակարանը համասեփականության իրավունքով է՝ 90 քմ և 400 քմ տնամերձ՝ դարձյալ Արթիկ քաղաքում: Լևոն Վահրադյանին է պատկանում 2013թ.-ի արտադրության HONDA ACCORD մակնիշի մարդատար մեքենա: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ թեկնածուի դրամական միջոցները կազմել են 22.000.000 դրամ, 35.000 ԱՄՆ դոլար, 5.200.000 ռուսական ռուբլի, 3000 եվրո:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել