
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում պնդել է, որ նախաքննության ընթացքում ներգրավված թարգմանիչները կողմնակալ են եղել
Հուլիսի 22-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։
Նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանն առարկություն է ներկայացրել՝ պնդելով, որ նախաքննության ընթացքում ներգրավված թարգմանիչները ոչ պրոֆեսիոնալ և կողմնակալ են եղել։ Նրա պաշտպան Աբրահամ Բերմանը պաշտպանել է Վարդանյանի այս պնդումը՝ թվարկելով թարգմանիչների անունները։
Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հակադարձել է՝ նշելով, թե «Վարդանյանը չի նշել ոչ պրոֆեսիոնալիզմի դեպք և չի ներկայացրել կողմնակալության ապացույցներ», նա դատարանին խնդրել է մերժել առարկությունը։ Դատավոր Աղաևը հայտնել է, որ Վարդանյանը չի ներկայացրել ապացույցներ իր պնդումները հիմնավորելու համար և մերժել է առարկությունը։
Այնուհետև Ռուբեն Վարդանյանը առարկել է փետրվարի 25-ի դատական նիստի արձանագրություններում ներկայացված մանրամասների վերաբերյալ՝ մատնանշելով ընթացակարգային խախտումներ և դատական կողմնակալությունը։ Նրա պաշտպանը միացել է այս առարկությանը։
Դատավոր Աղաևը նշել է, որ առարկությունները պետք է գրավոր հիմնավորվեն Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, և ըստ դատավորի՝ «կողմնակալության որևէ հավաստի ապացույց չի ներկայացվել», ինչի համար առարկությունը մերժվել է։
Այնուհետև գործով «տուժողները» և նրանց օրինական ներկայացուցիչները ցուցմունքներ են տվել։ Մենք չենք ներկայացնում այդ ցուցմունքները, քանի որ այդ մտացածին պատմություններում Հայաստանը ներկայացված է որպես ագրեսոր և նրանք իբրև թե վիրավորումները ստացել են «սադրանքները» կանխելու ժամանակ։ Դատարանը ներկայացրել է նաև «տուժողների» վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 29-ին։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։
Մեկնաբանել