Հինգ զոհ, մեկ անհետ կորած․ ի՞նչ է տեղի ունեցել Չարեքտարի 552 դիրքում
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Չարեքտարի 552 մարտական դիրքում հերթապահող Հաթերքի գումարտակի յոթ պայմանագրայիններից հինգը զոհվել են, մեկը համարվում է անհետ։
Դիրքում այդ օրը հերթապահել են յոթ հոգի՝ Մուշեղ Գրիգորյանը, Նվեր Գրիգորյանը, Արտյոմ Բաղդասարյանը, Արշակ Սարգսյանը, Ռոբերտ Վանյանը, Վահագ Բարսեղյանը և Աբել Միրզոյանը։ Նրանցից հինգն այդ օրը զոհվել են, Աբել Միրզոյանը համարվում է անհետ կորած։ Մուշեղ Գրիգորյանը վերջինն է եղել, որ 552 դիրքի անձնակազմին ողջ է տեսել։ Նա կարողացել է դուրս գալ դիրքից, երկու օր անտառներում մնալուց հետո հասնել Ստեփանակերտ։
Անհետ կորած համարվող Աբել Միրզոյանը Սյունիքի մարզի Շինուհայր գյուղից էր։ Նրա հայրը՝ Հայկ Միրզոյանը, զոհվել էր Արցախյան առաջին պատերազմում՝ Լաչինի ազատագրման գործողության ժամանակ՝ 1993 թ.-ի սեպտեմբերի 19-ին․ երեսուն տարի հետո նույն օրը մարտական գործողությունների ընթացքում անհետ կորավ որդին։ Հոր զոհվելուց հետո Աբելը տեղափոխվել էր Արցախի Վաղուհաս գյուղ, որտեղ էլ ծանոթացել էր ապագա կնոջ՝ Լուսինե Էմիրյանի հետ։
«Երբ Աբելի հետ ծանոթացա 10-րդ դասարանում էի սովորում։ Ուզում էի դպրոցը ավարտելուց հետո քոլեջում սովորել, բայց ինքը թույլ չտվեց։ Ասաց՝ եթե ընդունվես քոլեջ, քեզ փախցնելու եմ։ Դա իմ համար շատ ահավոր էր, որ պատկերացնում էի ինձ կարող է փախցնել, ես շատ էի վախենում»,- պատմում է Լուսինեն։
Այդ պատճառով էլ Լուսինեն որոշում է տապալել ընդունելության քննությունը ու վերադառնում է գյուղ։ Դրանից հետո Լուսինեն ու Աբելը ամուսնանում են։ Նրանք երեք երեխա ունեն՝ 18, 15 և 6 տարեկան։
Ամուսնանալուց հետո Աբելն ու Լուսինեն ապրել են Սյունիքում, Արցախում, հետո 2012-ին տեղափոխվել Ռուսաստան։ 7 տարի Ստավրոպոլ քաղաքում ապրելուց հետո՝ 2019-ին, վերադարձել են Հայաստան։
Լուսինեն պատմում է, որ 2020-ին՝ պատերազմի ընթացքում, ամուսինը թիկունքային աշխատանքներով է զբաղվե։
2022 թվականին Աբելն ընտանիքի հետ տեղափոխվել է Արցախ ու դարձել պայմանագրային զինծառայող Հաթերքի գումարտակում։
«Արցախում ինքը շատ ընկերներ ուներ։ Իրեն խնդրում էին, ասում էին՝ արի այստեղ 15 օր կգնաս դիրքեր, 15 օր տանը կհանգստանաս, քո ընտանիքով կզբաղվես: Ու ինքը որոշեց, որ պետք է գնա պայմանագրային զինվորական դառնա: Հետո դիմեց Պաշտպանության բանակ։ Հոկտեմբերից արդեն ինքը գնում էր դիրքեր»,- պատմում է Լուսինեն։
Սեպտեմբերի 19-ի կեսօրին սկսվում է Չարեքտարի դիրքերի ռմբակոծությունը։ 552 դիրքում առաջին հարվածը գետնատնակին էր։ Դիրքապահներից Մուշեղ Գրիգորյանը պատմում է, որ առաջին հարվածից հետո ողջ անձնակազմը դիրքավորվել է խրամատաբջիջներում ու սկսել է մարտ վարել։ Իսկ իր զենքի՝ ՀԱՆ-17-ի (АГС-17, հաստոցային ավտոմատ նռնականետ) համար նախատեսված կրակակետը մի փոքր հեռու է եղել։ Նա հրետակոծության տակ կարողացել է հասնել կրակակետ ու սկսել է մարտ վարել։ Որոշ ժամանակ հետո իր վրա հարվածները ինտենսիվացել են։ Մուշեղը պատմում է, որ դիրքը հրետակոծվել է հրետանային տարբեր միջոցներով՝ տարբեր տրամաչափի հրանոթներով, «Սմերչ» կայանքներով և այլն։ Նա մի կերպ կարողացել է նահանջել դեպի մոտակայքով հոսող Թարթառ գետը, ապա անցել է գետը ու թաքնվել անտառում։
Երկու օր անտառում մնալուց հետո Մուշեղը գնացել է Գետավան գյուղ, որտեղ այդ ժամանակ արդեն ադրբեջանցի զինվորներ են եղել։ Նա կարողացել է աննկատ անցնել ադրբեջանցիների կողքով, լիցքավորել հեռախոսի մարտկոցը, խոսել հոր և հրամանատարության հետ, որոնք հրահանգել են սպասել մութն ընկնելուն ու անտառներով դուրս գալ դեպի Հաթերք։ Գետավանից դուրս գալուց հետո Մուշեղը գնացել է սկզբում Հաթերք, ապա՝ Ստեփանակերտ։
Մուշեղը վերջինն է եղել, որ 552 դիրքի անձնակազմին ողջ է տեսել։ Հրադադարի հաստատումից հետո որոնողական խմբեր են գնացել դիրքեր։ Որոնողական խմբի անդամները Լուսինեին պատմել են, որ 552 մարտական դիրքից դուրս են բերել 6 հոգու մարմին։
Մարմինները դիրքից հանելուց հետո տարել են Մարտակերտի դիահերձարան, սակայն զոհերի հարազատներին թույլ չեն տվել մտնել այնտեղ և տեսնել մարմինները, քանի որ ամեն պահի ադրբեջանցիները կարող էին Մարտակերտ մտնել, ու անհրաժեշտ էր շտապ լքել քաղաքը։ Մարտակերտից մարմինները տեղափոխել են Ստեփանակերտի դիահերձարան։
«Ստեփանակերտում արդեն մարմինները խառնվել են մյուսների հետ: Մայրս գնացել է դիահերձարան, որ փորձի ինչ-որ կերպ հետքի վրա դուրս գալ, պարզի՝ արդյո՞ք ամուսինս այնտեղ է, բայց թույլ չեն տվել ներս մտնել։ Ասել են՝ այլևս ուշ է, չեք կարող ստուգել, գնացեք սպասեք Գորիսում, այնտեղ ենք ուղարկում մարմինները։ Այնտեղ կգնաք, կփնտրեք, կգտնեք»,- ասում է Լուսինեն։
6 մարմիններից չորսը ճանաչելի են եղել, երկուսը՝ ոչ։ Վահագ Բարսեղյանի մարմինը նույնականացվել է ԴՆԹ փորձաքննությամբ, իսկ Աբել Միրզոյանի մարմինը մինչ օրս չի հայտնաբերվել։
Լուսինեն մտավախություն ունի, որ ամուսնու մարմինը հնարավոր է այլ մարդիկ են հուղարկավորել, և պատկան մարմինները չեն ցանկանում ուսումնասիրել այս դեպքը, որ քողարկեն իրենց անկազմակերպ աշխատանքը։
«Ամեն անգամ, երբ Երևան եմ այցելում, գնում եմ Եռաբլուր: 2023 թվականի զոհերն առանձին մի տեղում են հուղարկավորված: Գնում եմ այնտեղ ու այդ քարերին, այդ նկարներին նայելով՝ հարցնում եմ՝ դո՞ւ ես, թե՞ դու չես: Միգուցե այստեղ իմ ամուսնու մարմի՞նն է հուղարկավորված: Գնում եմ այնտեղ ու չեմ էլ ուզում ընդհանրապես դուրս գալ։ Ո՞ր մեկի շիրիմին այցելեմ, ո՞ր մեկի քարին կպնեմ, խունկ ծխեմ, որ մի քիչ գոնե հանգստանամ։ Այդպես բոլորին այցելում եմ, խունկ ծխում, մի քիչ հանգստանում, հետո նոր դուրս գալիս՝ արդեն շատ ուշ ժամի։ Այս անբուժելի վերքի մեղավորներից է նաև անհետ կորածների գործերն ուսումնասիրող Քննչական կոմիտեն»,- ասում է Լուսինեն։
Արցախյան վերջին մարտերի ընթացքում անհետ կորել է նաև Լուսինեի հորեղբայրը՝ Գավրուշա Էմիրյանը, իսկ քրոջ ամուսինը մինչ օրս գերության մեջ է Բաքվում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել