
Խուզարկություններ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում
Ժամեր առաջ լուրեր տարածվեցին, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հաստատեց խուզարկության վերաբերյալ լուրերը։
«Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- ասաց Ավդալյանը։
Թե որ գործի շրջանակներում են իրականացվում խուզարկություններ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը չմանրամասնեց, սակայն նշեց, որ այն կապ չունի Սամվել Կարապետյանի վերաբերյալ ներկայում քննվող գործի հետ։
Հիշեցնենք, որ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 17-ի երեկոյան։ Ձերբակալման առիթ էր դարձել նույն օրը «News.am»-ին տված հարցազրույցում արտահայտած մտքերը։
Կարապետյանն իր աջակցությունն էր հայտնել Մայր Աթոռին և քննադատել իշխանությունների կողմից եկեղեցու և բարձրաստիճան եկեղեցականների թիրախավորումը։
«Փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել ա հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»,- ասել էր Կարապետյանը։
Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում են պետականացնել Կարապետյանին պատկանող «Հայաստանի Էլեկտրական ցանցերը»։
Այսօր առավոտյան Ազգային ժողովն ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակը ՀԷՑ-ի պետականացումն է։
Ավելի վաղ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ՀԷՑ-ին և սպառնացել աշխատանքից ազատել բոլոր այն աշխատակիցներին, ովքեր զբաղված են քաղաքական խարդավանքներով։
«ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր, իրենց գործը թողած, զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։
ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որեւէ խնդիր չեն ունենա։
Նրանք, ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»,- գրել է վարչապետը։
Փաշինյանի այս գրառմանը արձագանքել է Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը։
«ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով՝ իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք»,- ասված է հայտարարության մեջ:
Մեկնաբանել