Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Արարատ Միրզոյանի հետ առաջիկա հանդիպման և սահմանազատման գործընթացի իրագործման մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այդ մասին նա նշել է ադրբեջանական APA գործակալության հարցին ի պատասխան։
Նրա խոսքով՝ Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ որոշ հարցերի շուրջ մտքեր է փոխանակել Բիշքեկում։
Խոսելով երկու երկրների սահմանների սահմանազատման մասին՝ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման կետից։ «Պայմանավորվածություն կա, թե մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը ինչ ուղղությամբ պետք է սկսի և շարունակի ընթանալ։ Կա համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքներն սկսվելու են սահմանի առավել բարդ հյուսիսային հատվածից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, ու ընթանա հյուսիսից հարավ»,- ասել է Բայրամովը։
«Ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ։ Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Հայաստանում համապատասխան հանձնաժողովը ևս գլխավորում է փոխվարչապետը (Մհեր Գրիգորյանը՝ խմբ.)»,- շարունակել է նա։
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ անցած տարիներին երկու երկրների հանձնաժողովների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, իսկ հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ Հայաստանում:
Անդրադառնալով Նախիջևանում երկաթուղու վերականգնման աշխատանքներին՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ վերականգնողական աշխատանքներն արդեն իսկ սկսվել են։ Նրա խոսքով՝ այս նախագծին մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերում նաև միջազգային գործընկերները։ Խոսելով նաև TRIPP նախագծի մասին՝ Բայրամովը հավելել է, որ այս նախագծի մասով հիմնական բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, սակայն որևէ նախագիծ չի կարող իրագործվել առանց Բաքվի մասնակցության։
«Դա միանգամայն բնական է։ Որովհետև այդ նախագծի իրագործումն առանց Ադրբեջանի մասնակցության անհնար է։ Ամերիկյան կողմը մեզ իրազեկում է, որ աշխատանքները շարունակվում են։ Ֆիզիկական աշխատանքների մեկնարկը հետաձգվել է մինչև 2027 թվականը: Մենք կարծում ենք, որ որքան շուտ իրականացվի այս նախագիծը, այնքան լավ։ Այն օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին, ինչպես նաև տարածաշրջանի մյուս պետություններին»,- ընդգծել է նա։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել