
Քննչական կոմիտեն ներկայացրել է «Տաշիր գրուպի» գրասենյակում իրականացված խուզարկությունների պատճառը
Այսօր առավոտից իրավապահ մարմինները խուզարկություն էին իրականացնում անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում։
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 17-ին, ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու արած հայտարարությունից հետո։
Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:
Մեկնաբանել