
Հաճախակի խափանվող վերելակը եկող տարի էլ չի փոխարինվի
«Հետք»-ի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ իրենց շենքերի վերելակները հաճախակի վթարվում են, չեն աշխատում, բնակիչները մնում են ներսում։ Այդպիսի մի ահազանգ էլ ստացել էինք նոյեմբերի 12-ին։ Նոր Նորքի 8-րդ զանգվածի Մինսկի 16 շենքի առաջին մուտքի վերելակում օրեր առաջ բնակիչներից մեկն է մնացել։ Բնակիչները կարծել են, թե վերելակը ընկել է. ուժեղ ձայներ են լսել, փոշի է բարձրացել, ու վերելակը սկսել է ճոճվել։
Նոյեմբերի 14-ին վերելակը վերանորոգել են։ Այն կրկին աշխատում է։ Բայց թե որքանով է անվտանգ, ոչ ոք չգիտի։
Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ 2024 թվականի ընթացքում Երևան համայնքում նախատեսված է փոխարինել 500 վերելակ։
2025 թվականին փոխարինվող վերելակների թիվն ու հասցեները դեռևս հրապարակված չեն։ Քաղաքապետարանից «Հետք»-ին փոխանցեցին, որ այն կհրապարակվի տարեվերջին։
Վերելակը սպասարկող ընկերության տվյալներով՝ Մինսկի 16 հասցեի առաջին մուտքի վերելակը այս ցանկում ներառված չէ։
1985 թվականին շենքը շահագործման հանձնելուց ի վեր վերելակը չի փոխվել։ 2025-ին կլրանա վերելակի 40 տարին։ Բայց այն դեռևս փոխարինել չեն պատրաստվում` չնայած պարբերաբար փչանում է։
Նոյեմբերի 12-ին վերելակում մնացած բնակիչ Վրեժ Շիրինյանը պատմում է՝ վերելակից ինչ-որ դետալ է պոկվել ու ընկել վերելակի վրա, ինքն այդ ժամանակ ներսում է եղել։ Վերելակը դղրդացել է, ճոճվել։ Հարևաններին հաջողվել է Վրեժին անվնաս դուրս հանել, որից հետո կրկին ուժեղ դղրդոց է լսվել, և ամբողջ շքամուտքը պատվել է փոշով։ Նրանք կարծել են՝ վերելակը ընկել է։
Սա առաջին դեպքը չէ։ Բնակիչների պատմելով՝ վերելակը հաճախակի է փչանում։ Երեք անգամ նմանատիպ դեպք է եղել, երբ վերելակը փչացել է, ներսում մարդ է մնացել։ Տարիներ առաջ երկու անգամ հաստ ճոպանները կտրվել են, ներսում եղած բնակիչները ընկել են հորանը։ Շենքի բնակիչները վերջին դեպքից հետո ստորագրահավաք են սկսել, դիմում գրել քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով իրենց շենքի վերելակը նույնպես ներառել առաջիկայում փոխարինվող վերելակների ցուցակում։
«Նոր Նորք-8» համատիրության նախագահ Հովհաննես Բարսեղյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ Մինսկի 16 շենքի առաջին մուտքի վերելակը ոչ թե ընկել է, այլ փչացել է։ Աշխատակիցը եկել, նորոգել է, ու բնակիչները շարունակում են օգտվել։
Մինսկի 16 առաջին մուտքի վերելակը սպասարկող ընկերության աշխատակից Սիրվարդ Վերանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ վերելակն անվտանգ է, եթե վտանգավոր լիներ, չէր շահագործվի։ Չնայած վերելակը սպասարկող ընկերության աշխատակիցը վստահեցնում է, թե վերելակն անվտանգ է՝ բնակիչներն այլ բան են ասում. հաճախ փչացող վերելակից օգտվել վախենում են։ Նշում են՝ 40 տարի շենքը սպասարկած վերելակը փոխարինել է պետք։
Մեկնաբանել