HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մինչև 2,5 մլն դրամ տուգանք և ազատազրկում՝ պետական և համայնքային տարածքներն ապօրինի զավթելու համար․ նախագիծ

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է խստացնել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ապօրինի զբաղեցման, ինչպես նաև ինքնակամ կառույցների կառուցման համար նախատեսված պատասխանատվությունը։

Հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական և Վարչական իրավախախտումների օրենսգրքերում։

Մասնավորապես, Քրեական օրենսգրքում առաջարկվում է պատասխանատվություն սահմանել այն պաշտոնատար անձանց համար, որոնք օրենքով պարտավոր են կանխել պետական կամ համայնքային հողերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ապօրինի զբաղեցումը կամ ինքնակամ կառույցների կառուցումը, սակայն միջոցներ չեն ձեռնարկում։

Նման գործողություններ չձեռնարկելու համար առաջարկվում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի (10 000-30 000 դրամ) չափով կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։ Բոլոր դեպքերում նախատեսվում է նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով։

Առանձին պատասխանատվություն է նախատեսվում այն պաշտոնատար անձանց համար, որոնք որոշում չեն կայացնում ապօրինի զավթված հողամասը, զբաղեցրած շենքը կամ շինությունն ազատելու կամ ինքնակամ կառույցը քանդելու մասին, կամ չեն ապահովում այդ որոշումների կատարումը։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ անձն արդեն ենթարկվել է օրենքով սահմանված պատասխանատվության, սակայն չի կատարել խախտումները վերացնելու վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական ակտը։ Այս դեպքում առաջարկվում է սահմանել տուգանք, հանրային աշխատանքներ, ազատության սահմանափակում՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, ինչպես նաև պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով։

Քրեական պատասխանատվություն է առաջարկվում նաև պետական կամ համայնքային հողամասերն ինքնակամ զավթելու, շենքերն ու շինություններն ապօրինի զբաղեցնելու, դրանք չազատելու և խախտման հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ապօրինի շինարարությունը չդադարեցնելու կամ կառույցը չքանդելու համար։ Այս արարքների դեպքում, եթե անձն արդեն ենթարկվել է օրենքով սահմանված պատասխանատվության, առաջարկվում է նշանակել մեկից երկու ամսով կարճաժամկետ ազատազրկում կամ երկուից հինգ տարի ժամկետով ազատազրկում։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը առաջարկվում է լրացնել նոր հոդվածով, որով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների ապօրինի զբաղեցման, դրանք չազատելու և խախտման հետևանքները չվերացնելու համար կսահմանվի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի (1մլն դրամ) չափով։ Եթե անձը տուգանվելուց հետո շարունակի նույն խախտումը, տուգանքը կկազմի նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկը (2,5 մլն դրամ)։

Նախագծի հեղինակները նշում են, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է հանրային շահի պաշտպանության և գործող վարչական մեխանիզմների անարդյունավետության խնդրով։

Ըստ հիմնավորման՝ ներկայում իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև ոստիկանությունը պատշաճ չեն ապահովում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող ապօրինի զբաղեցրած շենքերի ու շինությունների ազատումը։ Նույնիսկ տարածքներից հեռացվելուց հետո ապօրինի զբաղեցնողները հաճախ վերադառնում են և կրկին զբաղեցնում դրանք։

Նախագծի հեղինակները ուսումնասիրել են նաև միջազգային փորձը՝ նշելով, որ մի շարք երկրներում պետական կամ համայնքային հողերի և անշարժ գույքի ապօրինի զավթումը, ինչպես նաև իրավասու մարմինների պահանջով տարածքը չազատելը կարող են առաջացնել քրեական պատասխանատվություն։ Որպես օրինակներ նշվում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը։

Այս նախագիծը դեռևս հանրային քննարկման փուլում է և կարող է ընդունվել Կառավարության կողմից հավանության արժանանալուց և ԱԺ-ում ընդունվելուց հետո։

Լուսանկարը ստեղծվել է ԱԲ-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter