HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

1.5 տարում Երեւանյան առանձին ավիաջոկատը 3 ինքնաթիռ կորցրեց

1970-1971 թթ. հայկական քաղավիացիայում 3 պատահար գրանցվեց, սակայն, բարեբախտաբար, զոհեր չեղան:

1970-ի մայիսի 4-ին Երեւանի մոտ վթարի ենթարկվեց Քաղավիացիայի հայկական վարչության Երեւանյան առանձին ավիաջոկատի 113-րդ թռիչքային ջոկատի «Ան-2ՍԽ» ինքնաթիռը (խորհրդային գրանցումը՝ СССР-05631):

Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին ավիաջոկատները համարժեք էին ներկայիս ավիաընկերություններին, դրանք գործում էին միմյանցից անկախ, բայց քանի որ բոլորն էլ պետական էին, ենթարկվում էին համապատասխան միութենական հանրապետության քաղավիացիոն իշխանությանը: Ավիաջոկատների կազմում գործում էին մեկ կամ մի քանի թռիչքային ջոկատներ, որոնք մասնագիտացած էին կոնկրետ տեսակի օդանավերի շահագործման մեջ:

1965-ի սեպտեմբերին ձեւավորված Երեւանյան առանձին ավիաջոկատի կազմում սկզբնապես գործում էր 113-րդ թռիչքային ջոկատը, իսկ ահա 1967-ի հոկտեմբերին ձեւավորվեց նորը՝ 279-րդ թռիչքային ջոկատը: 113-րդի շահագործմանը մնացին «Ան-2», «Յակ-12», հետագայում՝ «Յակ-40» տիպի օդանավերը, իսկ 279-րդին անցան ավելի տարողունակ ու ծանր ինքնաթիռները՝ «Իլ-14», «Իլ-18», հետագայում՝ «Տու-134», «Տու-154», «Իլ-86»: 

СССР-05631-ի պատահարի մասին շատ տեղեկություններ չկան: Հայտնի է, սակայն, որ 1955-ին արտադրված օդանավը զգալիորեն վնասվել է կոշտ վայրէջքի հետեւանքով: «Ան-2ՍԽ»-ն գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված ինքնաթիռ էր: Հայտնի է նաեւ, որ 1963-ի տարեվերջի դրությամբ այն արդեն իսկ 4 անգամ վերանորոգվել էր, որից 3-ը եղել է կապիտալ վերանորոգում: Սակայն 1970-ի վթարից հետո օդանավը ենթակա էր դուրսգրման:

1970-ի հոկտեմբերի 16-ին գրանցվեց եւս մեկ պատահար, սակայն այս անգամ՝ Հայաստանի տարածքից դուրս: Երեւանյան առանձին ավիաջոկատի 279-րդ թռիչքային ջոկատի կողմից շահագործվող «Իլ-18Վ» տիպի ինքնաթիռը (խորհրդային գրանցումը՝ СССР-75578) վթարի ենթարկվեց Ուկրաինայի տարածքում՝ Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքի օդանավակայանում: Այս վթարի մասին եւս շատ ինֆորմացիա չկա, բայց հայտնի է, որ ուղեւորատար օդանավի 4 շարժիչներից մեկն օդում՝ թռիչքի ժամանակ, խափանվել է: «Իլ-18Վ»-ն հարկադիր վայրէջք է կատարել Սիմֆերոպոլում (հայտնի չէ, թե ինչ երթուղով էր թռչում այն): Այդուհանդերձ, վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել վազքուղուց եւ զգալիորեն վնասվել:

Ընդ որում՝ սա համեմատաբար թարմ ինքնաթիռ էր, արտադրվել էր 1965-ին, բայց մի անգամ էլ վնասվել էր 1969-ի օգոստոսին Եկատերինբուրգի (այն ժամանակ՝ Սվերդլովսկի) «Կոլցովո» օդանավակայանում, երբ քարշակման ժամանակ ինքնաթիռի ձախ թեւը բախվել էր տարածքից չհեռացված շարժասանդուղքին: Ի տարբերություն այդ դեպքի՝ 1970-ի պատահարից հետո «Իլ-18Վ»-ն այլեւս պիտանի չէր շահագործման եւ շուտով դուրս գրվեց:

Լեհաստանում արտադրված «Ան-2Ռ» տիպի ինքնաթիռ, Կրակով, 2022 թ. դեկտեմբեր, հեղ.՝ Եվգենի Դանինի, transportpedia.org 

Դրանից մոտ մեկ տարի անց՝ 1971-ի նոյեմբերի 22-ին, Երեւանի մոտ մեկ այլ պատահար գրանցվեց: Գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված եւ 1963-ին արտադրված «Ան-2Ռ»-ն (խորհրդային գրանցումը՝ СССР-62760), որը շահագործում էր 113-րդ թռիչքային ջոկատը, խախտելով թռիչքների իրականացման ձեռնարկի պահանջները, վայրէջք կատարեց ոչ թե թռիչքադաշտի երկայնքով, այլ լայնքով, ինչի հետեւանքով դուրս եկավ տարածքից ու վթարվեց, իսկ ավելի ուշ դուրս գրվեց:

Այսպիսով՝ շուրջ 1.5 տարում՝ 1970-ի մայիսից մինչեւ 1971-ի նոյեմբեր, Երեւանյան առանձին ավիաջոկատը կորցրեց 3 ինքնաթիռ՝ 2 հատ «Ան-2» (գյուղատնտեսական) եւ 1 հատ «Իլ-18» (ուղեւորատար): Բայց ամենակարեւորն այն էր, որ զոհեր չեղան:

Առաջին լուսանկարում՝ «Իլ-18Վ» տիպի ինքնաթիռ, Չիտա, Ռուսաստան, 2008 թ., հեղ.՝ Անդրեյ Զախարենկո, russianplanes.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter