HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան

Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ի որոշմամբ՝ Երևանի քաղաքապետարանում սահմանվել են Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պաշտոնային ամսական դրույքաչափերը, ըստ այդմ՝ քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան։

Թեև ավագանու ընդդիմադիր անդամներն առաջարկեցին հարցը դարձնել զեկուցվող, այնուամենայնիվ, Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնեց, թե աշխատավարձերի բարձրացում այսօր չեն իրականացնում, պարզապես ֆիքսում են գործակիցները, և նախագիծը զեկուցվող դարձնելու հարցին դեմ քվեարկեցին։

«Իրականում, եթե մենք համեմատենք աշխատավարձ-պարգևավճար համադրությունը, ապա ֆիքսված թվերով, որոնք հետագայում կլինեն, ըստ էության, երևի մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում»,- հայտնեց Գալջյանը։

Ըստ որոշման նախագծի՝ աշխատավարձերը կհաշվարկվեն այսպես. բազային աշխատավարձը կբազմապատկվի յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանված գործակցով։ Իսկ բազային աշխատավարձի չափը նախատեսվում է սահմանել Երևան քաղաքի յուրաքանչյուր տարվա բյուջեի նախագծով։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից:

Նախագծի հավելվածով սահմանվել է յուրաքանչյուր հաստիքի մասով համապատասխան գործակիցը։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար սահմանվել է ամենաբարձր գործակիցը՝ 25 միավոր, քաղաքապետի առաջին տեղակալի համար՝ 23, տեղակալներինը՝ 22։

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է քաղաքապետարանի պաշտոնյանների աշխատավարձերի բարձրացմանը։

«Քաղաքապետ՝ 1,320,000-ից՝ 2,080,000 դրամ, աճը՝ 760,000 դրամ,

Քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1,020,000-ից՝ 1,913,600 դրամ, աճը՝ 893,600 դրամ,

Քաղաքապետի տեղակալ՝ 952,000-ից՝ 1,830,400 դրամ, աճը՝ 878,400 դրամ,

Վարչական շրջանի ղեկավար՝ 850,000-ից՝ 1,248,000 դրամ, աճը՝ 398,000 դրամ,

Քաղաքապետի խորհրդական՝ 629,000-ից՝ 915,200 դրամ, աճը՝ 286,200 դրամ,

Իսկ օրինակ Վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձն ընդամենը 47,840 դրամով է բարձրանում։

Այս նախագծում ո՛չ մի խոսք չկա «Երևան ավտոբուս»-ի վարորդների աշխատավարձերի բարձրացման մասին։

Ո՛չ մի խոսք չկա «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի՝ ամեն օր Երևանի փողոցները մաքրող աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին։

ՔՊ-ի պատկերացմամբ Երևանը միայն քաղաքապետարա՞նն է, թե՞ նաև այն մարդիկ, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ քաղաքն ապրում է։

Երևանի բյուջեն քաղաքապետարանի ղեկավարության անձնական բյուջեն չէ՝ դա երևանցիների գումարն է։

Սեփական աշխատավարձերը վերանայելուց առաջ գուցե արժե՞ր հիշել նաև նրանց, ովքեր ամեն օր իրական աշխատանքով սպասարկում են Երևանը»,- գրել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter