HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանում՝ ՔՊ-ն ու ՀՅԴ-ն․ ինչ գույք ու եկամուտներ ունեն ավագանու թեկնածուները

Կոտայքի մարզի Հրազդան համայնքում հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում պայքարում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ 

2021 թվականին Հրազդանում ընտրապայքարի մեջ էին 4 քաղաքական ուժեր՝ «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Ընտրությունների արդյունքներով՝ բոլոր կուսակցությունները ստացել էին մանդատներ։ Համայնքի ղեկավար էր ընտրվել ՔՊ-ի թեկնածու Սևակ Միքայելյանը։ Նա այս անգամ էլ գլխավորում է կուսակցության ցուցակը։

Հրազդան համայնքի կազմում են Հրազդան քաղաքը և ևս 4 բնակավայր՝ Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի։

«Հետքն» ուսումնասիրել է սպասվող ընտրություններին առաջադրված երկու կուսակցությունների ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերը։

ՔՊ-ի ցուցակը գլխավորում է համայնքապետ Սևակ Միքայելյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված է 49 թեկնածու։ Նրանցից 17-ը կին է, 32-ը՝ տղամարդ։ 7 թեկնածու անկուսակցական է։ Թեկնածուների միջին տարիքը 45 է։ Գործազուրկ է 16 թեկնածու։

Հրազդան (8).jpg (245 KB)

Կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սևակ Միքայելյանը։ Նա 33 տարեկան է։ Սևակ Միքայելյանի հայրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է։

Նա հայտարարագրել է Հանքավանում գտնվող 4917 քառակուսի մետր մակերեսով արտադրական նշանակության շինություն, Հրազդանում գտնվող 2 հասարակական նշանակության շինություններ, որոնցից մեկը մոտ 200 քառակուսի մետր է, մյուսը՝ 1371։ Հայտարարագրել է նաև մեկ հողամաս՝ 1000 քառակուսի մետր մակերեսով և մեկ բնակելի տուն՝ ավելի քան 370 քառակուսի մետր մակերեսով։

Սևակ Միքայելյանը որպես եկամուտ հայտարարագրել է միայն համայնքապետարանից ստացած աշխատավարձը՝ տարեկան 7 մլն 28 հազար դրամ։ Իսկ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ համայնքապետը հայտարարագրել է 1 մլն դրամի դրամական միջոցներ։ Որպես շարժական գույք՝ «Opel Astra» մակնիշի մեքենա։

ՔՊ-ի ամենաշատ դրամական միջոց ունեցող թեկնածուները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամենաշատ դրամական միջոց ունեցող թեկնածուն անհատ ձեռնարկատեր Ժորա Թորոսյանն է։ Նա հայտարարագրել է 18 մլն 200 հազար դրամի դրամական միջոց։ Ժորա Թորոսյանը ցուցակում 14-րդն է։ Երկրորդ ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած թեկնածուն «Ավագ Շին» ՍՊԸ-ի աշխղեկ Գարսևան Կոստանյանն է, որի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմում են 12 մլն 5 հազար դրամ։ Նա ցուցակում 25-րդն է։ Երրորդ ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած թեկնածուն ցուցակի 17-րդ համարն է՝ Անդրանիկ Գրիգորյանը։ Նա «Լյուքս Իմպորտս» ՍՊԸ-ի տնօրենն է, հայտարարագրել է 6 մլն դրամ։

Ցուցակի 2-րդ և 3-րդ համարները նշել են, որ դրամական միջոցներ չունեն։ 2-րդ համարը Հրազդանի համայնքապետի առաջին տեղակալ Վարուժան Սաֆարյանն է, իսկ 3-րդ համարը՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի ղեկավար Թեհմինե Բադալյանը։ Նրանցից բացի՝ դրամական միջոցներ չունի ևս 9 թեկնածու, որոնցից 4-ը գործազուրկ է։ Դրամական միջոցներ չեն հայտարարագրել՝ «Թեղենիս» համատիրության կառավարիչ Նելսոն Ստեփանյանը, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ԿԿԹԿ աղբահանության բաժնի ղեկավար Կորյուն Հակոբյանը, «Հարավ- կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի էլեկտրամեխանիկ Սերոբ Վարդանյանը, DUET DENT ստոմատոլոգիական կլինիկայի ատամնատեխնիկ Վլադիկ Մարտիրոսյանը, անհատ ձեռնարկատեր Հայկ Հովհաննիսյանը։ 

Հրազդան (7).jpg (183 KB)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամենաշատ եկամուտ հայտարարագրած թեկնածուն «Biorizon biotech» ընկերության ագրոխորհրդատու Եղիշե Սարգսյանն է։ Նա տարեկան մոտ 16.5 մլն դրամի եկամուտ է հայտարարագրել՝ «Biorizon biotech» ընկերությունից ստացած աշխատավարձը։ Եղիշե Սարգսյանը ցուցակի 5-րդ համարն է։ Երկրորդ ամենաշատ եկամուտ հայտարարագրած թեկնածուն «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի էլեկտրամեխանիկ Կարեն Օհանյանն է։ Նա հայտարարագրել է տարեկան 15 մլն դրամի եկամուտ, որը ստացել է ձեռնարկատիրական գործունեությունից։ Երրորդ տեղում անհատ ձեռնարկատեր Ժորա Թորոսյանն է՝ 8 մլն 270 հազար դրամի եկամտով։ 

Հրազդան (9).jpg (215 KB)

 ՔՊ-ի ամենաշատ գույք հայտարարագրած թեկնածուն

ՔՊ ցուցակի ամենաշատ գույք ունեցող թեկնածուն Ռազմիկ Պետրոսյանն է, որը, ըստ հայտարարագրի, չի աշխատում։ Նա 41 գույք է հայտարարագրել, բոլորը՝ Սոլակում։ Դրանցից 6-ը վարձակալությամբ վերցված հողամասեր են։ Իսկ մնացած 35 գույքերը թեկնածուի միանձնյա սեփականությունն են։ Դրանց թվում են՝ 31 հողամաս, արտադրական նշանակության 2 շինություն, 2 ավտոմեքենա` «Opel Astra» և «Saz 3507»։ Ռազմիկ Պետրոսյանը 60 տարեկան է, ցուցակում 10-րդն է։ Նա հայտարարագրել է գյուղատնտեսությունից ստացած 6 մլն դրամ տարեկան եկամուտ և 2 մլն դրամ որպես դրամական միջոց՝ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ։

Երկրորդ ամենաշատ գույք հայտարարագրած թեկնածուն «Ավագ Շին» ՍՊԸ-ի աշխղեկ Գարսևան Կոստանյանն է՝ 12 գույք։ Նա ունի 10 հողամաս Քաղսի բնակավայրում, որից 8-ի համասեփականատերն է, 2-ի միանձնյա սեփականատերը, համասեփականությամբ ունի 1 ավտոտնակ և 1 բնակելի տուն՝ մոտ 320 քմ մակերեսով, 2 ավտոմեքենա՝ «Nissan rogue 2.5» և «Nissan rogue 1.5 T» մակնիշների, որոնց միանձնյա սեփականատերն է։

Մերուժան Մարգարյանը, որը գործազուրկ է, չի հայտարարագրել որևէ եկամուտ, սակայն երրորդ ամենաշատ գույք հայտարարագրածն է։ Նա Սոլակ բնակավայրում 8 հողամասի համասեփականատեր է և 1 հողամասի միանձնյա սեփականատեր, ավելի քան 100 քմ տան համասեփականատեր է։ Ունի 2 ավտոմեքենա՝ «Dodge caliber 2.0» և «Volkswagen vento 1.8»։ Մերուժան Մարգարյանը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 1 մլն դրամ։

«Հայ հեղափոխական դաշնակցություն» 

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Վարդան Գևորգյանը, նա իրավաբան է, աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։ Վարդան Գևորգյանը 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին ևս գլխավորել է ՀՅԴ-ի ցուցակը, սակայն ինքնաբացարկ է հայտնել։ Կուսակցությունն այժմ 2 մանդատ ունի Հրազդանի ավագանիում։

Ցուցակը բաղկացած է 11 թեկնածուից` 7 տղամարդ և 4 կին։ Թեկնածուների միջին տարիքը 59 է, անկուսակցական է 3 թեկնածու։ 5 թեկնածու չի աշխատում, 4 թեկնածու աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, 2 թեկնածու էլ՝ «Հրազդան ՋԷԿ» ՓԲԸ-ում։

Հրազդան (6).jpg (237 KB)

ՀՅԴ ցուցակի ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած թեկնածուն «Հրազդան ՋԷԿ» ՓԲԸ-ի մեքենավար Արտակ Ռևազյանն է՝ 5 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար։ Նա ցուցակում 7-րդն է։ Երկրորդ տեղում ցուցակի վերջին համար Արսեն Պողոսյանն է։ Նա հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 7 մլն դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար։ Արսեն Պողոսյանն էլեկտրոմոնտյոր է, աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։ Դրամական միջոցների մեծությամբ երրորդ տեղում գործազուրկ Սվետլանա Աբրահամյանն է։ Նա 7 մլն դրամի դրամական միջոց է հայտարարագրել։ Թոշակառու է, տարեկան 1 մլն 548 հազար դրամ թոշակ է ստանում։ Հրազդանում 2 տուն ունի։

Հրազդան (10).jpg (188 KB)

ՀՅԴ-ի ամենաշատ եկամուտ ունեցող թեկնածուն ցուցակը գլխավորող Վարդան Գևորգյանն է։ Նա ավելի քան 19.3 մլն դրամի ընդհանուր եկամուտ է հայտարարագրել, որից 12.3 մլն դրամը՝ վարկ, իսկ 7 մլն դրամը՝ տարեկան աշխատավարձ։ Ըստ հայտարարագրի՝ Վարդան Գևորգյանը չունի որևէ անշարժ և շարժական գույք։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 5 մլն դրամ և 1110 եվրո։

Ամենաշատ եկամուտ ստացող երկրորդ թեկնածուն Արսեն Պողոսյանն է, նա հայտարարագրել է 9.5 մլն դրամի ընդհանուր եկամուտ, որից 5.3 մլն դրամը՝ վարկեր, իսկ 4.2 մլն դրամը՝ տարեկան աշխատավարձ։ Թեկնածուն ունի նաև 73.98 քմ մակերեսով տուն՝ Հրազդան քաղաքում և մեկ ավտոմեքենա՝ «Nissan sentra»։

Եկամտի մեծությամբ երրորդ տեղում ցուցակի 6-րդ համար Սուրեն Դավթյանն է։ Նա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ճարտարապետ է։ Հայտարարագրել է 8.8 մլն դրամի եկամուտ, որից 1.8 մլն դրամը՝ վարկ, 6.2 մլն դրամը՝ տարեկան աշխատավարձ, 800 հազար դրամը՝ տարեկան թոշակ։ 

Հրազդան (11).jpg (212 KB)

Ամենից շատ գույք հայտարարագրել է ցուցակի 9-րդ համար Մայիս Հայրապետյանը։ Նա 73 տարեկան է, Սոլակում 5 հողամաս, 160 քմ մակերեսով տուն և 207 քմ մակերեսով շինություն ունի։

Արտակ Ռևազյանը, որ ամենաշատ դրամական միջոցն էր հայտարարագրել, երկրորդ ամենաշատ գույք ունեցողն է։ Հրազդանում 2 բնակարան ունի, որից մեկը՝ բաժնային սեփականությամբ, մեկ բնակարան էլ՝ 74.6 քմ մակերեսով, Երևանում։ Թեկնածուն հայտարարագրել է նաև մոտ 130 քմ մակերեսով տուն Հրազդան քաղաքում, ինչպես նաև՝ մեկ հողատարածք։ «Nissan sentra» մակնիշի 1 ավտոմեքենա ունի։

Ցուցակի 2-րդ համարը Լուսինե Թադևոսյանն է, նա աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես հսկիչ։ Լուսինե Թադևոսյանը երրորդ ամենաշատ գույք հայտարարագրած թեկնածուն է՝ 5 գույք, որից 4-ը՝ հողամաս Հրազդանում, նաեւ՝ 74.12 քմ մակերեսով տուն։ 

*Թեկնածուները ներկայացրել են հայտարարագրման պահին նախորդող մեկ տարվա եկամուտները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter