HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իլոն Մասկի SpaceX-ը սահմանափակել է Starlink-ի աշխատանքը՝ խաթարելով Ուկրաինայի զինուժի գործունեությունը

Միլիարդատեր Իլոն Մասկի ընկերությունը՝ SpaceX-ը, սահմանափակել է Starlink արբանյակային ինտերնետի արագությունը Ուկրաինայում, ինչը խափանել է Կիևի անօդաչու թռչող սարքերի աշխատանքը։

Այսօր Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտնել է, որ SpaceX-ը սահմանափակել է ռազմական Starlink տերմինալների արագությունը, ինչի հետևանքով ձախողվել է Ուկրաինայի զինված ուժերի մի քանի գիշերային օպերացիա:

«Մեր պաշտպանական ուժերին այս սահմանափակման մասին որևէ նախազգուշացում չի տրվել, ինչի հետևանքով խափանվել է մի քանի օպերացիա»,-գրել է Սերգեյ Բեսկրեստնովը իր Telegram ալիքում:

Արագության սահմանափակումը 10-15 վայրկյանով հետաձգում է կապը անօդաչու թռչող սարքերի հետ և խաթարում դրանց հեռավար կառավարումը։

Starlink-ի արբանյակային ինտերնետի ծառայությունները կենսական նշանակություն ունեն ուկրաինական ռազմական օպերացիաների համար։ Ուկրաինայի զինված ուժերը լոգիստիկ, կապի և այլ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում կախված են Starlink-ից։

Սա զայրացրել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկուն։

«Հե՜յ, մեծն @elonmusk, էլի քաղաքական խաղե՞ր ես խաղում քո արտադրանքի միջոցով։ Որպես քո եվրոպացի հաճախորդներ՝ մենք հետևում ենք քեզ»,- գրել է Սիկորսիկն X-ի իր հաշվում՝ գրառման մեջ նշելով Իլոն Մասկին։

Ո՛չ SpaceX-ը, ո՛չ Իլոն մասկը դեռ մեկնաբանություն չեն տվել։

Այս զարգացումը կապվում է ԱՄՆ-Ուկրաինա հարաբերություններում մի շարք տարաձայնությունների հետ։

Մասնավորապես, Ռուսաստանի հետ դիզելային գործարքի համատեքստում ԱՄՆ-ն պահանջել էր Ուկրաինայից չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին։

Թրամփը նաև հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան էներգետիկ հրադադարի համաձայնություն են ձեռք բերել, չնայած Ռուսաստանը շարունակել էր հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Երեկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինան արևմտյան գործընկերներից չի ստացել ռուսական հարվածների մասին տեղեկատվություն և նախազգուշացում։

Թրամփը հերքել էր սա՝ նշելով, որ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին։

Գլխավոր լուսանկարը՝ Clodagh Kilcoyne/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter