HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման հարցը

Նոյեմբերի 6-ին Երևանում Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման կառավարական հանձնաժողովի միջև հանդիպումը։ Այս մասին հաղորդում է նախարարության լրատվական ծառայությունը։

Կողմերը ողջունել են hանձնաժողովների աշխատանքների վերսկսումը և ընդգծել պետական սահմանի սահմանազատման գործընթացի կարևորությունը՝ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։ Կողմերը երկուստեք շահագրգռվածություն են արտահայտել շարունակական երկխոսության միջոցով և կառուցողական ոգով գործընթացն ավարտին հասցնելու հարցում։

Հանդիպման ընթացքում Կողմերը նաև մտքեր են փոխանակել իրավական շրջանակի, այդ թվում՝ նախկինում համաձայնեցված արձանագրությունների և հետագա հնարավոր լրացուցիչ քայլերի շուրջ, որոնք առավել կդյուրացնեն գործընթացի սահուն ընթացքը։

Կողմերը քննարկել են նաև սահմանազատման գործընթացի շարունակականությանն ու հանձնաժողովների հետագա աշխատանքներին առնչվող հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter