Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Երևանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ Իրանում առկա մտահոգությունների թեմային։ Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ իրանական կողմը վստահում է իր հայ բարեկամներին, և Թեհրանում գիտեն, որ Հայաստանը ոչինչ չի անի Իրանի անվտանգության դեմ։
«Մենք մտահոգություն ունենք տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայության վերաբերյալ, բայց կոնկրետ այս հարցում մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ և վստահում ենք նրանց»,- հայտարարել է իրանցի պաշտոնյան։
Արաղչիի պնդմամբ՝ Իրանը շարունակում է խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ։ «Իմ լավ բարեկամ, Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերջերս Թեհրանում էր։ Մենք լավ խորհրդակցություններ ունեցանք, իսկ այսօր մեր նախագահը կհանդիպի վարչապետ Փաշինյանի հետ՝ վերջին երկու շաբաթվա մեջ երկրորդ անգամ։ Այսպիսով՝ մենք սերտ կապի մեջ ենք»,- նշել է Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին։
Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս մտահոգություններ էր հայտնել Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ՝ հիմնականում տարածաշրջանում ԱՄՆ ներկայության հնարավոր ընդլայնման, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաև հայ-իրանական սահմանի կարգավիճակի հնարավոր փոփոխության հետ։
Թեհրանը հատկապես դեմ էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին՝ շեշտելով, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունն անընդունելի է։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Հայաստանի և Իրանի միջև տեղի ունեցան մի շարք քննարկումներ։
2026 թվականի սեպտեմբերին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարեց, որ Թեհրանը չի առարկի նախագծի իրականացմանը, եթե պահպանվի Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և բացառվի ԱՄՆ ռազմական ներկայությունը, որը կարող է սպառնալ Իրանի անվտանգությանը։
Հոկտեմբերի 5-ին Թեհրանում կայացած հանդիպումների ընթացքում Հայաստանի արտաքին գործերերի նախարար Արարատ Միրզոյանը իրանական կողմին ներկայացրել էր նախագծի իրականացման ընթացքը։ Հոկտեմբերի 16-ին Միրզոյանը հայտարարեց, որ իրանական կողմի հարցերին տրվել են պատասխաններ, և իր տպավորությամբ՝ Թեհրանը գոհ է գործընթացից։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել