Դեպի Մոնղոլիա արտահանումները սակագնային արտոնություններ կստանան
ԵԱՏՄ-ն և Մոնղոլիան առևտրային համաձայնագիր են ստորագրել․ նպատակն է պարզեցնել առևտուրը և ավելացնել դեպի Մոնղոլիա արտահանման ծավալները: Ըստ հիմնավորման՝ կողմերը պատրաստ են որոշակի ապրանքների համար սակագնային արտոնություններ տրամադրել։
Մեր երկրի հետաքրքրությունների շրջանակից այդ ապրանքների թվում են՝ ծխախոտը (Մոնղոլիայի դրույքաչափը 30%), կոնյակը (դրույքաչափը 15%), շոկոլադը (դրույքաչափը 5%), հանքային ջուրը (դրույքաչափը 5%), պահածոյացված մրգերը (դրույքաչափը՝ 5%)։ Համաձայնագրով Հայաստանի արտադրողների համար տվյալ երկրի շուկայում ավելի մրցունակ պայմաններ կսահմանվեն։
Ըստ կառավարության՝ Հայաստանից Մոնղոլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքի միջին դրույքաչափը 7,5%-ից կիջնի մինչև 1,2%։ Արդյունքում՝ Հայաստանից Մոնղոլիա արտահանման ժամանակ մաքսատուրքի արտոնություններից տնտեսումները կարող են կազմել տարեկան մինչև 1 մլն ԱՄն դոլար։
Հայաստանից Մոնղոլիա արտահանումները 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում եղել են 185 հազ ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 153 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Իսկ 2022-ի տարեկան ընդհանուր արժեքը կազմել է 900 հազար ԱՄՆ դոլար։
Մեկնաբանել