HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախյան վերջին մարտեր. Սրխավենդի գումարտակի շտապօգնության վարորդը

Նարեկ Հակոբյանը Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղից է։ Շտապօգնության վարորդ է եղել և ծառայել Սրխավենդի գումարտակում։ Վերջին 17 տարին զինվորական ծառայության մեջ է եղել։ Ասում է՝ քաղաքացիական կյանք գրեթե չի ունեցել։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Նարեկը Սրխավենդի դիրքերում է եղել։ «Էդ օրը ես էլի պոստում էի։ Հերթափոխը տարա դիրքեր, երբ արդեն հետ էի գալիս, հրետակոծությունը սկսվեց»,- հիշում Նարեկը։

Առաջին արկերը պայթել են ժամը 13:00-ին, 712 դիրքի մոտակայքում։ Հարձակումը Նարեկի համար անակնկալ չի եղել։ Ասում է՝ հրամանատարական դիտակետի տեսախցիկներով տեսել են զորքի կուտակումները։ «Մեր դիրքերը Կիչանից մինչև Խաչենի կամուրջն ընկած հատվածում էին։ Ես ու բուժակը դիրքավորվեցինք մեր դիրքերի միջնամասում՝ Մանյուքլու կոչվող տեղամասում, որ որտեղից կանչ լինի, արագ հասնենք»,- ասում է Նարեկը։

Մարտական գործողությունների ժամանակ զոհվածներին և վիրավորներին տեղափոխել է Իվանյանում և Կիչանում գտնվող հոսպիտալներ։ Առաջին վիրավորը 709 մարտական դիրքում է եղել։ «Ջահել տղա էր, անունը չեմ հիշում։ Հրաժարվեց, որ հոսպիտալ տանենք,  ասեց՝ ես տղերքի հետ եմ մնում, ոչ մի բան չի եղել։ Ոտքից էր վիրավոր, բուժակը վիրակապեց ու թողեցինք դիրքում»,- պատմում է Նարեկը։

Ժամը հինգի կողմերը 707 մարտական դիրքից կապով հայտնեցին, որ վիրավոր կա։

«Հասա տեղ, տեսա մահացել է արդեն։ Տարիքով տղա էր, մոբով եկած։ Անունը Արո էր, Չլդրան գյուղից։ Հանեցի դիրքից, հասցրի ասֆալտին, ուրիշ ավտոյով ուղարկեցի Ստեփանակերտ։ Ես չէի կարող գնալ, ընդեղ մենակ իմ շտապօգնության ավտոն էր, կարող է էդ պահին ուրիշ առաջադրանք ստանայի»,- ասում է Նարեկը։

«Ժամը երևի վեցի կողմն էր՝ արդեն մութն ընկնելու վրա, Խաչենի կամուրջի մոտ գտնվող  զապռավկին խփեցին, տասնմեկ հոգի զոհվեց։ Մի վիրավոր կար էնտեղ, Վանք գյուղից էր, անունը Մանվել էր։ Էդ մարդուն տարա Իվանյանի հոսպիտալ»,- պատմում է Նարեկը։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, դիրքից կապվել են Նարեկի հետ ու ասել, որ դիրքում մեկ վիրավոր կա։ Երբ տեղ է հասել, դիրքը հրետակոծվել է։ Վիրավորվել էհինգ հոգի։ Նարեկը վիրավորներին հասցրել է հոսպիտալ։

Նա պատմում է, որ ամենադժվարը զոհերի հարազատներին կորստի մասին ասելն էր։ «Մեր գյուղացի էր Առաջաձորից, հարցրեց տղայից, ասեցի չգիտեմ, բայց գիտեի, որ զոհվել է, դասարանցիս էր Առստամյան Արթուրիկը»,- հիշում է Նարեկը։

Առաջաձոր գյուղի մարտերի ընթացքում զոհվել է տասը մարդ։ Նրանցից վեցը զոհվել է Խաչենի խաչմերուկի մոտ, երբ փորձել են օգնության հասնել դիրքերում գտնվող իրենց հարազատներին։ «Աղասյան Ժորան՝ վաշտի հրամանատարը, 712 մարտական դիրքում է զոհվել, Կարապետյան Գրիգորին, Բաղմանյան Մխիթարը զոհվել են 707 մարտական դիրքի մոտ, Շաբոյան Դավիթը` 706 դիրքում»,- ասում է Նարեկը։

Մարտերի դադարելու ու հրադադարի համաձայնության մասին Նարեկն իմացել է ռացիայով։ Մարտական գործողությունները դադարելուց հետո երեք օր Սրխավենդի ամբողջ գումարտակը մնացել է Ցեխծոր կոչվող տեղամասում, որ բնակչությունն ապահով տարհանվի։

Սեպտեմբերի 23-ին Նարեկը գնացել է Ստեփանակերտ, ընտանիքն արդեն այնտեղ է եղել։ Առաջաձորի գյուղապետն իր մեքենայով նրանց հասցրել էր Ստեփանակերտ։ «Գնացի, տեսա հինգ երեխաներս, եղբորս 9 երեխաները, քրոջս երեխաները մի տեղ հավաքված են, իսկ Ստեփանակերտում ուտելու բան չկար։ Մեր գյուղապետին ասացի՝ պիտի գնամ գյուղ ու ուտելիք բերեմ մեր տանից»,- պատմում է Նարեկը։

Նույն օրը Նարեկը քսան հոգի գյուղացիների հետ գնացել է Առաջաձոր, խոզ է մորթել, ուտելիք վերցրել։ Խմբի մի մասը վերադարձել է Ստեփանակերտ, իսկ մյուս մասն էլ մնացել է գյուղում՝ հսկելու, կարծելով, որ մնացածն էլ մի քանի օրից վերադառնալու են։ Սակայն հաջորդ օրը բոլորին տեղեկացրել են, որ պետք է լքեն գյուղերը։ Սեպտեմբերի 24-ից սկսվել է արցախցիների բռնի տեղահանությունը Հայաստան։ Սեպտեմբերի 26-ին  Հակոբյանների ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։

Նարեկը կնոջ ու հինգ երեխայի հետ ապրում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում։ «Փորձում ենք հարմարվել էստեղ»,- ասում է Նարեկը։ Երեխաներից չորսը դպրոց են հաճախում։ Նարեկն էլ աշխատանք է գտել, Մեղրաձորի ոսկու հանքում քարջարդի մեքենավար է։ Նաև ոչխարներ է պահում Լճաշեն գյուղում։

«Մի տարուց ավել է՝ էստեղ եմ, երբեք չի եղել Հայաստանի կամ Լճաշենի մասին երազ տեսնեմ։ Գիշերները Առաջաձորում եմ, ցերեկները՝ Լճաշենում»,- ասում է Նարեկը։

«Հետքը» առաջիկայում կներկայացնի Սրխավենդի դիրքերի մասին ամբողջական պատմությունը

Մեկնաբանություններ (2)

Հետք
Շնորհակալություն Նվեր, ուղղեցինք:
Նվեր Գասպարյան
Բաղանյան Մխո, որ գրել եք՝ իսկական տվյալներն են Բաղմանյան Մխիթար Էդուարդի: Խնդրում ե ուղղել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter