HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրանը Ավինյանը ներկայացրել է Երևան քաղաքի համար նախատեսված ֆինանսական հատկացումները

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 9-ի համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է 2027 թվականին մայրաքաղաքին հատկացվելիք ֆինանսական միջոցներն ու ծրագրերը։ Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Մայրաքաղաքին ընդհանուր հատկացումները կազմում են 48 մլրդ 766 մլն դրամ։ Մասնավորապես, վարկադրամաշնորհային միջոցներով նախատեսվել է 13,6 մլրդ դրամ։ Արտաքին աղբյուրների ֆինանսավորամբ իրականացվող ծրագրերի ներքո նախատեսվում է շարունակել Երևանի Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման ծրագիրը, որը մեծ թափով արդեն սկսվել է։ Շարունակվելու է 38 հասարակական շենքերի, 6 պոլիկլինիկաների և 32 մանկապարտեզների էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանն ուղղված հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը, որը նույնպես այս տարի է սկսվել։

Սուբվենցիոն ծրագրերի մասով նախատեսվել է 1 մլրդ 190 մլն դրամ, որից 765 մլն դրամը հատկացվելու է ճանապարհային գծանշումների, երթևեկության նշանների և լուսացույցերի տեղադրման, իսկ 419 մլն դրամը՝ կրթական ոլորտի որոշ ծրագրերի իրականացման նպատակով։ Պետության կողմից կրթության ոլորտին ուղղված պատվիրակված լիազորությունների իրականացման համար նախատեսվել է 24,6 մլրդ դրամ։

«Երևան քաղաքում վթարային շենքերի հիմնախնդիրների լուծում և բնակարանային ապահովում» ծրագրով նախատեսվել է 1 մլրդ դրամ, որը վերաբերում է Վարդաշենում գտնվող քանդման ենթակա երկու շենքերի բնակիչների վերաբնակեցումն ապահովելու նպատակին։ Քաղաքապետը նշել է, որ կան նաև այլ ծրագրեր, որոնք վերաբերում են վթարային շենքերին։ Այդ շենքերը ենթակա են վերակառուցման։

Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար նախատեսվել է 2,5 մլրդ դրամ, մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի կառուցման, մասնավորապես՝ հողերի գնման համար նախատեսվել է 2 մլրդ դրամ, որը, ըստ քաղաքապետի, բավարար չէ։

«Մետրոպոլիտենի սուբսիդիայի մասով 1 մլրդ դրամ է հատկացվում, որը չի փակում մետրոպոլիտենի ամբողջական ծախսը՝ նույնիսկ հաշվի առնելով նոր սակագները, և Երևանի քաղաքապետարանը կրկին բյուջե է հատկացնում, որպեսզի մետրոպոլիտենի ընթացիկ սպասարկումն իրականացնի»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիան նախատեսվել է 2 մլրդ 776 մլն դրամ, ինչը շուրջ 65,7 տոկոսով պակաս է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումից, իսկ 2023 թվականի համեմատ կրճատումը կազմում է 79,3 տոկոս։

Քաղաքապետի խոսքով 4 տարվա ընթացքում Երևանին հատկացվող դոտացիան կրճատվել է գրեթե 5 անգամ։

Մի շարք ցուցանիշներ և հանգամանքներ ներկայացնելով՝ Տիգրան Ավինյանն առաջարկել է վերանայել Երևան համայնքին պետական ֆինանսական աջակցության մոտեցումները։

Երևանի քաղաքապետը պատասխանել է պատգամավորների հարցերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter