Հեղեղը քշել-տարել է ամուսինների տան ողջ ունեցվածքը
Ալավերդու Բաղրամյան թաղամասում ապրող Նունե Էլիբեկյանն ու ամուսինը՝ Գառնիկ Կիրակոսյանը մայիսի 25-ի երեկոյան պատրաստվում էին քնել, երբ դուստրը զանգեց ու ասաց, որ Դեբեդ գետը վարարել է, լցվում է տները, ու պետք է դուրս գալ:
«Բայց այդ ժամանակ արդեն ջուրը լցվել էր բակ։ Մի կերպ պատուհանից դուրս եկանք»,- պատմում է Նունեն։ Տնից ոչինչ չկարողացան վերցնել, բացի պայուսակից, որի մեջ փաստաթղթերն էին։
Նունե Էլիբեկյանը Ալավերդու թիվ 10 դպրոցի խոհարարն է: Նա և ամուսինը արդեն 41 տարի է՝ այդ տանն են ապրում։ «Այսքան տարվա ընթացքում նման բան չէի տեսել, որ Դեբեդն այսպես վարարեր»,- ասում է Նունե Էլիբեկյանը։
Ամուսինները մեծ այգի ունեին պտղատու ծառերով, հիմա միայն 2 բալենիներ են մնացել։ Նրանք նաև կենդանիներ էին պահում, 16 նապաստակ ունեին, 30 հավ, 1 կով և մի քանի խոզեր։
Նրանց տունն ու անասնագոմը ջրի տակ անցան, հիմա նրանց տուն մտնել հնարավոր չէ։ Գառնիկ Կիրակոսյանն այսօր ռետինե ճտքավոր կոշիկներով, հատուկ հանդերձանքով գետի միջով տուն է մտել և տեսել, որ տան բոլոր իրերը գետը քշել, տարել է։ Մնացել է պարանի լվացքը, որը Նունեն այդ օրն էր կախել։
Հեղեղի հետևանքով ամուսինների ամբողջ կյանքի ձեռքբերումը անցել է ջրի տակ։ Նունեն ժամանակավոր տեղավորվել է եղբոր տանը, ամուսինը՝ մոր մոտ։
Մեր այցելության ընթացքում եկել էին ընտանիքի կրաս վնասը գույքագրելու։ Նրանց հարևանությամբ նաև ապրում է Գառնիկի հորեղբոր որդին՝ Սամվել Կիրակոսյանը, նրա ողջ գույքն ու ունեցվածքը ևս հեղեի հետևանքով վնասվել է։
Մեկնաբանել