HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Գործադիրը 3,25 մլն դոլար կտրամադրի ամերիկյան ընկերությանը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ՀՀ շահերը պաշտպանելու համար

Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 21-ի նիստում հավանություն տվեց ամերիկյան փաստաբանական «Arnold & Porter» ընկերությանը 3 մլն 250 հազար դոլար տրամադրելու որոշմանը։ Ընկերությունը պետք է պաշտպանի Հայաստանի Հանրապետության շահերը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո Սամվել Կարապետյանի ընտանիքը դիմել էր Ստոկհոլմի արբիտրաժային դատարան։

Համաձայն Կառավարության այսօր ընդունած որոշման հիմնավորման՝ որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության ապահովմամբ։

Կառավարությունն ամերիկյան փաստաբանական ընկերությանն այս տարվա բյուջեից կփոխանցի 1 մլն 93 հազար դոլար։ Գումարը կփոխանցվի Կառավարության պահուստային ֆոնդից։

Ամերիկյան ընկերությունից ծառայության ձեռքբերումը տեղի է ունենալու մեկ անձից գնման ընթացակարգով։ «Գնումների մասին օրենքի» 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում ասվում է, որ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե իրականացվում է ՀՀ տարածքից դուրս։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գնառաջարկների ուսումնասիրման փուլում հաշվի են առնվել հետևյալ չափորոշիչները՝ ընկերության փորձառությունը միջազգային ներդրումային արբիտրաժային գործերով՝ հատկապես էներգետիկ ոլորտում, առաջարկվող իրաբանական ծառայությունների արժեքի մրցունակությունը և հնարավոր շահերի բախման հանգամանքը։

«Նշված հանգամանքների ներքո գնառաջարկների ուսումնասիրման արդյունքում իր ծառայությունների համար սահմանված արժեքի և հարուստ փորձառության բացառիկությամբ աչքի է ընկել  Ամերիկայի Միացյալ նահանգներում գործող Arnold & Porter ընկերությունը, որը հատկապես ներդրումային արբիտրաժային վարույթների շրջանակներում պետությունների շահերի պաշտպանության գործերով հաջողել է վերջին 60 որոշումներից 53-ում (հաջողություն շուրջ 93% դեպքերում)»,- նշված է հիմնավորման մեջ:

Նշենք, որ 3 մլն 250 հազար դոլարը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը, փորձագիտական ծախսերը, արբիտրաժային վարույթի ծախսերը, թարգմանչական ու տպագրական ծախսերը և այլ վճարներ (ճանապարհածախս և կացարան) և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter