HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու Կառավարությունը չի կարողանում արգելել պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

2020 թվականի ապրիլի 17-ին Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկել էր փոփոխություններ մտցնել առևտրի և ծառայությունների մասին օրենքում և «2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը։ Օրենքում կատարված փոփոխությունից անցել է երեք տարի: Այսօր էլ տարբեր վաճառակետերում և խանութներում շարունակում են վաճառել 50 միկրոնից ցածր հաստությամբ պոլիէթիլենային տոպրակներ։ «Հետքը» որոշել է պարզել, թե ինչու օրենքը չի գործում, ինչ վերահսկողություն է իրականացվում խախտումները հայտնաբերելու ուղղությամբ:

Օրենքում փոփոխություն կատարելու մասին առաջին անգամ խոսեց Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը, վերջինս 2020թ․-ի հունվարի 23-ին Կառավարությունում իր ելույթում նշում էր՝ նախագիծն ավելի քան մեկ տարի քննարկվում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարի ելույթը լրացրեց՝ օրենքը նախատեսվում է կիրառել 2022 թվականի հունվարի 1-ից, բայց, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, ցանկանում է, որ օրենքով նախատեսված իրողությունը կյանքի կոչվի ոչ թե օրենքի, այլ համընդհանուր վարքագծի փոփոխության բերումով։ Նախարար Գրիգորյանը նշում էր՝ աղբի մեջ մեծ տեսակարար կշիռ է կազմում պլաստիկը, առաջիկա տարիներին էլ պլաստիկի դեմ պայքարը բազմաթիվ երկրներում համատարած բնույթ կկրի։ Վարչապետը հայտնել էր, որ պետք է սեփական օրինակով ցույց տալ և կոչ արել քաղաքացիներին հնարավորինս քիչ օգտագործել պոլիէթիլենային տոպրակներ, փոխարենը նախապատվությունը տալ կտորե բազմակի օգտագործման տոպրակներին։

Պոլիէթիլենային տոպրակների վաճառքի վերահսկողությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա։ Այս մասին օրենքը շրջանառության մեջ դնելուց մի քանի օր անց՝ 2022 թվականի հունվարի 5-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել էր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Վերջինս նշեց, օրենքն ընդունվել է 2020-ի գարնանը, բայց բավականին ուշ է ուժի մեջ մտնում, որպեսզի արտադրողները հարմարվեն իրավիճակին և իրենց արտադրողական կարողությունները փոխեն ու նոր հումքատեսակներով սկսեն արտադրել նոր տեսակի տոպրակներ։

«Հետքը» կապ է հաստատել պոլիէթիլենային տոպրակներ արտադրող 4 ընկերության ներկայացուցիչների հետ։ Բոլորը հրաժարվել են իրենց ընկերության անունից հանդես գալ և պատմել օրենքի փոփոխությունից հետո ստեղծված իրավիճակից։ Ընկերության ներկայացուցիչները իրենց կարծիքը համաձայնել են հայտնել անանուն մնալու պայմանով։

  • Ամեն դեպքում մենք մատակարարում ենք այն տեսակի տոպրակները, որի պահանջարկը կա, մնացած հետևությունները թողնում եմ Ձեզ։
  • Մեզնից ինչ պատվիրում են, մենք դա ենք պատրաստում։
  • Առանձնապես ոչ մի տարբերություն չկա, կարծեմ օրենքը փոփոխել էին, որ հաստ տոպրակները մարդիկ երկար օգտագործեն, բայց նման բան չկա։ Էլի դրանք օգտագործվում են մի անգամ, հազվադեպ դեպքերում են մարդիկ տոպրակը մի քանի անգամ օգտագործում։
  • Մեր գործն են դժվարացրել, վերապրոֆիլավորվել ենք, բայց էնպես չի, որ գործում է օրենքը։

2022-ի հունվարի 1-ից մինչ օրս պոլիէթիլենային տոպրակների վաճառքի վերահսկումը վերապահված էր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությանը։ 

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալ Վախթանգ Բարսեղյանը «Հետքի» հետ զրույցում նշում է՝ Ծառայության վերահսկողության շրջանակը լայն է, հետևաբար ռեսուրսները գուցե չբավականեցնեն վերահսկողությունն իրականացնել առանց թերությունների։ 

Հասարակական կարգի պահպանության ծառայությունը իրականացնում է հսկողություն ինքնակամ շինարարությունների, հողազավթումների, հողի օգտագործման կանոնների պահպանման ոլորտներում։ Առևտրի և հանրային նշանակության օբյեկտներում, ծառայությունը պետք է ապահովի, որ չվաճառվի ժամկետանց սնունդ, անչափահասներին՝ ոգելից խմիչք և ծխախոտ, ինչպես նաև պետք է վերահսկի սահմանված 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքը։ Վախթանգ Բարսեղյանի խոսքով՝ վերահսկողությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով, ամեն օր ստուգվում են խանութներ, վաճառակետեր, հայտնաբերված խախտումների դեպքում կազմվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Վախթանգ Բարսեղյանի հետ իր աշխատասենյակում միկրոմետրի օգնությամբ չափեցինք տարբեր խանութներից և վաճառակետերից ձեռք բերված տոպրակների հաստությունները։ Դրանց մեծ մասը չէր համապատասխանում սահմանված 50 միկրոն հաստությանը։

Մեր ունեցած միկրոմետրը ձեռք էր բերված «Վայլդբերիս» օնլայն խանութից։ Երբ առաջարկեցինք մեր սարքով չափել Վախթանգ Բարսեղյանն ասաց, որ չենք կարող հիմք ընդունել պատահական տեղից ձեռք բերված միկրոմետրը, իրենց ունեցածը ստուգաչափված է և համապատասխանում է օրենքով սահմանված չափորոշիչներին։ Վախթանգ Բարսեղյանը բերեց իրենց ունեցած միկրոմետրը, սակայն մեր և իրենց  միկրոմետրերը նույնն էին, երկու միկրոմետրն էլ նույն արդյունքը ցույց տվեցին։

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության անձնակազմը 70 հոգանոց է։ Նախորդ տարի՝ 2024 թ․-ին, 25 արձանագրություն է կազմվել սահմանված 50 միկրոնից ավելի բարակ տոպրակների կիրառության դեպքով։ 2025-ի առաջին եռամսյակում կազմվել է 19  արձանագրություն։

2023 թվականին Կառավարության օգոստոսի 3-ի նիստում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասել էր, որ կրկին նախատեսվում է նոր օրենսդրական նախագիծ, որով պոլիէթիլենային տոպրակների վաճառքի վերահսկումը կվերապահվի Կառավարության ենթակա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։

Փաստորեն օրենքի ընդունումից 1 տարի հետո Շրջակա միջավայրի նախարարությունը գոհ չէր մնացել ՏԻՄ-երի աշխատանքից և առաջարկում է, որ, վերահսկողությունը վերապահվի տեսչական մարմնին։

Շրջակա միջավայրի նախարարությունից մեկնաբանություն ստանալու համար հարցազրույցի խնդրանքով դիմել էինք նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետին՝ Լուսինե Ավետիսյանին։

Մի քանի անգամ հարցազրույցի օր և ժամ փոփոխելուց հետո Լուսինե Ավետսիյանն ասաց, որ շատ ծանրաբեռնված է և հարցազրույց տալու ժամանակ չունի։ 

Գրավոր հարցմամբ դիմել ենք Շրջակա միջավայրի նախարարություն, որտեղից հայտնել են, որ օրենսդրական նախագիծ է մշակվել, որով պոլիէթիլենային տոպրակների պահանջների նկատմամբ վերահսկողություն կիրականացնի նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։ Այսինքն, եթե օրենքի նախագիծն ընդունվի, համայնքապետարանների աշխատակիցների հետ  վերահսկողություն կիրականացնեն նաև Կառավարության ենթակա տեսչական մարմնի աշխատակիցները։

Նախարարությունն անդրադարձել էր նաև պոլիէթիլենային տոպրակ արտադրող ընկերություններին և հարցման պատասխանում նշել, որ օրենսդրական կարգավորման համեմատաբար ուշ կիրառումը նպատակ ուներ նաև հնարավորություն տալ արտադրողներին վերապրոֆիլավորվելու։

«Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ապրանքաշրջանառության և հասույթի կտրուկ նվազում թույլ չտալու, ինչպես նաև արտադրությունները վերապրոֆիլավորելու և արդիականացնելու նպատակով աշխատանքների իրականացման արդյունավետ կազմակերպմանը հնարավորինս չխոչընդոտելու համար նպատակահարմար էր առաջին քայլով սահմանափակել թաղանթի մինչև 50 միկրոն հաստություն ունեցող պարկերի ու տոպրակների գործածությունը։  Հատվածային մոտեցմամբ (մինչև 50 միկրոն) օրենսդրական կարգավորումը նպատակ ուներ արտադրողներին հնարավորություն ընձեռել վերապրոֆիլավորվելու և ինտեգրվելու նոր պահանջներին»,- ասվում է նախարարության պատասխանում:

Նախարարությունն ընդունում է նաև, որ գործող օրենքն ամբողջությամբ չի կիրառվում։ Նախարարության պատասխանում նշված է՝ գործող կարգավորումների ամբողջական ազդեցության գնահատումն իրատեսական չէ՝ հաշվի առնելով, որ ներկայում տեղական ինքակառավարման մարմինների կողմից որոշակիորեն օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ հնարավոր չէ ապահովել պատշաճ վերահսկողություն։ Նախարարությունը օբյեկտիվ պատճառ է համարում այն, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր բացակայում է «միկրոմետր» կոչվող սարքերի ստուգաճշտման հնարավորությունը։ 

Դեռ 2019 թվականից քննարկվող և 2022 թվականից ուժի մեջ մտած օրենքը թերի է գործում։ Կառավարությունը հերթական անգամ չի կատարում իր իսկ ընդունած օրենքները: Պոլիէթիլենը քայքայվող չէ։ Այն կարող է հարյուրավոր տարիներ մնալ բնության մեջ։ Պլաստիկը վնաս է հասցնում ամբողջ էկոհամակարգին:

Նախարարությունն ասում է՝ դժվար է ամբողջությամբ վերահսկել վաճառքը, պետք է նոր մեխանիզմներ մտածել։ Իսկ քանի դեռ վերահսկողությունը համակարգված չէ, պատասխանատվությունը մնում է նաև յուրաքանչյուրիս վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter