HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Փաշինյանին ուղեկցող մեքենայի վարորդը մեղավոր ճանաչվեց հղի Սոնա Մնացականյանի վրաերթի գործով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը մեղավոր ճանաչեց վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին` Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու համար: Դատավճիռը հրապարակվեց քիչ առաջ, իսկ պատժաչափը կորոշվի լրացուցիչ դատական նիստով:

Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց նախկին Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։ Սակայն, հաշվի առնելով, որ ՃՏՊ վայրը թողնելու վերաբերյալ հոդվածը նոր Քրեական օրենսգրքով ապաքրեականացվել է, տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ հոդվածով պատիժ չի նշանակի դատարանը։ Իսկ 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է ազատազրկում՝ մինչև 5 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2022-ի ապրիլի 26-ին: Սոնա Մնացականյանը 31 շաբաթվա հղիություն ուներ, վրաերթից հետո նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում։

Գործի քննությունը ձգվել է շուրջ 3 տարի, ամբաստանյալի աթոռին էր մեքենայի վարորդը՝ Արամ Նավասարդյանը։ Նրա նկատմամբ խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն էր, նա քրեական գործի սկզբից մինչև այսօր երբևէ կալանավորված չի եղել։

Պաշտպանական կողմը չի ընդունում մեղադրանքը, վարորդի պաշտպան Ռուբեն Բալոյանը պնդում է, որ Արամ Նավասարդյանն անմեղ է: Փոխարենը մեղադրում է Սոնա Մնացականյանին, որը, ըստ Բալոյանի, «իրավախախտ վարքագիծ է դրսևորել և հետքայլ է կատարել, ինչը դարձել է վրաերթի պատճառ»: Բալոյանը նաև վարկածներ էր առաջ քաշում՝ նշելով, որ գուցե Սոնա Մնացականյանը իր քաղաքական դիրքորոշումներից ելնելով է որոշել չզիջել վարչապետի ավտոշարասյանը։ Այս վարկածը տուժող կողմի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը համարում է անհեթեթ՝ նշելով, որ տուժող անձին փորձում է ինքնասպանություն վերագրել։ Բալոյանը համաձայն չէ նաև փորձագիտական եզրակացությունների հետ` դրանք որակելով «սուտ»:

Իսկ մեղադրող և տուժող կողմերը կարծում են, որ այս գործով փորձագիտական եզրակացությունները ճշգրիտ են, համարվում են հիմնական ապացույցներ և հիմնավորում են Արամ Նավասարդյանի մեղավորությունը:

Կողմերի դիրքորոշումներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև`

Գլխավոր լուսանկարում՝ ՃՈ ավտոմեքենայի վարորդ Արամ Նավասարդյանը և Սոնա Մնացականյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter