Ալիև-Թրամփ հանդիպում՝ Դավոսում
Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունների զարգացման առնչությամբ։
Ալիևն ընդգծել է Թրամփի պատմական դերը անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում:
Ադրբեջանի նախագահը նաև անդրադարձել է այն քայլերին, որոնք ձեռնարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Նշելով, որ տարածաշրջանում արդեն խաղաղություն է հաստատվել, Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է, որ դա դրսևորվում է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ձևավորմամբ: Այս առումով նա առանձնացրել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ներկրվող հացահատիկի առաքումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Կողմերն անդրադարձել են նաև TRIPP նախագծին։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ առաջնորդի նախագահությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի նշանակությանը, ընդգծվել այդ կառույցի կարևորությունը Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման, ինչպես նաև գլոբալ հակամարտությունների կարգավորման գործում:
Հիշեցնենք, որ այսօր Դավոսում շուրջ 30 երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ստորագրվել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Դրան մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս նախաձեռնությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինն է։ Այն զբաղվելու է Գազայի հատվածում և մյուս տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորմամբ։ ԱՄՆ-ն 60-ից ավել երկրների հրավիրել է միանալ այս մարմնին, այդ թվում՝ Հայաստանին։ Եվրոպական որոշ երկրներ, այդ թվում՝ Շվեդիան, Նորվեգիան, Դանիան, Ֆրանսիան և Սլովենիան, հրաժարվել են մասնակցել դրան։ Հրավեր ստացած երկրների թվում են նաև Ուկրաինան, Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը։ Եվրոպական որոշ երկրների առաջնորդներ ու Ուկրաինայի նախագահը հայտարարել են, որ Պուտինի հետ միևնույն սեղանի շուրջ չեն նստի։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել