Առողջության ապահովագրության պայմանագրերը կկնքվեն միասնական էլեկտրոնային համակարգով
Կառավարությունը նախատեսում է փոփոխել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի, բժշկական կազմակերպությունների և դեղատների միջև պայմանագրերի կնքման կարգը։ Փոփոխություններով պայմանագրային գործընթացը կտարածվի նաև չապահովագրված անձանց համար նախատեսված բժշկական ծառայությունների վրա, կսահմանվեն հատուկ պայմաններում մատուցվող որոշ ծառայությունների պայմանագրերի ձևեր, իսկ փաստաթղթաշրջանառությունը կտեղափոխվի միասնական էլեկտրոնային համակարգ։ Այդ նպատակով Կառավարության որոշման նախագիծ է ներկայացվել հանրային քննարկման։
Ներկայումս գործող կարգը հաստատվել է Կառավարության՝ 2025թ.-ի դեկտեմբերի 25-ի որոշմամբ։ Այն նախատեսում է, թե ինչպես պետք է Հիմնադրամը պայմանագրեր կնքի բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ, ինչպես նաև սահմանում է այդ պայմանագրերի կնքման նվազագույն պահանջները։ Սակայն կարգավորումները հիմնականում վերաբերում են ապահովագրական փաթեթի շահառուների սպասարկմանը։
2026թ.-ի ապրիլի 7-ին «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում կատարված փոփոխություններով ընդլայնվել են Հիմնադրամի գործառույթները։ Դրա կարգավորման շրջանակում են ներառվել նաև պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության նվազագույն ծավալը և լրացուցիչ ծառայությունները, որոնք նախատեսված են չապահովագրված անձանց համար։
Այս փոփոխություններից հետո առաջացել է գործող կարգը նոր օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտություն։ Մասնավորապես, պետք է սահմանվեն նաև չապահովագրված անձանց բժշկական օգնություն տրամադրող կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման ընթացակարգերն ու նվազագույն պահանջները։
Առանձին պայմանագրեր կսահմանվեն նաև հատուկ ծառայությունների համար
Նախագծով նախատեսվում է պայմանագրային կարգավորումների մեջ ներառել նաև հատուկ պայմաններում մատուցվող բժշկական ծառայությունները։ Դրանք վերաբերում են, մասնավորապես, դատաբժշկական և ախտաբանաանատոմիական ծառայություններին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բժշկական օգնությանը։
Այս ծառայությունների համար գործող կարգում նախատեսված չեն Հիմնադրամի և ծառայություն մատուցողների միջև կնքվող պայմանագրերի համապատասխան օրինակելի ձևերը։ Նախագծի ընդունմամբ դրանք կսահմանվեն, և այդ հարաբերությունները նույնպես կկարգավորվեն միասնական ընթացակարգով։
Նախագծի մյուս հիմնական փոփոխությունը պայմանագրերի կնքման և դրանց հետ կապված ընթացակարգերի ամբողջական տեղափոխումն է Հիմնադրամի էլեկտրոնային համակարգ։
Գործող կարգով պայմանագրերի կնքման որոշ գործողություններ հնարավոր է իրականացնել էլեկտրոնային փոստով, սակայն գործընթացը դեռ ամբողջությամբ ներառված չէ միասնական համակարգում։
Նոր կարգավորմամբ բժշկական կազմակերպություններին և դեղատներին պայմանագիր կնքելու նվազագույն պահանջների ներկայացումը, դրանց ընդունումը, պայմանագրի պայմաններին և փոփոխություններին համաձայնություն տալը, ինչպես նաև պայմանագրերից բխող մյուս հարաբերությունները կիրականացվեն բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ թղթային և էլեկտրոնային փոստով իրականացվող փաստաթղթաշրջանառությունը դանդաղեցնում է գործընթացները, մեծացնում սխալների հավանականությունը և ամբողջությամբ չի ապահովում տվյալների արժանահավատությունը։ Էլեկտրոնային միասնական համակարգին անցումը, ըստ նախագծի հեղինակների, պետք է կրճատի փաստաթղթաշրջանառությունը, պարզեցնի պայմանագրերի կնքումը և բարձրացնի տվյալների ու հատուցումների արժանահավատությունը։
Նախագիծը մշակել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը։ Դրա ընդունման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում։
Լուսանկարը՝ pixabay.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել