Նոր մեղադրանք է առաջադրվել Ստեփանավանի ԲԿ-ի նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանին
Նոր մեղադրանք է առաջադրվել Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանին՝ առանձնապես խորոշ չափերով հափշտակություն կատարելու համար։ Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը։ Այս մասին «Հետքին» հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Մեղադրանքն առաջադրվել է Ստեփանավանի ԲԿ-ում յուրացումներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Վարույթի վերաբերյալ այլ մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտնում։
Հիշեցնենք, որ Անուշ Իսպիրյանը և ԲԿ-ի նախկին գլխավոր հաշվապահ Նորայր Ղուկասյանը այլ քրական վարույթով էլ են անցնում, որը 25 մլն դրամի հափշտակության վերաբերյալ է։ Այդ գործի շրջանակներում Անուշ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 2-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով և խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) (2 դրվագ), իսկ գլխավոր հաշվապահին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) (2 դրվագ)։
Գործի նախաքննությունն ավարտվել է, այժմ գտնվում է Հակակոռուպցիոն դատարանում։ Նրանց նկատմամբ ընտրվել է պաշտոնավարման կասեցում և երկրից բացակայելու արգելք խափանման միջոցները։
Հիշեցնենք, որ «Հետք»-ը հետաքննություն էր հրապարակել, որտեղ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները պատմել էին, որ տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, ըստ բժիշկների՝ տնօրենը ստիպում էր աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա աշխատակիցներին պարգևավճարներ էր տալիս և հորդորում այդ գումարներով մարել վարկերը։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Բժշկական կենտրոնը կուտեկել էր 80 մլն 212 հազ. դրամի պարտք։
Մեզ դիմած բոլոր բժիշկները ցանկացել էին մնալ անանուն, քանի որ վախենում էին, որ կհետապնդվեն Անուշ Իսպիրյանի և նրա հարազատների կողմից։ Նախկին աշխատակիցների խոսքով՝ Անուշ Իսպիրյանի հայրը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, և Ա. Իսպիրյանը նրա անունն է անընդհատ շահարկել՝ նշելով, որ իր «հովանավորն է»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել