Մրցավազք՝ հանուն հանրային ուշադրության. նոր հետազոտություն սոցցանցային իրականության մասին
Գուցե այս նյութը գտել եք հենց սոցցանցային հարթակներից: Իսկ արդյոք մտածել եք, թե սոցցանցերում ինչ մրցավազք է հանրային ուշադրության համար:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը նման ուսումնասիրություն է իրականացրել:
«Հանրային ուշադրության համար մրցավազքը սոցցանցերում. ազդեցությունների մոդելավորումը Հայաստանում եւ այլ երկրներում» հետազոտության շրջանակներում կենտրոնն ուսումնասիրել է սոցցանցային իրականության պատկերը 10 երկրում: Դրանք են Գերմանիան, Չեխիան, Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան, Սերբիան, Մոլդովան, Իտալիան, Վրաստանը եւ Թուրքիան: Թե ինչու են ընտրվել հենց այս երկրները, եւ որն է եղել այս թեման ուսումնասիրելու նպատակը, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը նշում է, որ հետաքրքիր էր համեմատել հայաստանյան իրականությունն այլ երկրների պրակտիկաների հետ՝ ելնելով դրանց ընդհանուր պատկերներից:
Սոցցանցերը՝ որպես քարոզչական գործիք
Լ. Բաղդասարյանը նշում է, որ իրենց կենտրոնը պարբերաբար հետազոտում է ընտրական գործընթացների ժամանակ քարոզարշավների առանձնահատկությունները սոցցանցերում, մասնավորապես՝ ինչպես են սոցցանցերն օգտագործվում իբրեւ քարոզչական գործիքներ, ինչպիսի ակտիվություն է դիտարկվում քաղաքական դերակատարների կողմից, ինչ առանձնահատկություններ ունեն տարբեր ուժերի արշավները եւ այլն: Ըստ «Ռեգիոնի» ղեկավարի՝ երբեմն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե քարոզարշավից են կախված ընտրությունների իրական արդյունքները, որոնք ձեւավորվում են քվեարկության միջոցով:
«Մինչդեռ ընտրական գործընթացից գործընթաց տեսնում ենք, որ քարոզարշավն ու քվեարկության արդյունքները, կարծես, տարբեր զուգահեռներով գնացող գործընթացներ լինեն»,- նկատում է Լաուրա Բաղդասարյանը:
«Հետքի» զրուցակցի դիտարկմամբ՝ միջազգային հարթակներում շատ են խոսակցությունները սոցցանցերի ազդեցության մասին, նույնիսկ հարցումներ կան այն մասին, որ դրանք ավելի շատ վնասում են ժողովրդավարությանը, քան աջակցում: Ընդ որում՝ այս մասին խոսում են նույնիսկ զարգացած երկրներում: Լ. Բաղդասարյանը նկատում է՝ սոցցանցերը վնասում են մեծ ծավալի ապատեղեկատվություն, մանպուլյացիաներ տարածելով, ինչը դժվարացնում է հավաստի տեղեկատվություն գտնելը:
Թուրքիան «բարդ» խմբում է
«Ռեգիոնի» անցկացրած հետազոտության 10 երկրի մեջ կա նաեւ Թուրքիան:
«Ինչու՞ Թուրքիան, որովհետեւ այն մեզ համար շատ հետաքրքիր երկիր է: Մի շարք առանձնահատկությունների բերումով Թուրքիան հակադրվում է եվրոպական մյուս երկրներին, որոնք հետազոտել ենք. դրանցում խոսքի, մամուլի ազատություն կա, եւ ռեպրեսիվ գործընթացներ չեն զարգանում»,- նշում է Լ. Բաղդասարյանը:
«Ռեգիոնը» հարցազրույց է անցկացրել 10 երկրից մեկական մասնագետի հետ: Դրանց թվում եղել են համալսարանների դասախոսներ, որոնք մասնագիտորեն զբաղվում են սոցցանցերի ազդեցություններով, ուսումնասիրում են հանրային դիսկուրսի վրա ազդեցության խնդիրները, ինչպես նաեւ իրենց երկրներում տարբեր քաղաքական ուժերի կողմից սոցցանցերն օգտագործելու առանձնահատկությունները: Մասնակիցների թվում եղել են նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են սոցցանցերով կամ փաստերի ստուգմամբ:
Հարցերը վերաբերել են տվյալ երկրում սոցցանցերի ժողովրդականությանը, քաղաքական ուժերի եւ հասարակական խմբերի կողմից սոցցանցային տիրույթի օգտագործմանը, իբրեւ ինֆորմացիայի ստացման աղբյուր սոցցանցերի ու ավանդական մեդիայի մրցակցությանը, ինչպես նաեւ հասարակական-քաղաքական գործընթացների ժամանակ սոցցանցերում արտաքին ու ներքին ազդեցություններին:
Մասնակից երկրները, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած գլոբալ ինդեքսի, դասակարգվել են երեք խմբում:
Օրինակ՝ Թուրքիան առաջին՝ «բարդ» խմբում է, քանի որ այնտեղ մեդիայի նկատմամբ բացարձակ վերահսկողություն կա, կան նաեւ ռեպրեսիվ հետապնդումներ, բանտարկված լրագրողներ, սոցցանցային արգելափակումներ ու քրեական հետապնդումներ սոցցանցային գրառումների համար: Ի տարբերություն Թուրքիայի՝ մասնակից երկրների մեծ մասը հայտնվել է երկրորդ՝ «խնդրահարույց» խմբում: Ի դեպ, այստեղ է նաեւ Հայաստանը: Գերմանիան ու Չեխիան հայտնվել են երրորդ՝ «անկախ մեդիայի» խմբում:
Լաուրա Բաղդասարյանն ասում է, որ Թուրքիայից իրենց հետազոտությանը մասնակցած մասնագետը, որը Ստամբուլի «Բիլգի» համալսարանի դասախոս է, ներկայացնում էր սոցցանցերի կիրառման առանձնահատկությունն այն համատեքստում, որ Թուրքիայի բանտերում շատ լրագրողներ կան, բազմաթիվ օգտահաշիվներ են արգելափակվում, եւ իշխանությունները Էրդողանի գլխավորությամբ շատ վաղուց մեծ ռեսուրսներ են ծախսում սոցցանցերի վրա այն դեպքում, երբ բացարձակ վերահսկողություն կա մեդիայի նկատմամբ:
Ընդ որում՝ Էրդողանի իշխանությունը սոցցանցերից ակտիվորեն օգտվում է նաեւ ոչ ընտրական փուլերում: Ինչ վերաբերում է թուրքական ընդդիմությանը, ապա վերջինս, օրինակ, Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, իր հաջողությունը կապել է սոցցանցերի ակտիվ օգտագործման հետ, քանի որ մեդիառեսուրսները սահմանափակ են:
«Թուրքիայում ճնշումների պատճառով օգտատերերը շատ զգուշավոր են: 2023 թ. համապետական ընտրություններին ընդառաջ տեղի է ունեցել TikTok-ի մեծ զարգացում եւ ներթափանցում գյուղական միջավայր, ինչը պայմանավորված էր բռնաճնշումներով եւ խոսքի ազատության սահմանափակմամբ: Լոկալ սոցիալական հարթակը (թարգմանաբար՝ «Թթու բառարան») աստիճանաբար լքում է դիրքերը՝ հետապնդումներից խուսափելու համար, իսկ քաղաքաբնակ, բարձր կրթական ցենզ ունեցող երիտասարդությունը տեղափոխվել է Reddit»,- նշում է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավարը:
Հունգարիայի օրինակը հուշում է, որ քարոզչության ակտիվությունը միշտ չէ, որ բերում է դրական արդյունքի
Նույն պատկերն արձանագրվել է նաեւ Հունգարիայում, որտեղ այս տարվա ապրիլին կայացած ընտրություններում երկիրը 16 տարի շարունակ կառավարած վարչապետ Վիկտոր Օրբանը պարտություն կրեց: Ըստ Լ. Բաղդասարյանի՝ Հունգարիայի ներկայացուցչն իրենց հետ զրույցում նշել է, որ Օրբանին ենթարկվող հսկայական մեդիակայսրություն եւ կարծիք ձեւավորողների ցանց կա: Բայց ընտրությունների ժամանակ, նույնիսկ այդպիսի հսկա մեդիա ռեսուրսների տիրապետելով, Օրբանն ու իր կուսակիցները շատ ակտիվ օգտագործում էին սոցցանցերը՝ մեծ գումարներ ծախսելով: Նրա մրցակից Պետեր Մադյարը, որը դարձավ նոր վարչապետ, սոցցանցերն օգտագործում էր յուրովի. ըստ այդմ՝ սոցցանցերում Մադյարի ուժի քարոզչական նյութերն ավելի քիչ էին, բայց լսարանը օրգանիկ՝ իրական էր:
«Մենք այստեղ արձանագրում ենք, որ քարոզչության ինտենսիվությունը կամ ակտիվությունը միշտ չէ, որ գետնի վրա կոնվերտացվում է դրական արդյունքի: Հայաստանյան ընտրությունների ժամանակ եւս ունենք դեպքեր, երբ շատ ինտենսիվ կամ կրեատիվ քարոզչություն վարած ուժերը չեն կարողացել հաջողել կամ անցնել Ազգային ժողով»,- նշում է Լ. Բաղդասարյանը:
Նրա փոխանցմամբ՝ Հունգարիայում ստեղծվել են նոր լրատվամիջոցներ, որոնք գործում են բացառապես YouTube-ում: Իսկ ահա X-ի (նախկին Twitter) վարկանիշը կտրուկ իջել է: Ներկայում Հունգարիայում X-ը եւ Telegram-ը կիրառում են մարգինալ կամ ռուսամետ խմբերը, ինչպես նաեւ միջազգային կապեր ունեցող քաղաքական շրջանակները:
Սոցցանցերի դերը մյուս եվրոպական երկրներում
Սոցցանցերը հաջողություն բերեցին նաեւ Սերբիայի ընդդիմությանը, որտեղ այս տարի կայացած խորհրդարանական ընտրություններում պարտություն կրեց երկիրը 9 տարի նախագահած Ալեքսանդար Վուչիչի գլխավորած դաշինքը: 2026 թ. ընտրություններում Instagram-ն առանձնացավ որպես ուսանողական/բողոքավոր շարժման հիմնական հարթակ (գլխավոր էջն ուներ 1 միլիոնից ավելի հետեւորդ), եւ սոցցանցային աշխատանքը կոնվերտացվեց ընտրական հաջողության:
Լեհաստանում սկսել են լայնածավալ օգտագործել TikTok-ը: Պարզվել է, որ մեկ օգտատերն այս երկրում ամսական մինչեւ 25 ժամ է ծախսում TikTok-ում: Փակ խմբերը շարունակում են օգտվել Telegram-ից ու Signal-ից:
TikTok-ի մասով հետաքրքիր զարգացում կա Իտալիայում, որտեղ նկատվել է այս հարթակի օգտատերերի տարիքային բարձրացում (18-25 տարեկանից ավելի բարձր): Իտալիայում աճում է արհեստական բանականությունն օգտագործողների թիվը, փոխարենը նվազում են X-ի օգտատերերը:
Իսկ ահա Չեխիան առաջիններից էր, որ TikTok-ը ճանաչել է իբրեւ ռիսկ: Ըստ Լ. Բաղդասարյանի՝ Եվրոպայում այս սոցցանցի վերաբերյալ երկու միտում կա․ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայում այն ընկալվում է որպես ռիսկ, իսկ կոնկրետ Բալկաններում՝ որպես ընտրողների վրա ազդելու հարթակ:
Ռումինիայում երիտասարդ լսարանի համար լրատվամիջոցներ կան Instagram-ում, իսկ որոշ խմբեր արհեստական բանականությունն օգտագործում են իբրեւ ինֆորմացիայի հիմնական աղբյուր:
Ռումինիայի հարեւան Մոլդովայում Facebook-ն առաջատար հարթակ է չափահաս ընտրողների համար: Այստեղ ռուսամետ ընդդիմությունը շարունակում է օգտագործել TikTok, Telegram, Odnoklassniki, VKontakte հարթակները եւ խուսափում է հեռուստաբանավեճերից:
Մեր հարեւան Վրաստանում իշխանություններն («Վրացական երազանք») ունեն գերազանցող ֆինանսական ռեսուրսներ թե՛ ավանդական մեդիայում, թե՛ սոցցանցերում, իսկ ընդդիմությունն օգտվել է սահմանափակ սփռմամբ հեռուստաընկերություններից եւ սոցցանցերից, որոնք մեծ ազդեցություն չեն ունեցել:
«Անկախ մեդիայի» խմբում ընդգրկված Գերմանիայի երկրամասային ընտրություններում հաջողություն գրանցած պոպուլիստական ընդդիմությունը («Այլընտրանք Գերմանիայի համար» - AfD) դրական արդյունքի է հասել սոցցանցերում: «Իշխանությունները ստիպված են հարմարվել սոցցանցային իրականությանը, սակայն ընդդիմությանը նմանակելու փորձերի պատճառով հաճախ հայտնվում են անհարմար վիճակում եւ դառնում մեմերի թիրախ»,- նկատում է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրենը:
Ուսումնասիրված երկրներից որոշների առաջնորդները կիրառում են «միշտ կապի մեջ» մոդելը: Օրինակ՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Սերբիայի արդեն նախկին նախագահ Ալեքսանդար Վուչիչը, Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը, նաեւ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոնք հրապարակում են անձնական բնույթի լուսանկարներ կամ տեսանյութեր, ասենք՝ ինքնաթիռում աշխատելիս կամ գուլյաշ պատրաստելիս: «Սա ստեղծում է հասանելիության եւ թափանցիկության տպավորություն, բայց միեւնույն ժամանակ կարող է շեղել հանրության ուշադրությունը բուն օրակարգից եւ փոխարինել պետական ինստիտուտների գործունեությունը»,- ընդգծում է Լաուրա Բաղդասարյանը:
Ամփոփելով ընդհանուր պատկերը՝ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավարն ասում է, որ ուսումնասիրությանը մասնակցած 10 երկրում սոցցանցերը մեծ ժողովրդականություն ունեն: «Այս կամ այն սոցցանցի ընտրությունը կախված է լսարանի տարիքից, մեդիայի նկատմամբ ազդեցությունների մակարդակից, նախասիրություններից եւ օգտատերերի նախապատվություններից»,- նշում է Բաղդասարյանը:
Հարցին, թե արդյոք ուսումնասիրել են սոցցանցերի բացասական ազդեցությունը, նա արձագանքում է, որ նոր հետազոտություն են սկսում սոցցանցերում բեւեռացման թեմայով:
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել