
Խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո առաջին անգամ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
2025 թվականի մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Կողմերը Տիրանա էին մեկնել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։
Սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի բոլոր դրույթները համաձայնեցվել են։
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են խաղաղության համաձայնագրի ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։
Փաշինյան-Ալիև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել գրեթե յոթ ամիս առաջ՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին, Ռուսաստանի Կազան քաղաքում, BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Կազանի հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Ալիևը քննարկել էին խաղաղության պայմանագրին, սահմանազատման և սահմանագծման գործընթացներին վերաբերող հարցեր։ Կողմերը հանձնարարել էին իրենց արտաքին գործերի նախարարներին շարունակել երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պայմանագրի վերջնականացման և ստորագրման նպատակով։
Հանդիպումից շուրջ հինգ ամիս անց հայտարարվեց, որ պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցվել են, և այն պատրաստ է ստորագրման։ Հանրությունն այդ մասին տեղեկացավ նախ ադրբեջանական կողմի հայտարարությունից, որից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանի ԱԳՆ-ն։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական հայտարարության մեջ ափսոսանք էր հայտնել, որ ադրբեջանական կողմը հանդես էր եկել միակողմանի հայտարարությամբ՝ համատեղ հայտարարություն տարածելու փոխարեն։
Չնայած փաստացի համաձայնեցված տեքստին՝ Բաքուն առաջադրում է ևս երկու նախապայման պայմանագրի ստորագրման համար։ Առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, որը ընդունելի է ՀՀ իշխանությունների համար։
Երկրորդ նախապայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն ու դրանից Անկախության հռչակագրին արված հղման հեռացումն են։ Հայկական կողմը հայտարարել է, որ սա երկրի ներքին գործն է։ ՀՀ իշխանության ներկայացուցիչները նաև հիշեցնում են Սահմանադրական դատարանի որոշումը, համաձայն որի՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից։ Այս հավաստիացումները, սակայն, կարծես չեն բավարարում ադրբեջանական կողմին։
Փաշինյան-Ալիև նախորդ հանդիպումից մինչև այս հանդիպումը նրանց միջև տեղի էր ունենում հեռակա բանավեճ։ Տարեսկզբին Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա Հայաստանն անվանել էր «ֆաշիստական» պետություն։
Ադրբեջանի նախագահը նաև խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին և ասել, որ այն պետք է բացվի և բացվելու է։
Ալիևն անդրադարձել էր նաև Հայաստանի՝ սպառազինություններ ձեռք բերելուն։ Նա հայտարարել էր, որ Հայաստանը պետք է շտապ դադարեցնի զինվելը։ Իսկ Ֆրանսիային և մյուս երկրներին, որոնք Հայաստանին զենք են վաճառել, հորդորել էր չեղարկել պայմանագրերը և ուղարկված զենքերը հետ վերցնել։
Նիկոլ Փաշինյանն այս հայտարարություններին պատասխանել էր մեկ օր անց՝ հունվարի 8-ին։ Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանն անում է ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, որ Հայաստանը նույնպես ագրեսիվ պատասխաններ կտա, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները, և տարածաշրջանում նոր էսկալացիայի ձևավորման «հիմնավորում» կստեղծվի:
«Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու»,- ասել էր Փաշինյանը:
Երկու երկրների ղեկավարների այսօրվա բանակցություններից առաջ հանդիպել էին նաև արտգործնախարարները։ Ապրիլի 12-ին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում, տեղի էր ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Նրանք մասնակցել էին նաև «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով քննարկմանը, որին ներկա էր նաև Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։
Լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել