HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես «Գլավդորստրոյ»-ը հայտնվեց «սև ցուցակում»

Ծաղկաձորի և Հրազդանի կենտրոնական ճանապարհները 2024 թվականին, ամիսներով քանդված մնալուց հետո, հիմնանորոգվեցին։ Թեև խնդիրը համարվեց լուծված, սակայն այս ճանապարհների հիմնանորոգման համար պետական մրցույթում հաղթած առաջին ընկերությունը, որը հայտնվել էր պետական գնումների «սև ցուցակում», դեռևս քաշքշուկների մեջ է։ Պետական կառույցների հետ գործերը հարթ չեն ընթանում։ Ընկերության ներկայացուցիչը որոշել է բարձրաձայնել թեման՝ շեշտելով, որ իրենց թույլ են տվել սկսել ճանապարհների նորոգումը և միայն աշխատանքների կեսից, երբ արդեն միլիոնավոր դրամներ էին ծախսել, որոշել են, որ որոշ փաստաթղթերն օրենքին չեն համապատասխանում։ 

Ինչու երկարաձգվեց Ծաղկաձորի, Հրազդանի, Վանաձորի ճանապարհների նորոգումը, և ինչպես «Գլավդորստրոյ»-ը հայտնվեց «սև ցուցակում»

Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում մեկ տարուց ավելի գլխավոր ճանապարհները քանդված էին (2023թ.)։ Դրանք հենց այն հատվածներն էին, որոնք պետք է հիմնանորոգեր Հայաստանում բազմաթիվ պետական գնումներում հաղթող ճանաչված ռուսական «Գլավդորստրոյ» ԲԸ-ն (АО "ГДС")։ Այս ընկերության հետ ծագած խնդիրների պատճառով էլ ձգձգվում էին աշխատանքները։ 2022-ի սեպտեմբերի 9-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) պայմանագիր է կնքել «Գլավդորստրոյ»-ի հետ, ըստ որի՝ ընկերությունը ընդհանուր 1.7 մլրդ դրամով պետք է հիմնանորոգեր ճանապարհներ Հրազդանում, Ծաղկաձորում և Վանաձորում։ 

Մայրուղուց դեպի Հրազդան, ապա՝ Ծաղկաձոր տանող ճանապարհի հիմնանորգման համար 900 մլն դրամի պայմանագիր է կնքվել, իսկ Վանաձորի Կարեն Դեմիրճյանի անվան փողոցի հիմնանորոգման համար՝ 800 մլն դրամ։ 

Սակայն, երկու դեպքում էլ ընկերությունն աշխատանքները չի ավարտել։ Ավելին՝ Վանաձորում չէր էլ սկսել, երբ 2022 թվականի տարեվերջին ՏԿԵՆ-ը պայմանագիրը միակողմանի լուծել է։ 

Լուծման փաստաթղթում նշվում է, որ ըստ պայմանագրի՝ ընկերությունը պետք է աշխատանքներն իրականացներ ֆինանսական միջոցների առկայության և դրանց հիման վրա պայմանագրի կնքումից հետո։ Պայմանագիրը չի կնքվել, սակայն ընկերությունը սկսել է աշխատանքները։ 

Հրազդան-Ծաղկաձոր հատվածում «Գլավդորստրոյ»-ը ֆրեզավորել է ճանապարհը և ձմեռային ժամանակաշրջանին ընդառաջ՝ աշխատանքները դադարեցրել է: ՏԿԵՆ-ը պնդել է, որ «Գլավդորստրոյ»-ի աշխատանքներում անհամաչափություններ կան։

«Ֆրեզավորման աշխատանքները կատարվել են ոչ համաչափ, որի արդյունքում ծածկի երկայնական ակոսները մոտ 2 սմ խորություն ունեն: Այս հանգամանքը ձյան տեղումների ժամանակ լուրջ խոչընդոտներ է ստեղծել ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման համար (հաշվի առնելով Հրազդանի խիստ ձմեռը՝ ծածկի ձյան շերտի մաքրումից և մշակումից հետո ակոսներում կուտակված ձյունը հաճախ կվերածվի սառույցի)»,- նշված է փաստաթղթում։

Ձմռան նախաշեմին կատարված ֆրեզավորման աշխատանքները, ըստ ՏԿԵՆ-ի, լուրջ խոչընդոտներ են ստեղծել Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհահատվածի համար։ 

Իսկ Վանաձորի ճանապարհների նորոգման պայմանագիրն ընկերությունն ինքն է ավելի վաղ առաջարկել լուծել։ 

«Գլավդորստրոյ»-ը, ինչպես վերը նշված աշխատանքների, այնպես էլ՝ ևս չորս ճանապարհների և կոյուղագծի կառուցման արդյունքում, այսինքն՝ հինգ անգամ, հայտնվել է Ֆինանսների նախարարության «սև ցուցակում»։ Ծաղկաձորի, Հրազդանի և Վանաձորի ճանապարհների կառուցման պայմանագրերի լուծումից հետո այն 2023-ի փետրվարից երկու տարով «սև ցուցակում» է հայտնվել։ 

Սակայն, մինչ այդ էլ՝ 2022-ի նոյեմբերին էր հայտնվել «սև ցուցակում»՝ ՏԿԵՆ-ի հետ կնքված երկու պայմանագրերի լուծումից հետո։ Դրանցից մեկով «Գլավդորստրոյ»-ը հաղթել էր Դսեղում կամրջի հիմնանորոգման մրցույթում, մյուսով՝  Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի նորոգման։ Պայմանագրերի կնքումից մի քանի ամիս անց դրանք լուծվել են. ՏԿԵՆ-ը հայտարարել է, որ պայմանագրերի կատարման և որակի ապահովման բանկային երաշխիքները չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին։

Բացի այդ, Քաղաքաշինության կոմիտեն հայտնել է, որ «Գլավդորստրոյ» ԲԸ-ին քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլատվություն չի տրամադրվել:

Նույն պատճառաբանությամբ Ծաղկաձորի համայնքապետարանը ևս լուծել է այս ընկերության հետ կնքված երկու պայմանագիր։ 2022 թ. սեպտեմբերի 28-ի  պայմանագրով ընկերությունը պետք է կապիտալ վերանորոգեր Ծաղկաձորի Սարալանջի փողոցից դեպի Նոր թաղամաս տանող ճանապարհն ու Նոր թաղամասի փողոցները։ Նույն օրը կնքված և հետագայում կրկին լուծված մեկ այլ պայմանագրով ընկերությունը  պետք է Ծաղկաձորում կոյուղագծեր կառուցեր։ 

Այս ընկերության համար երաշխիքներ ներկայացրած «Լորդ-Ինվեստ» ՍՊԸ-ն, ըստ Ծաղկաձորի համայնքապետարանի, ոչ բանկ է, ոչ էլ՝ ապահովագրական ընկերություն: 

Ըստ ռուսական բաց աղբյուրների՝ «Լորդ-Ինվեստ»-ը ևս գրանցված է Մոսկվայում՝ նույն հասցեում, որտեղ գրանցված է «Գլավդորստրոյ»-ը։ 

Այս դեպքերով էլ «Գլավդորստրոյ»-ը հայտնվել է «սև ցուցակում»։

Անհասկանալի է, թե ինչու են պետական մարմինները «Գլավդորստրոյ»-ի համար երաշխիք ներկայացրած ընկերության անհամապատասխանությունը օրենքին հայտնաբերել ոչ թե սկզբում, երբ «Գլավդորստրոյ»-ը հաղթող է ճանաչվել մրցույթներում, այլ՝ երբ ընկերությունը արդեն իսկ որոշ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները սկսել է։ Նույն հարցն է ծագում նաև Քաղաքաշինության կոմիտեի դիտարկման վերաբերյալ։ 

Ծաղկաձորում կոյուղագծերի կառուցման պայմանագրի լուծման փաստաթղթում միայն նշվում է՝ փաստը, որ «Լորդ-Ինվեստ» ՍՊԸ-ն չի հանդիսանում ոչ բանկ, ոչ էլ ապահովագրական ընկերություն, ի հայտ է եկել ՀՀ ֆինանսների նախարարություն իրականացված հարցման և վերջինիս կողմից որպես լիազոր մարմին տրված պարզաբանման արդյունքում: 

«Հետք»-ին դիմած «Գլավդորստրոյ» ԲԸ տնօրեն Սամվել Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Գևորգ Պողոսյանը պնդում է, որ Հրազդան և Ծաղկաձոր համայնքների ղեկավարները արհեստական խոչընդոտներ են ստեղծել իրենց համար, կասեցրել աշխատանքները և ճանապարհաշինության գործը հանձնել իրենց մտերիմներին։ Թույլ են տվել, որ «Գլավդորստրոյ»-ը մի շարք պայմանագրերի շրջանակներում աշխատանքների մեծ մասը կատարի, ապա լուծել պայմանագիրը և վերջին հատվածը հանձնել այլ ընկերությունների, որոնք էլ վարձատրվել են դրա համար։ 

«Գլավդորստրոյ» ԲԸ-ն (АО "ГДС") գրանցված է Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայում։ Ստեղծվել է 2004 թվականին։ Տնօրենը Սամվել Ալբերտի Պետրոսյանն է։ Քանի որ ընկերությունը բաժնետիրական է, սեփականատերերի մասին տեղեկությունները ռուսական աղբյուրներում փակ են։ 

«Գլավդորստրոյ»-ի ներկայացուցիչը՝ Գնել Սանոսյանի հետ բանակցությունների, պետական գնումներում կոռուպցիոն սխեմաների մասին 

«Մենք Հայաստանում պետական գնումներին սկսեցինք մասնակցել 2021 թվականից հետո։ Չարենցավանում միջոցառումներից մեկի ժամանակ հանդիպեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խոսեցինք, պատմեցինք, որ Ռուսաստանում զբաղվում ենք շինարարությամբ, պետական գնումների ենք մասնակցում։ Նա հորդորեց Հայաստանում ևս աշխատել, և մասնավորապես՝ Ծաղկաձորում ու Հրազդանում, որտեղ շատ անելիք կար»,- պատմում է Գևորգ Պողոսյանը։ 

Դրանից հետո «Գլավդորստրոյ»-ը սկսել է մասնակցել պետական գնումներին։ 

Գևորգ Պողոսյանը պնդում է, որ Վանաձորում առաջին իսկ պայմանագրից, որով պետք է հիմնանորոգեին Կարեն Դեմիրճյանի անվան փողոցը, ամիսներ անց իրենց ստիպել են հրաժարվել աշխատանքներից։ Նշում է, մասնավորպես, ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանի անունը։ 

«Համաձայնություն ստանալուց հետո, երբ պետք է սկսեինք աշխատանքները, հաջորդ օրը զանգահարում են ՏԿԵՆ-ից։ Նախարար Գնել Սանոսյանն ասում է, որ թողնենք Վանաձորի աշխատանքները, այդ գործը պետք չէ անել։ Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, նա բացատրում է, որ իբր չի կարող լուծել ֆինանսավորման հարցը։ Ասում է, որ Վանաձորում խնդիրներ ունեն, այնտեղ աշխատող իրենց գործընկերը պետք է կատարի աշխատանքները, և մենք պետք է հրաժարվենք պայմանագրից։ Գնել Սանոսյանի խնդրանքով մենք նամակ ենք ուղարկում համայնքապետարան՝ խնդրելով, որ պայմանագիրը չեղարկեն»,-ասում է Գևորգ Պողոսյանը։

«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵՆ-ից նշում են, որ «Գլավդորստրոյ»-ի հետ ընդհանուր առմամբ կնքվել է 6 պայմանագիր, որից 3-ը միակողմանի լուծվել է նախարարության կողմից՝ հիմնավորմամբ, որ ընկերությունը խախտել է պայմանագրի և որակավորման ապահովման երաշխիքները, թույլ է տվել գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում։ ՏԿԵՆ-ը հայտարարում է, որ պայմանագրերն իրավաչափորեն են լուծվել։ 

«Ուստի, ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանի հասցեին հնչող մեղադրանքները՝ իբրև վերջինս «ստիպել է» ընկերությանը հրաժարվել պայմանագրից, անհիմն են և մտացածին»,- շեշտում են նախարարությունից։ 

Գևորգ Պողոսյանը համոզված է, որ այն թերությունները, որոնք մատնանշում է ՏԿԵ նախարարությունը, միայն պատրվարկ են եղել, որ իրենց ընկերության հետ կնքված պայմանագրերը լուծեն։ 

«Հայաստանի ճանապարհաշինարարության մեջ կոպիտ խախտումներ են արվում, բայց այդ ընկերությունները չեն հայտնվում «սև ցուցակում», քանի որ պատկան մարմինները աչք են փակում անորակ աշխատանքի վրա։ Մենք բարձրակարգ աշխատանք ենք արել, ավելին՝ աշխատանքներն արել ենք նախատեսված ժամկետից ավելի շուտ։ Մեծ փորձ ունենք Ռուսաստանում, այնտեղ ևս պետական գնումների ենք մասնակցել, և ամեն ինչ լավ է ընթացել»,– ասում է Գևորգ Պողոսյանը։ 

Նա նշում է, որ Հրազդանում և Ծաղկաձորում իրենց աշխատանքները գնահատելու համար նամակ է գրել այդ ժամանակվա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, հրավիրել գալ և տեղում տեսնել կատարված աշխատանքը, բայց ոչ ոք չի գնացել և չի ստուգել։ 

«Մենք աշխատանքի մեծ մասն արել ենք, բայց վերջին՝ շատ ավելի թեթև աշխատանքները տվել են մեկ այլ ընկերության և նրանց մեզանից շատ վարձատրել։ Արդյունքում  «Գլավդորստրոյ»-ի փոխարեն գործն ավարտել է մեկ այլ ընկերություն և դրա համար վարձատրվել ավելի քան 100 մլն դրամ»,- ասում է Պողոսյանը։ 

Այնինչ, ըստ նրա, այդ ընկերության կատարած աշխատանքի համար նախատեսված վարձատրությունը չէր կարող գերազանցել 10 մլն դրամը։ 

ՏԿԵ նախարարության հետ «Գլավդորստրոյ»-ի պայմանագրում, ինչպես նշվեց վերևում, աշխատանքների ֆինանսավորման ժամկետի սահմանափակում է եղել։ Սա ևս վեճի առարկա է դարձել։ 

«Ընդհանուր առմամբ, աշխատանքները վատ էին կազմակերպված, և պետական վերահսկողություն չկար։ Պայմանագրով նախատեսված էր, որ եթե 6 ամսվա ընթացքում ֆինանսավորում չապահովվի, այն չեղարկվում է։ Մենք այդ մասին բազմիցս զգուշացրել ենք, անգամ բանավոր համաձայնությամբ սկսել ենք աշխատանքները՝ հույս ունենալով, որ ֆինանսավորման հարցը կլուծվի, բայց՝ ոչ մի արձագանք»,-ասում է Գևորգ Պողոսյանը։

ՏԿԵՆ-ից հակադարձում են՝ որևէ աշխատանք չպետք է իրականացվեր մինչև համաձայնագրի կնքումը։ Մեր հարցին՝ Հրազդանի և Ծաղակաձորի ճանապարհահատվածներին կատարված աշխատանքների համար «Գլավդորստրոյ»-ը վարձատրվե՞լ է, թե՞ ոչ, ՏԿԵՆ-ից ևս շեշտում են, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարումն իրականացվում է այդ նպատակով ֆինանսական միջոցների առկայության և դրա հիման վրա կողմերի միջև համապատասխան համաձայնագրի կնքման միջոցով։ Սակայն կողմերի միջև որևէ համաձայնագիր չի կնքվել, հետևաբար որևէ աշխատանք չպետք է իրականացվեր, և վճարման պարտավորություն պատվիրատուն, այս դեպքում ՝ ՏԿԵՆ-ը, չի ունեցել և չի վճարել։ 

ՏԿԵՆ-ից նաև հայտարարում են, որ այս պահին ոչ նախարարությունը, ոչ էլ՝ նախարարության ենթակա մարմինները գումարային որևէ պարտավորություն չունեն «Գլավդորստրոյ»-ի նկատմամբ։ 

Գևորգ Պողոսյանը համոզված է, որ իրենց պետական գնումների համակարգից հանում  են, քանի որ պետական կառույցները նախընտրում են իրենց յուրայիններին հանձնել գործը և «միջնորդավճարներ» աշխատել։ 

«Գլավդորստրոյ»-ը փորձել է ՏԿԵՆ-ի հետ իր անհամաձայնությունները իրավական ճանապարհով լուծել։ Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհահատվածի նորոգման վերաբերյալ պայմանագրի լուծումը անվավեր ճանաչելու պահանջով ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն հայցը մերժվել է։ 

«Գլավդորստրոյ»-ը դատական կարգով բողոքարկել է ևս մեկ պայմանագրի լուծման մասին որոշում։ Հայցը կրկին մերժվել է։

«Գլավդորստրոյ» ընկերության շահերը դատարանում ներկայացրել է փաստաբան Մհեր Շահնազարյանը։ Ըստ նրա՝ ընկերության հայցերը մերժվել են նույն պատճառաբանությամբ՝ պայմանագրի կատարման ապահովման համար բանկային երաշխիք ներկայացրել է «Լորդ-Ինվեստ» ՍՊԸ-ն, որը չի հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն կամ ապահովագրական ընկերություն։

«Գլավդորստրոյ»֊ին իրավական դաշտում եւս չի հաջողվել պաշտպանել իր շահերը։ 

Մհեր Շահնազարյանի խոսքով, ինքն ընդամենը մեկ տարի է աշխատել ընկերության հետ և տեղյակ չէ «Գլավդորստրոյ»-ի հետագա գործունեությունից։ Իրենից հետո ընկերության շահերը ներկայացրել է փաստաբան Հասմիկ Ենգոյանը։ Վերջինս հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։ 

«Գլավդորստրոյ»-ն առանձին պայմանագրեր է ունեցել նաև Հրազդանի համայնքապետարանի հետ։ Դրանցից մեկով պարտավորվել է  Հրազդան համայնքի Մաքրավան թաղամասում կառուցել ավտոտեխսպասարկման կայանատեղի և ծածկարան, մանկապարտեզ հիմնանորոգել։ Գևորգ Պողոսյանը պնդում է, որ այս աշխատանքների համար ևս Հրազդանի համայնքապետարանը թերի է վարձատրել։  

Հրազդան համայնքի կոմունալ ծառայության համար «Գլավդորստրոյ» ընկերությունը կառուցել է ավտոտնակներ և ծածկեր՝ ծախսելով ընդհանուր 105 միլիոն դրամ, բայց, ըստ Գևորգ Պողոսյանի, կատարած աշխատանքի դիմաց ստացել են մոտ չորս անգամ պակաս՝ պատճառաբանությամբ, թե երեսպատումը չի համապատասխանում նորմերին։ 

Գևորգ Պողոսյանը նշում է՝ բազմաթիվ նամակներ են գրել ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի վերահսկողություն իրականացնի Հրազդան և Ծաղկաձոր համայնքներում, բայց պատասխան չեն ստացել։ «Բացի այդ, երբ սկսեցինք բարձրաձայնել մեզ անհանգստացնող խնդիրների մասին, պահանջեցինք վճարել մատուցած ծառայությունների դիմաց, Գնել Սանոսյանը դիմեց Գլխավոր դատախազություն և ԱԱԾ, որ ուսումնասիրեն «Գլավդորստրոյ»-ի գործունեությունը։ Կասկածում էին, որ «Գլավդորստրոյը» կապ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։Ստուգումներ են արվել ընկերությունում, բայց այդպես էլ ոչ մի կապ նախկին նախագահի հետ չեն գտել»,- պատմում է Գևորգ Պողոսյանը։

Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) մշտադիտարկում է իրականացրել Հրազդանի համայնքապետարանի գնումների գործընթացի շրջանակներում, որտեղ ընտրված մասնակիցն ու կապալառուն եղել է «Գլավդորստրոյ»-ը։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՊՎԾ-ից։ 

Կառույցից նշում են, որ մշտադիտարկման արդյունքում անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկությունները Ծառայությունը ներկայացրել է Գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։ Այս ամենի արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում երկու քրեական վարույթ է նախաձեռնվել։ 

Ինչպես նշվեց, Ծաղկաձորի համայնքապետարանի հետ ևս «Գլավդորստրոյ»-ն առանձին պայմանագրեր է ունեցել։ Դրանցից մեկով ընկերությունը պետք է Ծաղկաձորում կոյուղագծեր կառուցեր։ 

«Գլավդորստրոյ»-ի ներկայացուցիչը նշում է, որ ընկերությունը 3.5 կմ կոյուղագիծ է կառուցել, բայց համայնքապետարանը թույլ չի տվել վերջին՝ ասֆալտապատման աշխատանքներն անել՝ ասելով, որ դա պետք է արվի գարնանը, մինչդեռ պայմանագրի ժամկետն ավարտվում էր դեկտեմբերին։ Ծաղկաձորի համայնքապետարանը խնդրել է երկարացնել պայմանագիրը, բայց ընկերությունը մերժել է, քանի որ, ըստ նրանց, աշխատանքներն ամբողջությամբ կատարված էին և պայմանագիրը երկարացնելու դեպքում էլ չէին վարձատրվի։

Մեր գրավոր հարցին, թե ինչու ընկերությանը չի թույլատրվել կոյուղագծի կառուցումից հետո ամբողջացնել աշխատանքը, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը պատասխանել է, որ ասֆալտապատման աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգելու կամ աշխատանքների կատարումը գարնան ամիսներին տեղափոխելու առաջարկ ընկերությանը երբևէ չի արվել։ Պայմանագիրը միակողմանի մասնակի լուծելուց հետո ընկերությունը դադարել է պարտականությունների կատարումը։

Ծաղկաձորի համայնքապետարանը, ըստ համայնքի ղեկավարի, այս պահին որևէ պարտավորություն չունի «Գլավդորստրոյ» ընկերության նկատմամբ։ 

Ըստ Նարեկ Հարությունյանի՝ «Գլավդորստրոյ»-ը կոյուղու կառուցման աշխատանքների մեծ մասը կատարել է թերություններով և նորմերին անհամապատասխան, որոնք շտկման ենթակա չեն եղել։ Այդ փաստերը հիմնավորվել են ինչպես փորձագիտական եզրակացությամբ, այնպես էլ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության գրություններով։ 

«Հայտնում եմ, որ ընկերության տնօրենի կողմից Ձեզ հայտնած տեղեկատվությունը ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում»,- նշում է Ծաղկաձորի համայնքապետը։

Ըստ Գևորգ Պողոսյանի՝ Ռուսաստանում իրենք ունեն բազմաթիվ գործընկերներ, այնտեղ ևս մասնակցել են պետական գնումների և հաջողությամբ ավարտել։

Հայաստանում Գևորգ Պողոսյանին է պատկանում  «Շտռաբագ» ՍՊԸ-ն։ Այն հիմնադրվել է 2021-ի օգոստոսին և հասցրել մասնակցել ու հաղթել պետական գնումներում։ Սակայն, «Շտռաբագ»-ի գործերը ևս հարթ չեն ընթացել։ Այս ընկերությունը ևս պետական մարմինների հետ տարաձայնություններ է ունեցել։ Կնքված պայմանագրերից մեկով «Շտռաբագ»-ը պարտավորվել է Ծաղկաձոր համայնքում տեղադրել չորս կանգառ։ Ծաղկաձորի համայնքապետարանն արձանագրել է, որ սահմանված ժամկետներում (2022 հուլիս-2023 նոյեմբեր) տեղադրվել է երեքը, այն էլ՝ թերություններով։ Կապալառուն՝ «Շտռաբագ»-ը, լրացուցիչ ֆինանսավորում է պահանջել աշխատանքների համար։ Ծաղկաձորի համայնքապետարանը միակողմանի լուծել է պայմանագիրը, և «Շտռաբագ»-ը հայտնվել է պետական գնումների սև ցուցակում։ 

Գլխավոր դատախազությունից «Հետքին» հայտնել են, որ ոչ «Շտռաբագ» ՍՊԸ-ի, ոչ էլ «Գլավդորստրոյ» ԲԸ֊ի գործունեության վերաբերյալ դատախազությունում նախաձեռնված վարույթ առկա չէ։ 

Թեև «Գլավդորստրոյ»-ը այս տարվա հունիսի 6-ին դուրս է եկել վերջին «սև ցուցակից», ընկերության ներկայացուցիչ Գևորգ Պողոսյանն ակնկալում է, որ ընկերության շուրջ կատարվածի մասին բարձրաձայնելուց հետո իրավական գործընթացներ կսկսվեն։ 

«Եթե մենք վստահ չլինեինք, որ լավ ենք աշխատել և մեզ հետ անարդար են վարվում, չէինք դիմի իրավապահներին։ Մենք լրատվամիջոցին՝ ձեզ էլ չէինք դիմի։ Այս պահին մեզ այնքան չեն հետաքրքրում մեզ պատճառված նյութական վնասները, որքան Ծաղկաձորում և Հրազդանում պետական գնումներում տիրող այս իրավիճակը»,- ասում է Գևորգ Պողոսյանը։

Ովքեր են փոխարինել «Գլավդորստրոյ»-ին Վանաձորում, Հրազդանում և Ծաղկաձորում

Երբ «Գլավդորստրոյ»-ի հետ պայմանագիրը լուծվել է, Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան փողոցը նորոգելու համար նախարարությունը նոր պայմանագիր է կնքել «Ռ. Ղազարյան» ՍՊԸ-ի հետ։ 2023 թ. դեկտեմբերի վերջի դրությամբ աշխատանքներն ավարտված էին։ 

«Ռ. Ղազարյան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019-ի վերջին։ Այն ամբողջությամբ պատկանում է Ռիմա Արտակի Ղազարյանին։ Ռիմա Ղազարյանը «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի գլխավոր ներզատաբանն է եղել։ Նա Վանաձորի 1999-2016թթ. քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդու կինն է։ 2021 թվականին նա խորհրդանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու էր։ Հետագայում, երբ «Հայաստան» դաշինքն անցել է խորհրդարան, Ռիմա Ղազարյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ 

«Հետք»-ն ավելի վաղ գրել էր, որ «Ռ․ Ղազարյան» ՍՊԸ-ն Լոռու մարզի Սարամեջ գյուղում անորակ ճանապարհ է կառուցել 2022-2023 թվականներին։ Ասֆալտապատումից հետո ճանապարհի որոշ հատվածներում ճաքեր են առաջացել, որոնց հետևանքով քանդվել է ասֆալտը։ Հետագայում ճանապարհին կարկատաններ են հայտնվել։ 

Իսկ Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.5 կմ հատվածի հիմնանորոգման համար պայմանագիր է կնքվել «Շինպլյուս» ՍՊԸ-ի հետ։ 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ աշխատանքներն ավարտված էին։ 

«Շինպլյուս» ՍՊԸ-ի 67%-ի սեփականատերը, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Տիգրան Ռոբերտի Նազարյանն է, 33%-ինը՝ Մարիամ Սամվելի Համբարձումյանը։

Տիգրան Նազարյանը Հայաստանում մի շարք ընկերություններ ունի։ Նրան են պատկանում «Շինաս», «Նազարյան շին», «ՏՄ թաուեռ», «Տա գազ», «ՏՄ Գրուպ», «Շահումյան ալկո», «ՏՄ բիզնես կենտրոն», «ՏՄ ինվեսթ»  ՍՊԸ-ները։ 

Նա 50-ական % բաժնեմաս ունի «Ռուբինյանց 5» ՍՊ–ում, որը բնակելի համալիր է կառուցում Ավան վարչական շրջանում,  և «Հրապարակ պլազա» ՍՊԸ-ում։

«ՏՄ բիզնես կենտրոն» ՍՊԸ-ն ներկայում Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Գոլդեն փելիս Երևան հյուրանոցի» սեփականատերն է։ Այս հյուրանոցը հիմնադրել են Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը և իր որդին։ 

Տիգրան Նազարյանին պատկանող «Շինաս» ՍՊԸ-ն Լենինգրադյան 27/7 հասցեում կառուցվող Տիգրան Մեծ բնակելի համալիրի կառուցապատողն է։ Ինչպես «Հետք»-ը գրել է, Տիգրան Մեծ բնակելի համալիրի շահառուներն անելանելի վիճակում են և իրենց խաբված են զգում. կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն բնակարանները վաճառել է մեծ խոստումներով, սակայն արդեն պարզ է, որ դրանց մի մասը չի կատարելու: Ավելին, խոստացված բոլոր ժամկետներն անցել են, սակայն կառուցապատողն այդպես էլ շենքը շահագործման չի հանձնում: 

Հատկանշական է, որ պետական գնումներին ակտիվ մասնակցություն ունեցող « Շինպլյուս» ՍՊԸ–ն 2024 թվականի փետրվարից երկու տարով հայտնվել է պետական գնումների «սև ցուցակում»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter