HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակակոռուպցիոն դատարան տանող ճանապարհը՝ փոսերով, փոշու մեջ

Թբիլիսյան խճուղի 3/9-ը Հակակոռուպցիոն դատարանի հասցեն է: Այնտեղ տանող ճանապարհը քարուքանդ ու անմխիթար վիճակում է։ Ասֆալտը տեղ-տեղ ամբողջությամբ քայքայված է, որոշ հատվածներ ուղղակի հողածածկ են՝ լցված քարերով, ավազով: Այս դատարանում են քննվում պետական և համայնքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցերը։

Միայն 2025 թվականի ընթացքում պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով վերադարձվել է շուրջ 67 միլիարդ դրամի գույք։ Իսկ դատարաններում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 155 հայցերի ընդհանուր արժեքը մոտ 596 միլիարդ դրամ է։ 

Դատարանի հարևանությամբ Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջն է, ՀԷՑ-ի կայանը, «ՄԼ մայնինգ» ընկերության ավազի կուտակման տարածքը։

Դատարանի տարածքով անցնում են նաև հողով և ավազով բեռնված բեռնատարներ։ Դրանց երթևեկությունից բարձրացած փոշին տարածվում է ճանապարհի ամբողջ երկայնքով՝ դժվարացնելով դատարան հասնելը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը աշխատանքի բերումով հաճախ է Հակակոռուպցիոն դատարան այցելում։ 

«Հատկապես այն փուլերում, երբ բեռնատարներն են անցնում ճանապարհով, բավականին խիտ փոշի է լինում, և անգամ առանց դիմակի հնարավոր չէ այդ հատվածն անցնել»,- ասում է նա։ Փորձագետի դիտարկմամբ՝ ճանապարհը հավասարապես դժվարանցանելի է թե՛ երթևեկողների, թե՛ հետիոտների համար:

Օգոստոսին հերթական այցի ժամանակ ճանապարհն այնքան փոշոտ է եղել, որ Մելիքյանը որոշել է դիմել Երևանի քաղաքապետարան՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։

Քաղաքապետարանից Մելիքյանին հայտնել են, որ ճանապարհի մասին տեղյակ են և այն վաղուց՝ դեռ խորհրդային տարիներից, չի վերանորոգվել։ Միաժամանակ հայտնել են, որ հնարավոր է՝ ճանապարհի վերանորոգումն առաջիկա տարիներին ներառվի աշխատանքների ծրագրում,  սակայն, հստակ ժամկետ քաղաքապետարանը չի նշել։

«Ոչ բոլոր այցելուները հնարավորություն ունեն մեքենայով կամ տաքսիով հասնել դատարան։ Կանգառից ոտքով ստիպված են իջնել դատարանի շենքի մոտ։ Պետական ատյաններում սպորտային հագուստը ողջունելի չէ, ուստի, հատկապես եթե փաստաբան է հանդես գալիս կամ այլ անձ, որը պետք է համապատասխան հագուստ կրի, խնդիր է առաջանում, մինչև հասնում ենք դատարան, կոշիկներն ու հագուստը փոշոտվում են»,- ասում է Աննա Մելիքյանը։

Ճանապարհի վիճակից դժգոհ են նաև դատարան այցելող իրավաբանները, փաստաբանները, դատախազները և դատարանի աշխատակիցները։

Մելիքյանի խոսքով՝ ճանապարհի վիճակը հակասական պատկեր է ստեղծում։ Մի կողմից պետությունը հայտարարում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություններից է և համապատասխան միջոցներ, անգամ հատուկ մասնագիտացված դատարան է ստեղծել՝ պայքարելու համար։ Մյուս կողմից՝ տարրական պայմաններ դատարան հասնելու կամ գործունեությունն ապահովելու համար չեն ստեղծվում։

Երևանի թիվ 1 տարածաշրջանայաին քոլեջի ինֆորմատիկայի և մաթեմատիկայի դասախոս Արմինե Ասատրյանը նշում է՝ դեպքեր են եղել, որ տարեց դասախոսներն այդ ճանապարհին ընկել ու կոտրվածքներ են ստացել։ Քոլեջի տնօրենը նույնպես դիմել է քաղաքապետարան, բայց բավարար պատասխան չեն ստացել։ 

«Երբ ուսանողները գալիս են ընդունելության, ճանապարհը տեսնում են, մտածում, որ ձմռանը, անձրևին, ցեխին, ո՞նց պետք է հասնեն այստեղ ու խուսափում են, ստացվում է, մենք ուսանողներ ենք կորցնում, ճանապարհի պատճառով»,- ասում է Արմինե Ասատրյանը։

«Հետքը» սեպտեմբերի 17-ին գրավոր հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան։ Երևանի քաղաքապետարանին հարցրել ենք՝ արդյոք տեղյա՞կ են Թբիլիսյան խճուղի 3/9 հասցե տանող ճանապարհի վիճակի մասին, վերջին տարիներին այդ ճանապարհի վերաբերյալ դիմումներ կամ բողոքներ ստացե՞լ են, նախատեսվո՞ւմ է ճանապարհի վերանորոգում, և եթե այո՝ ե՞րբ։

Քաղաքապետարանից հետաքրքրվել էինք նաև՝ նախատեսու՞մ են արդյոք համայնքային բյուջեից միջոցներ հատկացնել ճանապարհի վերանորոգման համար, ինչ աշխատանքներ են նախատեսվում մինչև հիմնանորոգումը, ինչպես նաև արդյոք հնարավոր է կարգավորել կամ սահմանափակել ծանր բեռնատարների երթևեկությունը՝ հաշվի առնելով ճանապարհի վիճակն ու տարածքի բանուկ լինելը։ Հոդվածը հրապարակելու պահին Երևանի քաղաքապետարանը «Հետքի» հարցմանը դեռ չի պատասխանել։

Առայժմ հայտնի չէ՝ երբ է նախատեսվում վերանորոգել Հակակոռուպցիոն դատարան տանող ճանապարհը:  Ստացվում է հետևյալ պատկերը. դատարանը քննում է միլիարդների հասնող գույքի վերաբերյալ գործեր, պետությունը խոսում է վերադարձված միլիարդների մասին, իսկ նույն դատարանի աշխատակազմն ու գումարները պետությանը վերադարձնող դատավորները խեղդվում են փոշու մեջ: Թվում է՝ պետությունը կարողանում է հաշվել վերադարձված միլիարդները, բայց դեռ չի կարողանում կարգի բերել այն ճանապարհը, որով այդ միլիարդների վերաբերյալ որոշումներ կայացնող դատարան են հասնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter