
Տեղի համայնքապետը շարունակում է պայմանագրեր կնքել եղբոր և քեռու ընկերությունների հետ
2025 թվականի հունիսի 25-ին Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանը պայմանագիր է կնքել Սասուն Ղուլունց ԱՁ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 38.7 մլն դրամ է։
Համաձայն պայմանագրի՝ Սասուն Ղուլունց ԱՁ-ն պետք է իրականացնի Տեղ համայնքի կազմում ընդգրկված Արավուս բնակավայրի խաղահրապարակի և ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքները։
Սասուն Ղուլունցը Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի եղբայրն է։
Այս տարի մեկ այլ պայմանագիր էլ Դավիթ Ղուլունցը կնքել է քեռու հետ։ Համայնքապետարանը 3 մլն 750 հազար դրամ է վճարել «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ին 6300 կգ սեղմված բնական գազ մատակարարելու համար։
«Զանգեզուր գազ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության հիմնադիրները Տիգրան Խաչատրյանն ու Մարտունիկ Պողոսյանն են։ Տիգրան Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է, Մարտունիկ Պողոսյանը՝ Դավիթ Ղուլունցի քեռին։ 2019 թվականին Տիգրան Խաչատրյանը դուրս է եկել ընկերությունից։ Ներկայում ընկերության 50%-ը պատկանում է Մարտունիկ Պողոսյանին, մյուս 50%-ը նրա կնոջը՝ Նազիկ Սեդրակյանին։
Մարտունիկ Պողոսյանի եղբայրը՝ Մելիքսեթ Պողոսյանը, 2022 թվականից զբաղեցնում է Պաշտպանության նախարարի Սյունիքի և Վայոց ձորի հարցերով խորհրդականի պաշտոնը։ Իսկ 2020-2022 թվականներին Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել։
Դավիթ Ղուլունցը նախկինում ևս պայմանագրեր է կնքել իր հետ փոխկապակցված ընկերությունների հետ։ Նախորդ տարի «Հետքը» գրել էր, որ Տեղի ՔՊ-ական համայնքապետը 2021-2024 թվականներին 378 մլն 843 հազար դրամի պայմանագրեր է կնքել եղբոր հետ։
Մեր հրապարակումից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանեց Դավիթ Ղուլունցին «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը խախտելու համար։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 5-րդ մասում ասվում է, որ պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման հանգեցնող գործողություններից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց:
Եթե պաշտոնյան հայտնվել է շահերի բախման իրավիճակում, նա պարտավոր է դրա վերաբերյալ գրավոր հայտարարություն ներկայացնել իր վերադասին, իսկ վերադաս չունենալու դեպքում՝ ԿԿՀ-ին։
Դավիթ Ղուլունցը նախորդ անգամ տուգանվելուց հետո, այս անգամ արդեն ներկայացրել է շահերի բախման առկայության վերաբերյալ հայտարարություն։ Հայտարարությունը տեղադրվել է համայնքապետարանի կայքում հունիսի 9-ին։
Գլխավոր նկարում՝ ձախից՝ Դավիթ Ղուլունց, Սասուն Ղուլունց
Մեկնաբանել