Ռանչպարի փլուզված կամուրջը դեռ չի վերականգնվել․ բնակիչները շարունակում են երթևեկել վտանգավոր հատվածով
Սեպտեմբերի 19-ին Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայր տանող կամուրջը մասնակի փլուզվել է։ Այդ պահին կամրջով բեռնատար էր անցնում։ Մեքենան կողաշրջվել է։ Տուժածներ, բարեբախտաբար, չեն եղել։
Կատարվածն անսպասելի չէր այն մարդկանց համար, ովքեր ամեն օր օգտվում են կամրջից։ Վարչական ղեկավար Վահան Վարդանյանը կամրջի վթարային վիճակի մասին պարբերաբար տեղեկացրել է մարզպետարանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
«Մենք չենք թողել փլուզվի, նոր ասենք՝ եկեք, այսպիսի խնդիր ունենք, միշտ ասել ենք՝ փլուզման վտանգ կա, եկեք մի հատ հասկանանք։ Բազմիցս դիմել եմ: Ինչքան դիմելու տարբերակ կա, օգտագործել եմ՝ է՛լ գրավոր, է՛լ զեկուցագրերով, է՛լ բանավոր, է՛լ ընկերական, է՛լ խնդրանքով: Երկու տարուց ավելի։ Մենք նախադեպ ունեցել էինք փլուզման վտանգի։ Այդ ժամանակվանից մինչև այդ օրը ես էդ վտանգի մասին բարձրաձայնել եմ»,-ասում է նա։
Ռանչպարի դպրոցը ներկայումս հիմնանորոգվում է, երեխաները հաճախում են հարևան Սիս գյուղի դպրոց։ Փլուզումից օրեր առաջ վարչական ղեկավարը կամրջով երթևեկելիս դրա վրա ճաքեր ու փոքր անցքեր է նկատել, դպրոցական ավտոբուսների վարորդներին հրահանգել է աշակերտներին սպասել գյուղի սկզբնամասում՝ մինչև կամրջին հասնելը։
«Ես անձամբ երթևեկում եմ էդ կամրջի վրայով, երբ զուգահեռ ծանր մեքենա էր գալիս, էդ ճոճը զգացվում էր։ Հաշվի առնելով այդ վթարային վիճակը՝ ունեինք կանխազգացում, որ մի օր լինելու է դեպքը, ոնց որ կամուրջն ինքն իրենով արդեն հուշում էր, որ փլվելու է»,- ասում է վարչական ղեկավարը։
Դեպքի մասին Վահան Վարդանյանը տեղեկացրել է Մասիսի համայնքապետարանին, նույն օրը Արարատի մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Յուրի Մարտիրոսյանն այցելել է Ռանչպար, վարչական ղեկավարին հավաստիացրել, որ կամրջի վերանորոգման հարցով կդիմի պատասխանատու կառույցներին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և ճանապարհային դեպարտամենտ։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն էլ սահմանազատել են տարածքն ու վարչական ղեկավարին հայտնել, որ ինքը պետք է գնահատի կամրջի հետագա շահագործման ռիսկայնությունը։
Փլուզումից օրեր անց՝ սեպտեմբերի 25-ին Ճանապարհային դեպարտամենտը հայտնել է, որ 13 կմ ճանապարհահատվածի, այդ թվում՝ կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ փլուզված կամուրջն առանձնացվել է ընդհանուր նախագծից և հրատապության կարգով ժամանակավորապես կվերականգնվի՝ մինչև հիմնական աշխատանքների մեկնարկը։ Վերականգնման աշխատանքները, ըստ հաղորդագրության, պետք է մեկնարկեն հնարավորինս շուտ։ Դեպարտամենտի հաղորդագրությունում կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքների մեկնարկի կոնկրետ օր նշված չէ։
Փոխարենը Ճանապարհային դեպարտամենտն առաջարկում է 40 մետր երկարությամբ փլուզված կամուրջը շրջանցելու համար մի քանի կմ ճանապարհ անցնել։
«Վարորդներին առաջարկում ենք երթևեկության համար փակ կամուրջը շրջանցող հետևյալ 2 ուղղությունները՝ Մ-2 ավտոճանապարհից Ռանչպար երթևեկել Դիմիտրովի տրանսպորտային հանգույցից դեպի Արաքսավան (Տ-2-28), այնուհետև՝ դեպի Ռանչպար բնակավայր։ Մ-3 ավտոճանապարհից դեպի Ռանչպար բնակավայր երթևեկել Հ-12-ով՝ Ջրառատ և Արաքս բնակավայրերով»,-նշված է դեպարտամենտի հաղորդագրությունում։
Ավելի քան 25 օր է անցել փլուզումից, սակայն կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքները չեն սկսվել, բնակիչներն էլ դիմել են վարչական ղեկավարին եւ պահանջել թեթև մարդատար մեքենաների համար բացել կամրջի երթևեկելի հատվածը։
Մեր այցելության պահին Ռանչպարի դպրոցականները ծնողների ուղեկցությամբ կամրջի վրայով ոտքով գնում էին գյուղ։
Ռանչպարի բնակիչ Վրեժ Ադամյանը ամեն օր կամրջով երթևեկում է, ասում է՝ վերջին մի տարվա ընթացքում զգացել են, որ կամուրջը թուլացել է։
«Ես շատ եմ վախենում, երեխեքի համար, երեխեք են անցնում կամրջով ամեն օր, բա որ մի բան լինի, պարտադիր ուզում են դժբախտ պատահար լինի, որ հասկանան պետք է արագացնե՞ն»,-ասում է Վրեժ Ադամյանը։
Մեկ այլ բնակիչ՝ Անժելիկա Խաչատրյանն էլ, որ երեխաների հետ անցնում էր կամրջով, նշում է՝ փլուզման պատճառը բեռնատարներն են։ Անժելիկա Խաչատրյանը կարծում է՝ Կառավարությունում տեղյակ չեն, որ իրենց գյուղի կամուրջը քանդվել է, եթե տեղյակ լինեին, վաղուց վերանորոգած կլինեին։
Մասիս-Ռանչպար երթուղային տրանսպորտն այլևս գյուղ չի մտնում, կանգնում է Ռանչպարի սկզբնամասում։ Բնակիչներն այնտեղ իջնում ու ոտքով կամ սեփական մեքնաներով են ճանապարհը շարունակում։
Տոնիկ Ավագյանը կնոջ հետ Մասիսից Ռանչպար էր վերադառնում։ Կամուրջը ոտքով պետք է անցնեն, ապա գյուղի միջով շարունակեն ճանապարհը դեպի տուն։ Տոնիկը կարծում է, որ կամրջով անցնելը վտանգավոր է, բայց այլ տարբերակ չի տեսնում, ամեն օր չի կարող շրջանցիկ ճանապարհով տաքսիով գյուղ հասնել։
Շրջանցիկ ճանապարհը բոլորի համար չէ, որ լուծում է։ Արմինե Հակոբյանը (անուն, ազգանունը փոխված է) ուսանող է, սովորում է երկրորդ հերթով, երեկոյան ուշ է գյուղ հասնում, շրջանցիկ ճանապարհով տուն գնալը հավելյալ ծախս է։
«Մենակ ես չեմ, գյուղում շատ երիտասարդներ կան, որ աշխատում են, ուսանող են ու ուշ են հասնում գյուղ, հասկանու՞մ եք, եթե Արաքսավանով կամ Ջրառատով գյուղ հասնենք, շրջանցիկ ճանապարհով անցնելու համար հավելյալ գումար պետք է վճարենք, ոչ բոլորս ունենք այդ հնարավորությունը, դրա համար ստիպված ենք անցնել վտանգավոր կամրջով»,-ասում է նա։
Փլուզումից հետո առաջին օրերին գյուղ հասնելը խնդիր էր դարձել նաև շտապօգնության և սննդի առաքման մեքենաների համար։
«Գյուղացիները հավաքվեցին, եկան վարչական շենք, ասացին՝ ճանապարհ հատկացրեք, հիմա բացել ենք թեթև մարդատարների համար, ու վտանգավոր կամուրջը հիմա շահագործվում է, ոչ բոլորն են շրջանցում, երկար ճանապարհ է, պիտի հասնեն Արաքսավան, Ջրառատ»,-ասում է վարչական ղեկավարը։
Կամրջի վերանորոգումը համայնքի իրավասությունից դուրս է։ Համայնքապետարանը սեփական միջոցներով չի կարող վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ Սեպտեմբերի 19-ից մինչ օրս Արարատի մարզպետարանից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից կապ չեն հաստատել վարչական ղեկավարի հետ։
Ներքին գործերի նախարարությունից «Հետքին» հայտնել են, որ փրկարար ծառայության աշխատակիցները փլուզման օրը սահմանազատել են տարածքը, հավելյալ տեղեկություն ստանալու համար ՆԳՆ-ից առաջարկել են գրավոր հարցում ուղարկել։
Ռանչպարի կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքների մեկնարկի ժամկետը դեռ հայտնի չէ։ Մինչ այդ Ռանչպարի բնակիչները ստիպված են ընտրություն կատարել շրջանցող երկար ճանապարհների և վտանգավոր կամրջով երթևեկելու միջև։
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար «Հետքը» գրավոր հարցումներ է ուղարկել Ներքին գործերի նախարարություն, Ճանապարհային դեպարտամենտ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Պատասխանները կհրապարակենք ստանալուն պես։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել