HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր

2006 թվականին «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ–ի գույքը 50 տարով վարձակալության տրվեց ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանին պատկանող «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ Վարձակալված անշարժ գույքի մի մասը 2010 թվականին Կառավարության որոշմամբ, ուղղակի վաճառքով օտարվեց «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ 2022 թվականին «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ը հիմնադրեց «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ն, որը  ձեռք բերեց «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ -ի հողերի ու շենք-շինությունների մնացած մասը։ Իսկ ավելի քան 37 հա հողամասը վարձակալության հանձնվեց այդ նորաստեղծ ընկերությանը մինչև 2056 թվականը։ Այս գործարքների արդյունքում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը դարձավ ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Զաքարյանի ընտանիքի սեփականությունը։

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մասնավորեցման 1-ին փուլը

Ծաղկաձոր համայնքում՝ Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին գտնվող Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967 թվականին։ Այս համալիրը նախատեսված էր ԽՍՀՄ օլիմպիական հավաքականների մարզման համար։

 1996 թվականին ստեղծվեց «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը 100% պետական մասնակցությամբ էր։ Ընկերության հաշվեկշռում էր մարզահամալիրի ամբողջ գույքը։

Համալիրը  2006 թվականին 50 տարով վարձակալության  տրվեց ԱՄՆ-ում գրանցված «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ Ընկերության սեփականատերը ամերիկահայ Ալբերտ Բոյաջյանն է։ Նա այդ ժամանակ Կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ընկերն էր։

«Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերության վարձակալած անշարժ գույքի մի մասը 2010 թվականին Կառավարության որոշմամբ ուղղակի վաճառքով օտարվել է «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ 

Օտարված գույքի թվում են՝ երկու հյուրանոցային մասնաշենք, հասարակական կենտրոն, ջրային բուժական կենտրոն, ճաշարան, 4 սպորտդահլիճ, թեթև ատլետիկայի մանեժ, տնտեսական մասնաշենք, տաղավար, բենզինի լիցքավորման կետ, 4 ենթակայան, պահեստ, ավտոտնակներ և շենք-շինություններով չծանրաբեռնված 5.6 հա մակերեսով հողամաս։ Հողամասերի ընդհանուր մակերեսը 7.6 հա է, շենքերինը՝ 3.2 հա։ 

Այս անշարժ գույքի շուկայական արժեքը, առանց հողի, գնահատվել է 197.3 մլն դրամ, հողերի ընդհանուր կադաստրային արժեքը՝ 344 մլն դրամ։ Այսինքն՝ 32,237 քմ մակերեսով շենք-շինությունների և դրանց զբաղեցրած, ինչպես նաև դրանցով չծանրաբեռնված 76,121 քմ մակերեսով հողի համար «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությունը վճարել է 541.6 մլն դրամ։

Դատախազության բացահայտումը

2019 թվականին Գլխավոր դատախազությունը կասկածի տակ էր դրել այս գործարքի օրինականությունը։ Ըստ դատախազության՝ օտարված գույքերի շուկայական արժեքն այդ պահին կազմել է 1.8 մլրդ դրամ: Այս գինը1.3 մլրդ դրամով ավելի է 2010 թ․-ին վաճառքի գնից։

Դատախազությունը նաև պարզել էր, որ «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերության վարձակալած գույքի շուկայական արժեքը 2019թ. դրությամբ կազմել է 6.1 մլրդ դրամ, և շուկայական արժեքով վարձակալության հանձնելու դեպքում՝ 2010-2018թթ. դրա ընդհանուր վարձավճարը կկազմեր 704 մլն դրամ: Մինչդեռ ընկերությունը երբևէ որևէ վարձավճար չի վճարել։

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված պայմանագրում վարձավճարի չափի հաշվարկի, վարձատուի կողմից պայմանագրի խզման դեպքում հավելյալ վճարումներ կատարելու, գույքի առուվաճառքի դեպքում դրա գնի վերաբերյալ, առանց որևէ հիմնավորման, առկա են պետական ՓԲԸ շահերին հակասող, միակողմանի ոչ շահավետ դրույթներ»,- նշված էր դատախազության հաղորդագրությունում։

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մասնավորեցման 2-րդ փուլը

Այս գործարքից տարիներ անց «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ն ներառվում է մասնավորեցման ենթակա գույքի 2017-2020 թվականների ցանկում։ Սակայն մինչև 2020 թվականը չի մասնավորեցվում։

Միայն 2022-ին է Կառավարությունը «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ին առաջարկում գնել ընկերության բաժնետոմսերը։ Որպես վարձակալ նրան է տրվում գնման նախապատվության իրավունքը։

Դիմումին ի պատասխան՝ «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ը Կառավարությանը պատասխանել է, որ պատրաստ է գնել «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերը՝  5 հողամասերը՝ 6422 քմ շենք-շինություններ և 14.2 հա հողատարածք։ Միևնույն ժամանակ կառավարությանը հայտնել է, որ  պայմանավորված աշխարհաքաղաքական գործոններով, նպատակահարմար չի գտել ամերիկյան ընկերությամբ ձեռք բերել գույքը: Փոխարենն առաջարկել  է իր փոխարեն վաճառել իր կողմից Հայաստանում հիմնադրված «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին։ Կառավարությունը հավանություն է տվել ամերիկահայ գործարարի ընկերության առաջարկին։

Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 1457-Ա որոշմամբ «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերն ուղղակի վաճառքով օտարվել են «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին։ Ընկերությունը վճարել է 732 մլն դրամ՝ պայմանով, որ եթե ցանկանա հետագայում վաճառել հողամասը և շենք-շինությունները, պետք է վճարի նաև հողի կադաստրային արժեքը՝ 2.3 մլրդ դրամ։

«Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ն պարտավորվել է նաև մարել «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի 24 մլն դրամ պարտքը և երկու տարվա ընթացքում՝ 2022-2024 թվականներին 400 մլն դրամի ներդրում կատարել՝ կառուցելով կամ վերանորոգելով թենիսի կենտրոնն ու լողավազանը։

«Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի տնօրենը 2012 թվականից Արմեն Նազարյանն էր։ ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքից հետո տնօրեն է նշանակվել Դավիթ Չիբուխչյանը։ Մասնագիտությամբ տնտեսագետ Չիբուխչյանի աշխատանքային կարիերայի մեծ մասն անցել է Հաշվեքննիչ պալատում՝ եղել է բաժնի պետ, վարչության պետ, 2015 թվականին 6 տարի ժամկետով նշանակվել է Վերահսկիչ պալատի անդամ։   

37 հա մակերեսով հողի վարձակալությունը

Կառավարության նույն որոշմամբ «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին վարձակալությամբ հանձնվել է 441.8 քմ մակերեսով պահեստը, 135.1 քմ մակերեսով ինքնակամ շինությունը, ինչպես նաև դրանց պահպանման համար անհրաժեշտ ավելի քան 37 հա հողամասը։

2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1592-Ա որոշմամբ Կառավարությունը սահմանել է վարձավճարը՝ 32 մլն դրամ յուրաքանչյուր տարվա համար, պայմանով, որ ամեն տարի հաշվարկվելու է անշարժ գույքի կադաստրային արժեքը, և վարձավճարը փոփոխվելու է՝ կախված արժեքի փոփոխությունից։

Ով դարձավ մարզահամալիրի տերը

Հյուրանոցային մասնաշենքերը, հասարակական նշանակության շինությունները, բուժական կենտրոնը, որոնք Կառավարության 2010 թվականի որոշմամբ վաճառվել էին «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ին, 2022 թվականից պատկանում են «Ծաղկաձորի սպորտ կոմպլեքս» ՍՊԸ-ին։

Այս ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Ընկերության սեփականատերը 2022 թվականից Վարդան Զաքարյանն է։

Վարդան Զաքարյանը ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Զաքարյանի որդին է։ Իշխան Զաքարյանը պետական ապարատում է դեռ 90-ականներից։ Նա 1997-2003 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարարի պաշտոնը: 2006-ին, երբ Ծաղկաձորի մարզահամալիրը 50 տարի ժամկետով վարձակալության տրվեց նրա ընկերոջը պատկանող ընկերությանը, Զաքարյանը ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահն էր: Իսկ 2010-ին, երբ մարզահամալիրի մեծ մասն օտարվեց «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը, Իշխան Զաքարյանը Հաշվեքննիչ պալատի նախագահն էր։

2011 թվականից մինչ օրս Զաքարյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է: Կոմիտեի փոխնախագահն էլ Ալբերտ Բոյաջյանն է։

Իշխան Զաքարյանը նաև խորհրդարանական գործունեության հարուստ փորձ ունի՝ 4 անգամ պատգամավոր է ընտրվել։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին Զաքարյանը մասնակցում էր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով։ Պատգամավոր դառնալուց ամիսներ անց՝ 2021-ի դեկտեմբերին նա հեռացավ խմբակցությունից և դարձավ անկախ պատգամավոր։

Հատկանշական է, որ անկախ պատգամավոր դառնալուց հետո Զաքարյանը կողմ է քվեարկել Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահ ընտրելու որոշմանը։ Զաքարյանի ձայնը վճռորոշ էր իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» համար, քանի որ նրանց ձայներն այդ պահին չէին բավարարում Խաչատուրյանին ընտրելու համար։

Ինչպես վերևում նշեցինք, 2022 թվականին Կառավարությունը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի գույքի մի մասը վաճառեց «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին։

Այս ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին Ալբերտ Բոյաջյանի կողմից։ 2024 թվականին ընկերության սեփականատեր է դարձել Վարդան Զաքարյանը։ Նա Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն է։

Որքանով վաճառվեց Ծաղկաձորի սպորտային համալիրը

Այսպիսով, Ծաղկաձորի սպորտային համալիրը մասնավորեցվել է երկու փուլով։ Մոտ 22 հա հողի, 38․6 հազար քմ շենք-շինությունների սեփականատեր և 37 հա հողի վարձակալ է դարձել Վարդան Զաքարյանը։

32 հազար քմ շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, ինչպես նաև՝ դրանցով չծանրաբեռնված 7․6 հա մակերեսով հողը 2010 թվականին վաճառվել են 541.6 մլն դրամով։ Այսինքն՝ շենքերի 1 քմ-ն առանց հողամասի արժեցել է 6120 դրամ, իսկ հողամասերի 1 քմ-ն՝ 4524 դրամ։ 64 հազար քմ շենք-շինությունները և 14.2 հա հողատարածքը 2022 թվականին վաճառվել են 732 մլն դրամով։

Քրեական գործեր Զաքարյանի նկատմամբ

2024 թվականի հունիսին Իշխան Զաքարյանն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել  էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Դատախազությունը 755 մլն դրամի չափով արգելանք էր դրել Զաքարյանին ու ընտանիքի անդամներին պատկանող գույքի վրա։ Մոտ երկու տարի այս գործը քննվել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում։ Ի վերջո, 2026-ի հունիսին Դատախազությունն ու Զաքարյանը հաշտության համաձայնություն են կնքել։ 

Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է Դատախազության և Զաքարյանների հաշտության համաձայնագիրը, որով նրանց ունեցվածքի մեծ մասը համարվել է օրինական, այդ թվում՝ Բագրևանդ թաղամասում կառուցված առանձնատունը։ 

Հաշտության համաձայնագրով Զաքարյանները պարտավոր են 304 միլիոն դրամ վճարել պետությանը։ Գումարը վճարելու են մաս-մաս՝ տարաժամկետ վճարման պարտավորությամբ։

Դատախազությունը, սակայն, խնդրահարույց չի համարել Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մի շարք հողամասերի ու շենքերի ձեռք բերումը, բացառությամբ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, թաղամաս 10/1 հասցեում գտնվող 5400 քմ մակերեսով հողամասի, որը 2013 թվականից պատկանում է Վարդան Զաքարյանին։

Իսկ 2019 թվականին հարուցված քրեական վարույթը, որը վերաբերում էր մարզահամալիրի օտարման ժամանակ թույլ տրված չարաշահումներին, դեռ նախաքննության փուլում է։ Քրեական վարույթը կարճվել էր, սակայն այս տարի վերաբացվել է։

2020 թ․-ին Ազգային անվտանգության ծառայությունում Իշխան Զաքարյանի և այլ անձանց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել։ Այդ նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով։

Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնական լիազորությունների չարաշահման, ապօրինի հարստացման, պաշտոնական կեղծիքի և  հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում արգելանք է դրվել Զաքարյանի գույքերի վրա։

2023 թ․-ի դեկտեմբերի 29-ին Դատախազությունը հրաժարվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնական լիազորությունների չարաշահման և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Իշխան Զաքարյանին ներկայացրած մեղադրանքից։ Քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ Իշխան Զաքարյանը զղջացել է իր արարքների համար։

«2023-24 թվականներին Իշխան Զաքարյանի կողմից Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 71 հեկտար մակերեսով 15 հողատարածք՝ Կոտայքի մարզի Հացավան համայնքում գտնվող 2 հողատարածք, Արարատի մարզի Լանջազատ համայնքում գտնվող 11 հողատարածք և Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող 2 հողատարածք։ Բացի այդ, Դատախազության դեպոզիտ հաշվեհամարին մուտքագրվել է 32 միլիոն դրամ՝ որպես հողամասի աճուրդային արժեքների և կադաստրային արժեքների տարբերություն»,- «Հետքին» հայտնել են Դատախազությունից։

Թեև Զաքարյանի մեղադրանքն այս քրեական վարույթով հանվել է, բայց քրեական վարույթի նախաքննությունն, ըստ դատախազության, շարունակվում է։

Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Իշխան Զաքարյանին։ Նախկին պատգամավորը մերժեց հարցազրույցի հրավերը և առաջարկեց զրուցել «Ծաղկաձորի սպորտ կոմպլեքս» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Չիբուխչյանի հետ։ 

Չիբուխչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընկերությունն ամբողջությամբ կատարել է ներդրումային պարտավորությունները։ Դատախազության կատարած գնահատման առնչությամբ ասաց, որ հաշվի չեն առնվել մի քանի հանգամանքներ, որոնք կարող էին ազդել գնի ձևավորման վրա, օրինակ՝ տեղադիրքը, տրանսպորտային մատչելիությունը և այլն։ 

«Գնահատման մեթոդաբանությամբ նախատեսված էր, որ պետք է լինի համապատասխան կառույցների տեղազննում, այսինքն՝ տեսնեն, թե ինչ տեխնիկական վիճակում են դրանք գտնվել: Փաստացի գնահատման փաստաթղթում նշված էր, որ տեղազննություններ չեն իրականացվել և այդ գնահատման փաստաթղթում նաև կար հատուկ պայման` նշելով, որ համապատասխան այդ տեղազննությունները չեն կատարվել: Իսկ իրականում այդ գույքերը, որոնք գնահատման փաստաթղթում դիտարկվել էին բավարար, իրականում գտնվում էին ոչ բավարար վիճակում, նույնիսկ այն ժամանակվա նկարները մասնավորեցման ժամանակահատվածից, ինչպես ձեզ ես ներկայացրեցի, բոլոր կառույցները գրեթե վթարային վիճակում են, բավականին ներդրումներ պահանջող, ավելին՝ նաև մասնավորեցումից հետո շատերը, ելնելով իրենց սեյսմիկ անվտանգության վիճակից, ստացել են քանդման շինթույլտվություններ, և դրանք քանդվել են»,- ասաց Դավիթ Չիբուխչյանը։ 

Հարցին՝ արդյոք Իշխան Զաքարյանի և Ալբերտ Բոյաջյանի ընկերական հարաբերություններն ազդել են մարզահամալիրն առանց մրցույթի վարձակալելու և հետագայում մասնավորեցնելու վրա, Չիբուխչյանը պատասխանեց. «Ես կարող եմ նշել, որ Ձեր նշված անձանց հարաբերությունները միայն Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մասով ազդել են դրական առումով, հայկական սպորտի զարգացման առումով: Ես գիտեմ, որ պարոն Բոյաջյանի մոտեցումը հայկական սպորտի զարգացման տեսանկյունից նաև այն է եղել, որ հայ մարզիկները, որը նաև ոչ միայն մինչև մասնավորեցում, այլ մասնավորեցումից հետո էլ հայ մարզիկները պետք է մարզվեին գլխավոր մարզում, պետական բյուջեի միջոցներով նախատեսված գումարով, արժեքով, եթե չեմ սխալվում, մինչև 2021 թվականը՝ 9800 դրամով, որը ակնհայտ է, տվյալ պայմաններում ինքնարժեքից բավականին ցածր է»: 

Եվ այսպես, տասնամյակների ընթացքում պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Իշխան Զաքարյանի քաղաքական ճանապարհը հատվեց Ծաղկաձորի մարզահամալիրի պատմության հետ։ Պետական գույքը տարիների ընթացքում հայտնվեց մասնավորի ձեռքում, իսկ վերջում դրա սեփականատերը դարձավ նախկին պաշտոնյայի որդին։ Գործարքների օրինականությունը կասկածի տակ դրվեց, նախաձեռնվեցին քրեական վարույթներ, որոնց մի մասը հետագայում դադարեցվեց, իսկ մյուսների ճակատագիրը մինչ օրս վերջնականապես պարզ չէ։ Բայց մեկ բան արդեն փաստ է․ պետական մարզահամալիրի մասնավորեցման երկար ճանապարհի վերջնակետում դրա հսկայական տարածքների և շենք-շինությունների սեփականատերը դարձավ Իշխան Զաքարյանի ընտանիքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter