Մոմավառություն Լեո-Պարոնյան խաչմերուկում՝ Սոնա Մնացականյանի մահվան 4-րդ տարելիցին
4 տարի առաջ այս օրը` ապրիլի 26-ին՝ ժամը 18:05, Պարոնյան-Լեո խաչմերուկում վարչապետին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացավ Սոնա Մնացականյանը։ Նա 31 շաբաթվա հղիություն ուներ, վրաերթից հետո հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում։
Դեպքից հետո ամեն տարի նույն վայրում մի խումբ քաղաքացիներ մոմավառություն են կազմակերպում ու ծաղիկներ խոնարհում` ոգեկոչելու Սոնայի հիշատակը։ Այսօր նույնպես Պարոնյան-Լեո խաչմերուկը բազմամարդ էր։
Նշենք, որ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով 2025 թվականի հուլիսի 30-ին Առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին։ Վերջինս դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Նույն ժամկետով էլ նա զրկվել է ավտոմոբիլ կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Պատժին հաշվակցվել է Արամ Նավասարդյանի արգելանքի տակ գտնված ժամանակահատվածը, և վերջնական պատիժ նշանակվել 1 տարի 5 ամիս 26 օրը։
Գործով տուժող կողմը՝ Սոնա Մնացականյանի հայրը և նրա ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը միջնորդել էին դատարանին վարորդին ազատազրկել 4 տարի ժամկետով։ Իսկ մեղադրող կողմը միջնորդել էր ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դատավճռից դժգոհ են թե՛ տուժող կողմը՝ Սոնա Մնացականյանի հայրը, թե՛ վարորդի պաշտպանները։ Սոնա Մնացականյանի հայրն ակնկալում է առավել խիստ պատիժ` 4 տարվա ազատազրկում, իսկ վարորդի պաշտպան Ռուբեն Բալոյանը կարծում է, որ Արամ Նավասարդյանն անմեղ է և պետք է արդարացվի։
Երկու կողմն էլ դատական ակտը բողոքարկել են Վերաքննիչ դատարան։ Րաֆֆի Ասլանյանը «Հետքին» հայտնեց, որ Վերաքննիչ դատարանում արդեն 5 նիստ կայացել է, մայիսի 18-ին սպասում են որոշմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել