Անձրեւաջուրը լցվում է բնակչի տուն․ համայնքապետարանն առաջարկում է սպասել հաջորդ տարվան
Եղվարդ քաղաքի Չարենցի 84 տան բնակիչ Արփիկ Գևորգյանի բակն ու այգին անձրևի ժամանակ ջրով են լցվում, վերջին տարիներին ջուրը հասնում է նաև տուն ու ավտոտնակ։ Նրա տունը փողոցի վերջին հատվածում է, փողոցը թեքություն ունի։ Անձրևների ժամանակ փողոցից հոսող ջուրը լցվում է բակ, ապա՝ այգի և տուն։
«Մինչև հիմա լցվել էր այգի և բակ, բայց էս տարի արդեն սելավատարի խցանումները այնքան շատ են ու այնքան է վատթարացել ամեն ինչ, որ արդեն հասել է մինչև իմ տուն: Տարիներ առաջ կիսախողովակներ դրվեցին, որոնք չէին համապատասխանում ջրի տարողունակությանը, այսինքն՝ ավելի տարողունակ կիսախողովակներ պիտի լինեին, որովհետև անձրևների կամ ընդհանրապես առուն մի փոքր վարարելուց այդ ջուրը դուրս է գալիս ու գալիս է վերևից ներքև։ Քանի որ փողոցը ունի թեքություն, և վերջին տունը մենք ենք, լցվում է մեր բակ ու տուն»,-պատմում է Արփիկը։
Տարիներ շարունակ անձրևից հետո ինքն ու քույրը բակում կուտակված անձրևաջրերը դույլերով հավաքում, թափում էին, այս տարի արդեն փրկարարների օգնության կարիքն է եղել։ Մայիսին ու հունիսին տեղացած անձրևների ժամանակ Արփիկ Գևորգյանը դիմել է ՆԳՆ Փրկարար ծառայություն։ Փրկարարները պոմպով ջուրը հեռացրել են բակից։
Անձրևաջրերի կուտակումն Արփիկը կապում է նաև սելավատարի վիճակի հետ։ Նրա խոսքով՝ այն տարիներ շարունակ ամբողջությամբ չի մաքրվել։ Վերջին անգամ համայնքի աշխատակիցները միայն իր ահազանգից հետո են մաքրել տան հարակից մի փոքր հատվածը։
Արփիկ Գևորգյանն ասում է, որ 4 տարի շարունակ այս հարցով դիմել է համայնքապետարան, վերջին անգամ՝ 2026-ի հուլիսի 4-ին։ Համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակից Վարո Վարդանյանը հուլիսի 5-ին եկել է, տեսել է իրավիճակը։
Բնակչի պատմելով՝ դրանից հետո սելավատարի մի հատվածում մաքրման աշխատանքներ են իրականացվել, սակայն ջրահեռացման խնդիրը չի լուծվել։
Երկու անգամ էլ դիմել է վարչապետի աշխատակազմին։ Դիմումը վերահասցեագրվել է Կոտայքի մարզպետարան, Կոտայքի մարզպետարանից՝ Նաիրիի համայնքապետարան։ Կոտայքի մարզպետարանի աշխատակից Հրաչյա Վարդանյանը տեղում լսել է բնակչի բողոքը, բայց ոչինչ չի փոխվել։
Արփիկ Գևորգյանը նաև գրավոր է դիմել համայնքապետարան եւ ստացել հետեւյալ պատասխանը. «Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոց 84 տան հարակից տարածքով անցնող սելավատարը մաքրվել է, իսկ կիսախողովակները նորով փոխարինելու և տարածքի ասֆալտապատման աշխատանքները կկատարվեն 2027 թվականին»։
Արփիկ Գևորգյանը նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինայնին։ Օրեր անց վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանն է արձագանքել նրա ահազանգին։ Մեր այցելության օրը Գագիկ Իսախանյանը գործուղվել էր Արփիկ Գևորգյանի տուն։Նա մեկնաբանություն չտվեց, ասաց, որ աշխատանքային այցն իր նախաձեռնությամբ է, հետևաբար չի ուզում մեկնաբանել։ Ավելի ուշ Արփիկ Գևորգյանից տեղեկացանք, որ վարչապետի օգնականը խոստացել է խնդիրն ուշադրության կենտրոնում պահել։ Ավելի քան մեկ շաբաթ անց Արփիկ Գևորգյանը դեռևս պատասխան չի ստացել։
«Հետքը» դիմել է Նաիրիի համայնքապետարան։ Համայնքապետարանից հայտնել են, որ խնդրի մասին տեղյակ են, բազմիցս այցելել են քաղաքացուն, մաքրել են սելավատարը, բայց հարցի լուծումը դուրս է համայնքապետարանի վերահսկողությունից, առաջարկել են դիմել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) վարչական վերահսկողության վարչություն։
ՏԿԵՆ մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ նախարարությունը տեղյակ է բարձրացված խնդրից, նախարարության և Ջրային կոմիտեի ներկայացուցիչները տեղում ուսումնասիրություն են իրականացրել։ Այս պահին համատեղ քննարկում են հարցի լուծման տարբերակները։
«Խնդիրն այն է, որ նշված հատվածում ենթակառուցվածքը շատ հին է, կոյուղատարը շատ հին է, և էս պահին աշխատանքներ են ձեռնարկվում, որպեսզի հասկանան, թե կոնկրետ ի՞նչ եղանակով լուծում տան խնդրին։ Մենք, Ջրային կոմիտեն և համայնքը համատեղ փորձում ենք լուծման արդյունավետ եղանակ գտնել։ Հստակ ժամկետ չկա, բայց այս պահին էլ քննարկվում են լուծման տարբերակները»,-ասում է Սոնա Հարությունյանը։
Շուտով կսկսվեն աշնանային անձրևները։ Եթե մինչ այդ ջրահեռացման խնդիրը չլուծվի, ջուրը կրկին կարող է լցվել Արփիկ Գևորգյանի տուն ու բակ, իսկ այն հեռացնելու համար կրկին փրկարարների օգնության կարիք կլինի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել