Մաքսային և քրեակատարողական ծառայությունների որոշ պաշտոններում հնարավոր կլինի նշանակել առանց մրցույթի և ընդհանուր պահանջների
Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Մաքսային ծառայության մասին» և «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքներում։ Նախագծերով նախատեսվում է մաքսային և քրեակատարողական ծառայությունների առանձին պաշտոններում նշանակումներ կատարել առանց գործող օրենքներով սահմանված ընդհանուր ընթացակարգերի և պահանջների պահպանման։ Նշանակումները կիրականացվեն վարչապետի որոշմամբ սահմանված կարգով՝ օպերատիվ-հետախուզական խնդիրների լուծման նպատակով։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Արդարադատության նախարարությունը։
Գործող օրենսդրությամբ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար թեկնածուն պետք է բավարարի մի շարք պահանջների։ Դրանց թվում են մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելը, համապատասխան հավաստագիր ստանալը և թեկնածուների ցուցակում ընդգրկվելը։
Քրեակատարողական ծառայության պաշտոնների համար նույնպես սահմանված են կրթության, աշխատանքային ստաժի և այլ չափանիշների պահանջներ։ Պաշտոնների համալրումն իրականացվում է օրենքով նախատեսված կարգով, այդ թվում՝ մրցույթի միջոցով։
ԱԱԾ-ն առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորում է մաքսային և քրեակատարողական ծառայությունների առանձին պաշտոնների գործառութային առանձնահատկություններով և օպերատիվ-հետախուզական խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ։
Ըստ նախագծերի հեղինակների՝ գործող պահանջները կարող են սահմանափակել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ ունեցող անձանց ներգրավումը և խոչընդոտել օպերատիվ-հետախուզական գործառույթների արդյունավետ իրականացմանը։
Նախագծերով առաջարկվում է օրենքներում ամրագրել, որ այդ նպատակով առանձին պաշտոններում նշանակումները կարող են կատարվել առանց տվյալ պաշտոնների համար գործող օրենքներով սահմանված նշանակման ընթացակարգերի պահպանման։ Դրանց կարգը կսահմանի ՀՀ վարչապետը։
Այսպիսով, առաջարկվող փոփոխություններով վարչապետի որոշմամբ կսահմանվի հատուկ ընթացակարգ, որով հնարավոր կլինի շրջանցել մաքսային և քրեակատարողական ծառայությունների առանձին պաշտոնների համար գործող ընդհանուր նշանակման պահանջները։
Նախագծով չի հստակեցվում, թե կոնկրետ որ պաշտոնների մասին է խոսքը, քանի պաշտոնի վրա կտարածվի բացառությունը և այլն։ Նախագծում նշված է «մաքսային ծառայության գլխավոր խմբի առանձին պաշտոններում նշանակումներ» և «քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի առանձին պաշտոններում նշանակումներ» ձևակերպումները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել