
Խոշոր վերադասավորումներ Ուկրաինայի կառավարության կազմում
Ուկրաինան հայտարարում է կառավարության կազմում խոշոր վերադասավորումների մասին, այդ թվում՝ վարչապետ Դենիս Շմիգալի մակարդակով։ Նա կշարունակի պաշտոնավարումն արդեն պաշտպանության նախարարի պաշտոնում։
Փոխարենը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է այդ երկրի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյի հետ և առաջարկել նրան ղեկավարել կառավարությունը:
«Ես Յուլիա Սվիրիդենկոյին առաջարկել եմ գլխավորել Ուկրաինայի կառավարությունը ու զգալիորեն թարմացնել դրա աշխատանքը։ Ակնկալում եմ, որ առաջիկայում ինձ կներկայացնեն նոր կառավարության գործողությունների ծրագիրը»,- սոցիալական ցանցերում գրել է նախագահ Զելենսկին։
Վլադիմիր Զելենսկին նաև նշել է, որ հանդիպման ընթացքում Սվիրիդենկոն ներկայացրել է Ուկրաինային աջակցության վերաբերյալ եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ զեկույց:
«Քննարկել ենք նաև կոնկրետ գործողություններ, որոնք կարող են ամրապնդել Ուկրաինայի տնտեսական ներուժը, ընդլայնել ուկրաինացիներին աջակցության ծրագրերը և մասշտաբավորել զենքի մեր սեփական արտադրությունը։ Այդ նպատակով Ուկրաինայում մենք սկսում ենք գործադիր իշխանության համակարգի վերափոխումը»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն իր երեկոյան տեսաուղերձի ժամանակ էլ հայտարարել է, որ Գերագույն ռադային առաջարկել է գործող վարչապետ Դենիս Շմիգալին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում։
«Դենիս Շմիգալի հսկայական փորձը հաստատ օգտակար կլինի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում։ Հենց այս ոլորտում են այժմ երկրի առավելագույն ռեսուրսները, առավելագույն խնդիրները և շատ մեծ է պատասխանատվությունը։ Ես հույս ունեմ, որ ժողովրդական պատգամավորները իրենց աջակցությունը կհայտնի Ուկրաինայի կառավարության կազմում այս նոր նշանակմանը»,- ասել է Զելենսկին։
Վարչապետի պաշտոնում Սվիրիդենկոյի հնարավոր նշանակման մասին ավելի վաղ ազդարարել էին ուկրաինական պարբերականների աղբյուրները։ Վլադիմիր Զելենսկին էլ հուլիսի 13-ին Դենիս Շմիգալի հետ հանդիպումից հետո խոստացել էր իրականացնել գործադիր իշխանության վերափոխում։
Ինչպես փոխանցում է Украинская правда-ն, հղում անելով իր աղբյուրներին, Գերագույն ռադան հուլիսի 16-ին պատրաստվում է ազատել կառավարության անդամներին, իսկ արդեն հաջորդ օրը նշանակել նոր նախարարներին։
Դենիս Շմիգալն Ուկրաինայի վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր 2020 թվականի մարտից։
Ենթադրվում է, որ պաշտպանության գործող նախարար Ռուստեմ Ումերովը կնշանակվի ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան՝ փոխարինելով Օկսանա Մարկարովային, որն այդ պաշտոնին է 2021 թվականից։ Ընդ որում, ինչպես գրում է Bloomberg-ը, Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի փոփոխության հարցը քննարկվել է նաև Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույցի ժամանակ։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել