HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժողովրդավար Հայաստանը ցանկանում է լինել ժողովրդավար «ակումբի մաս». Փաշինյանի ելույթը ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բրյուսելում էր։ Եվրամիության քաղաքական մայրաքաղաքում նա մասնակցում էր Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026» խորագրով միջոցառմանը։

«Հայաստանի քաղաքացիներն են որոշելու՝ արդյոք նրանք ցանկանում են մնալ Եվրասիական միության կազմում, թե՞ ցանկանում են անդամակցել Եվրոպական միությանը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա զրուցակիցը՝ Euronews-ի հաղորդավար Սաշա Վակուլինան խնդրեց Փաշինյանին մեկնաբանել պաշտոնական Կրեմլից հնչող նախազգուշացումները Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու հավակնությունների մասին։ 

Մոսկվան տարբեր առիթներով նշել է, որ ԵՄ անդամակցությունը համատեղելի չէ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ, և որ Հայաստանը կարող է զրկվել արտոնյալ սակագներով էներգամատակարարումներից: 

Վակուլինան Փաշինյանին հիշեցրեց Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որ Հայաստանը կարող է դառնալ «նոր Ուկրաինա»:

Փաշինյանն ընդունեց, որ Հայաստանը չի կարող մնալ Եվրասիական տնտեսական միությունում՝ միաժամանակ միանալով ԵՄ-ին: Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի քաղաքացիներն, ի վերջո, ստիպված կլինեն ընտրություն կատարել երկու քաղաքական բլոկների միջև:

Իսկ Մեդվեդևի հայտարարության մասին Փաշինյանը նշեց, որ այն «կառուցողական նախազգուշացում» չի համարում: 

«Հայաստանը Հայաստան է։ Հայաստանը Հայաստան է, և Հայաստանն ավելի ու ավելի, ու ավելի, ու ավելի շատ Հայաստան է լինելու։ Հայաստանի Հանրապետություն։ Նկատի ունեմ՝ անկախության մակարդակը։ Մեր նպատակն է բարձրացնել այդ մակարդակը, զարգացնել մեր անկախությունը։ Եվ դա օրինական նպատակ է։ Ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին ավելի անկախ, ավելի ինքնիշխան և ավելի ինտեգրված երկիր դառնալու ձգտման համար»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը խուսափեց ուղիղ պատասխանել հարցին, թե կոնկրետ երբ է Հայաստանը պատրաստվում պաշտոնապես ներկայացնել ԵՄ անդամակցության հայտը։

«Գիտեք, շատ կարևոր է, որ սա չսահմանափակվի միայն տեխնիկական քայլով, այսինքն՝ պարզապես «ուղարկել» կոճակը սեղմելով և (ԵՄ անդամակցության-խմբ.) հայտը ներկայացնելով։ Չափազանց կարևոր է, որ այս ամբողջ գործընթացն ուղեկցվի հենց այս թեմայի շուրջ քաղաքական երկխոսությամբ…Անկեղծ ասած՝ կասկած չունեմ, որ այդ պահը կգա, և այն շատ հեռու չէ….Հաջորդ տարի, գուցե, իրատեսական լինի։ 2028 թվականը նույնպես կարող է իրատեսական լինել»,-ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանն այժմ կենտրոնացած է վիզաների ազատականացման երկխոսության վրա: Կառավարության նպատակն է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը հասնել մինչև 2029 թվականը:

Փաշինյանը նաև անդրադարձավ 2025 թվականի մարտին ընդունված՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքին: 

Ըստ նրա՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու նպատակը Հայաստանի քաղաքացիների համար այլընտրանքային ուղի ստեղծելն էր:

Խոսելով բարեփոխումների մասին, Փաշինյանն ասաց, որ Հայաստանի համար ժողովրդավարությունը հանգամանքների թելադրանք չէր, այլ՝ ռազմավարական ընտրություն։ 

«Այդ ռազմավարությունը մեզ անխուսափելիորեն բերում է դեպի Եվրոպական միություն, և դրա համար կա երկու պատճառ։ Նախ՝ Հայաստանի Հանրապետության անկախության ողջ ընթացքում Եվրոպական միությունը եղել է Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացման գործում։ Երկրորդ՝ երբ դու ժողովրդավարական երկիր ես, ցանկանում ես լինել ժողովրդավարական ակումբի մաս, քանի որ այնտեղ կան բազմաթիվ հարցեր՝ քննարկելու, իմանալու, որոշելու և կիսելու համար»,-ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատել անցյալ տարվա օգոստոսի 8-ին,  Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ:

«Տեղում մենք այժմ ունենք իրական խաղաղություն։ Սակայն, հատկապես հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, այժմ շատ կարևոր է ինստիտուցիոնալացնել խաղաղությունը»,-ասաց նա։

Խոսելով TRIPP-ի մասին՝ Փաշինյանը նշեց, որ այն նոր հնարավորություն է ընձեռում՝ հաղթահարելու գլոբալ մատակարարման շղթաների ճգնաժամը։

Վերջում Փաշինյանը նշեց, որ Հայաստանն աջակցում է Վրաստանի՝ ԵՄ լիիրավ անդամ դառնալու ջանքերին: Ըստ Փաշինյանի՝ Վրաստանի թեկնածուի կարգավիճակը ոգեշնչել է Հայաստանին՝ ընդունելու ԵՄ անդամակցության մասին սեփական օրենք։

Բրյուսել այցի ընթացքում Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է ունենալու եվրոպական գործընկերների հետ։

Ստորեւ՝ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ

Տեսանյութը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter