HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զելենսկին Ուկրաինայի վարչապետի պաշտոնում ուզում է առաջադրել «Нафтогаз Украины»-ի ղեկավար Սերգեյ Կորեցկու թեկնածությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի վարչապետի պաշտոնն առաջարկել է «Нафтогаз Украины» էներգետիկ ընկերության ղեկավար Սերգեյ Կորեցկուն։ Այդ մասին հայտնում է Украинская правда-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Մինչ այդ, Financial Times-ը և РБК-Украина-ն Կորեցկուն անվանել էին կառավարության ղեկավարի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկը։

Սերգեյ Կորեցկին 48 տարեկան է։ Նա «Нафтогаз»-ի գլխավոր տնօրեն է նշանակվել 2025 թվականին։ Մինչ այդ, շուրջ 3 տարի, նա ղեկավարել է «Укрнафта» ընկերությունը (այն բանից հետո, երբ Ուկրաինայի իշխանություններն ազգայնացրին ընկերությունը՝ այն վերցնելով օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուց)։ Ուկրաինական 24-րդ ալիքը հայտնում է, որ Կորեցկու օրոք՝ «Укрнафта»-ն սկսեց շահույթով աշխատել ու դարձավ ամենահաջողակ պետական ընկերություններից մեկը։

Украинская правда-ի աղբյուրները հայտնում են, որ Զելենսկին հետևում էր Կորեցկու աշխատանքին ու նրան համարում «ամենաուժեղ պետական մենեջերներից մեկը»։ Կորեցկուն առաջարկելով զբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ Ուկրաինայի նախագահը առաջնահերթ խնդիրների թվում նշել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի պաշտպանությունն ու առաջիկա ձմռանը դրա նախապատրաստումը։ Սպասվում է, որ ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի հարձակումների պատճառով այս ձմեռը կարող է ամենադժվարը դառնալ ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր:

Украинская правда-ի զրուցակիցները նշում են, որ Կորեցկին զարմացել է Զելենսկու առաջարկից, բայց արդեն իսկ տվել է իր համաձայնությունը։ Նա հավելել է, որ մինչև վերջ չի գիտակցում իր առջև ծառացած մարտահրավերների մասշտաբները, բայց պատրաստ է փորձել։ 

Պարբերականի տվյալներով՝ Զելենսկին որոշել է փոխել կառավարության կազմն այն բանից հետո, երբ անցած շաբաթ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան Ուկրաինայի նախագահին հայտնել է դիվանագիտական ծառայությունից հեռանալու մտադրության մասին: Украинская правда-ն գրում է, որ Զելենսկու համար նրա անսպասելի հրաժարականը «ավելի շուտ հնարավորություն էր, քան խնդիր»։ Ուկրաինայի նախագահը որոշել է Վաշինգտոնում նոր դեսպան նշանակել գործող վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին։ Financial Times-ը, որը ևս հայտնում է դիվանագիտական աշխատանքին Սվիրիդենկոյի անցնելու մասին, նշում է, որ Ուկրաինայի վարչապետը հանքանյութերի գործարքի նախապատրաստության ժամանակ հասցրել է հարաբերություններ հաստատել Դոնալդ Թրամփի թիմի անդամների հետ։ 

Այդուհանդերձ, Суспільне-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Սվիրիդենկոն չի ընդունել Ուկրաինայի նախագահի առաջարկը։ Սվիրիդենկոյի շրջապատում պարբերականի երեք աղբյուրները հայտնել են, որ հուլիսի 14-ի առավոտյան դրությամբ նա չի դիտարկում այդ պաշտոնը։ Թե արդյոք նա մերժել է Ուկրաինայի նախագահին, դեռւս հայտնի չէ։ Փոխարենը, Украинская правда-ն գրում է, որ նա արդեն իսկ հրաժարվել է այդ առաջարկից։

Սվիրիդենկոն Ուկրաինայի կառավարությունը ղեկավարում էր մեկ տարուց մի փոքր պակաս: Նրա հրաժարականի նախադրյալը իշխանության վերնախավում լուրջ փոփոխություններն էին, երբ Անդրեյ Երմակի փոխարեն նախագահի գրասենյակի ղեկավարումն ստանձնեց Կիրիլ Բուդանովը։ Բացի այդ, նախագահ Զելենսկին հայտարարում էր` ցանկանում է, որ Ուկրաինայի կառավարությունն ավելի ինքնուրույն գործի։ Ինչպես գրում է Украинская правда-ն, երկար ժամանակ նախագահի գրասենյակն էր սահմանում կառավարության առջև ծառացած խնդիրները, բայց վերջերս Զելենսկին խոսում էր նման մոդելից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Ըստ պարբերականի՝ որոշ խորհրդակցությունների ժամանակ Զելենսկին ասել է. «Դե դա գոնե կարող եք անել առանց ինձ»։

Украинская правда-ն Սվիրիդենկոյի հեռանալը կապում է նաև Ուկրաինայում նախագահական ընտրությունների հետ։ Ըստ պարբերականի՝ նախագահի գրասենյակը «հաշտվել է» այն մտքի հետ, որ իրենց չի հաջողվի ընտրություններ անցկացնել այս աշնանը ու դա գնահատել որպես կառավարության թարմացման հնարավորություն։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter