Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտգործնախարարի հետ
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Նախարարն իր շվեդ գործընկերոջը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, այդ թվում տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության թիրախավորման և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման դեպքերը:
Զոհրաբ Մնացականյանն իր խորը մտահոգությունը հայտնեց Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:
ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց առաջիկայում նախարար Լինդեին հյուրընկալել Հայաստանում, ինչը լավ հնարավորություն կընձեռի երկկողմ օրակարգին առնչվող հարցերի քննարկման և համագործակցության հետագա ծրագրերի ուղենշման համար»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել