HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Խաչատրյան 10, 12 շենքերի կոյուղաջրերը լցվում են Կոմիտասի պողոտայի բակերն ու ավտոտնակները

Յուրա Զարգարյանն ապրում է Կոմիտաս 7/8 հասցեում։ Երկու ամիս առաջ Յուրայի տան բակ կոյուղաջրեր սկսեցին լցվել։ Հարևաններից հետաքրքրվելով իմացավ, որ նրանք էլ են նույն խնդրի առաջ՝ հարևան Արամ Խաչատրյան 10, 12 բարձրահարկ շենքերի կոյուղաջրերը լցվում են բնակիչների բակերն ու ավտոտնակները։ Մի քանի ավտոտնակում այժմ անհնար է մեքենա կայանել։

Բնակիչները դիմել են «Վեոլիա Ջուր» ընկերություն, ապա՝ Երևանի քաղաքապետարան։ Յուրան ասում է՝ կառույցներից ոչ մեկը բավարար պատասխան չի տվել։ 

«Քաղաքապետարանն ընդամենը ասում էր՝ ընթացք կտանք։ Տեղյակ են, ընթացքի մեջ է, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերությունից եկան, ասացին՝ ավտոտնակները պիտի ապամոնտաժվեն։ Երկու ամիս է անցել՝ ոչ մի փոփոխություն»,- պատմում է Յուրա Զարգարյանը։

Արամ Խաչատրյան  10 և 12 շենքերից բակամիջյան ճանապարհով կոյուղաջրերը լցվում են Կոմիտասի պողոտայի բակերը։ Բակերից գարշահոտ է գալիս։

Երբ մի քանի անգամ բնակիչներն ահազանգել են «Վեոլիա Ջուր» ընկերություն, Արաբկիր վարչական շրջանի տեղամասային տեսուչներն ասել են, թե իրենք ոչինչ անել չեն կարող, քանի դեռ քաղաքապետարանը չի ապամոնտաժել ավտոտնակները։

Երկու օր առաջ բնակիչներն ինքնուրույն սկսել են քանդել հողը, որպեսզի գտնեն վնասված խողովակները։

«Մի քանի անգամ այս դեպքը կրկնվել է։ Մենք դիմել ենք «Վեոլիա», վերջին անգամ տեսուչն ասաց՝ ժողովուրդ ջան, քանդեք, գտեք, մենք կգանք կվերանորոգենք, երկու օր քանդեցինք, ոչինչ չգտանք, բայց պաշտոնապես մեզ ոչ ոք չի ասել, որ ինքներս պետք է քանդենք, էս կոյուղաջրերը մաքրելու համար հարևաններով արդեն մի քանի անգամ գումար ենք հավաքել, մաքրել ենք»,- ասում է Յուրան։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից «Հետքին» հայտնում են, որ ընկերությունը տեղյակ է խնդրից, բայց Արամ Խաչատրյան 7/1 հասցեում ինքնակամ կառույց կա, որը Երևանի քաղաքապետարանը պիտի ապամոնտաժի։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի վերանորոգել խողովակները և մաքրել կոյուղաջրերը։

Դիմեցինք Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը խնդրի մասին հայտնեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությանը և խոստացավ երկուշաբթի օրը պարզաբանում տալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter