Փաստաբանը մեղադրվում է վստահորդից 820 հազար դրամ գողանալու փորձի մեջ․ նա պնդում է՝ գումարը վերցրել էր ի պահ
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է իր վստահորդից 820 հզր դրամի գողության փորձ կատարելու մեջ։ Սակայն վերջինս չի ընդունում մեղադրանքը և պնդում է, որ իր վստահորդի գույքը ի պահ է վերցրել՝ անվտանգությունն ապահովելու նպատակով։
Ըստ Քննչական կոմիտեի՝ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստաբանը, 2026 թվականի հոկտեմբերի 22-ին մասնակցելով նախկին «Չերրի» հյուրանոցային համալիրի վարչական շենքում կատարվող խուզարկությանը, օգտվելով քննչական գործողություն կատարող անձանց զբաղվածությունից, գաղտնի հափշտակել է իր վստահորդ՝ օտարերկրացի Ֆ.Չ.-ի պայուսակում գտնվող, խոշոր չափերով՝ 820 հզր ՀՀ դրամը:
«Սակայն փաստաբանը իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել, քանի որ տեղում խուզարկություն կատարող քննիչների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում հափշտակված 820 հզր ՀՀ դրամը հայտնաբերվել և վերցվել է»,- նշվում է ՔԿ-ի հաղորդագրությունում։ Քննչական մարմինը տարածել է նաև տեսագրություն, որը ներկայացնում ենք ստորև՝
Արտաշես Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ այս ամբողջ գործընթացն ուղղված է իրեն վարկաբեկելուն։ «Շատ վտանգավոր պրակտիկայի ենք ականատես լինում, երբ իրավապահ մարմինները փորձում են մտնել վստահորդ-պաշտպան հարաբերություների մեջ, և վստահորդի փոխարեն որոշում են, որ փաստաբանը գործել է իր շահերին հակառակ»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ իր վստահորդը երբևիցե բողոք չի ներկայացրել իր դեմ, ոչ էլ ասել է, որ իր փաստաբանն իր գույքը հափշտակելու նպատակ է ունեցել։ «Նա նախաքննական մարմնին նույնիսկ հայտնել է, որ մինչ օրս ինձ վստահում է»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
«Երբ ինքը գումարի բացակայությունը հայտնաբերում է, դրանից հետո ես նրան մոտենում եմ, ասում եմ՝ մի անհանգստացիր, ուղղակի ես ուզում էի նրան այդ մասին ասել այնպես, որ միայն ես ու ինքն իմանայինք, ոչ թե բոլորը»,- ասաց Արտաշես Հովհաննիսյանը։
Նրա պաշտպան Կարեն Սարդարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ եղել է նախնական պայմանավորվածություն Արտաշես Հովհաննիսյանի և նրա վստահորդի միջև, որ եթե վստահորդին ձերբակալեն կամ բերման ենթարկեն, փաստաբանը պետք է իրերին տեր կանգնի։
Կարեն Սարդարյանն ասում է, որ խուզարկության վայրում Ա. Հովհաննիսյանի աչքով ընկել է, որ վստահորդի պայուսակի մեջ գումար կա, նա օբյեկտիվորեն կասկածել է, որ կարող է ձերբակալեն վստահորդին, դրա համար վերցրել է, որ հանկարծ չմնա հյուրանոցում, հետո հավաքարարները, կողքի համարների կամ այլ մարդիկ չմտնեն ու գողանան։ «Պահպանության է վերցրել, և դա դարձնել գողություն, մեր փաստաբանական պրակտիկայում աբսուրդ է»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ քրեական գործերով մասնագիտացված փաստաբանների մոտ տարածված պրակտիկա և նորմալ գործընթաց է, երբ պաշտպանն իր վստահորդի գույքի անվտանգությունն է ապահովում։
Պաշտպանն ասում է՝ օրենքի պահանջն է, որ փաստաբանը պետք է անի օրենքով չարգելված բոլոր տեսակի գործողությունները՝ ի շահ իր վստահորդի։ «Մենք չենք կարող լիազորագրի մեջ գրել բոլոր այն օրենքով չարգելված գործողությունները, որոնք փաստաբանը կարող է անել։ Եթե փաստաբանը պայմանագիր է կնքել վստահորդի հետ, նա արդեն իսկ դրա ուժով՝ օրենքով չարգելված ցանկացած միջոցներով կարող է պաշտպանել վստահորդի շահերը»,- ասում է Կ. Սարդարյանը։ Ըստ նրա՝ Արտաշես Հովհաննիսյանի բարի համբավն է ստվերվել, ինչն անթույլատրելի է։
Կարեն Սարդարյանը նշեց մեկ խնդիր ևս. քանի որ ստեղծված իրավիճակում Ա. Հովհաննիսյանը դարձել է մեղադրյալ, իսկ իր վստահորդը՝ տուժող, նա այլևս չի կարող շարունակել իր վստահորդի պաշտպանությունն իրականացնել, արգելել են նրանց շփումը։
«Առերեսման ժամանակ այդ կնոջը երկու հարց տվեցինք՝ արդյոք շարունակու՞մ է վստահել Ա. Հովհաննիսյանին, ասաց՝ լիովին շարունակում եմ վստահել, երկրորդ հարցին, թե ցանկանու՞մ է, որ Ա. Հովհաննիսյանն իր պաշտպանությունը շարունակի, ասաց՝ այո։ Հիմա մարդն ուզում է, որ Ա. Հովհաննիսյանը շարունակի իրեն պաշտպանել, բայց արգելված է դա, քանի որ արհեստականորեն նրենք դարձել են տուժող և մեղադրյալ»,- նշում է պաշտպան Կարեն Սարդարյանը և հույս հայտնում, որ դատարանն օբյեկտիվորեն գործը կքննի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել