Արտաշատի համայնքապետը պատգամավոր Իրինա Յոլյանից պահանջում է 2 մլն դրամի փոխհատուցում
Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի դեմ։ Նա պահանջում է պարտավորեցնել պատգամավորին հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցված՝ զրպարտություն համարվող փաստական տվյալները, ներողություն խնդրել, ինչպես նաև հօգուտ իրեն բռնագանձել 2 մլն դրամ՝ որպես զրպարտության փոխհատուցում։
2026թ.-ի հոկտեմբերի 29-ին Իրինա Յոլյանը Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալիս հայտարարել էր, որ ՔՊ-ական համայնքների որոշ ղեկավարներ ընկերություններ են հիմնել և պետական բյուջեի հաշվին անորակ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնում։ Նրա խոսքով՝ այդ ընկերություններում ներգրավված են նաև համայնքապետերի ընտանիքի անդամները՝ քույրերը, եղբայրները, ծնողները և այլ հարազատներ։
«Ինչքան ՔՊ-ական համայնքների ղեկավարներ կան, ընդ որում կարկառուն, բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն ասֆալտապատման՝ անորակ ասֆալտապատման աշխատանքներով։ Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր, բոլորը լծված են պետական բյուջեն մսխելով», հայտարարել էր Իրինա Յոլյանը։
Պատգամավորի պնդմամբ՝ ասֆալտապատման աշխատանքներն ավարտելուց ընդամենը մեկ ամիս անց ճանապարհները քանդել են։ Նաև նշել էր, որ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան, սակայն Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն համապատասխան գործողություններ չեն իրականացնում և «սերիալներ» ու «մարտաֆիլմեր» չեն նկարում։
«Որովհետև բոլորը պորտալարով կապված են իշխանության հետ»,- հայտարարել էր Իրինա Յոլյանը։
Կառլեն Մկրտչյանը հայցը ներկայացրել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Շուշան Ղազարյանին։ Հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռևս կայացված չէ։
Հիշեցնենք, որ նույն ելույթի համար Իրինա Յոլյանի դեմ դատական հայց է ներկայացրել նաև Թալին համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տավրոս Սափեյանը։
Սափեյանն էլ պահանջում է պարտավորեցնել Յոլյանին հրապարակայնորեն հերքել Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած հայտարարությունները, ինչպես նաև վճարել 3 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել