HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժպտում էի, որ ուժեղ երևայի». գումարտակի կապավորը

Նարեշտարի անտառներում արված այս լուսանկարում խարույկի շուրջ հավաքված զինակիցների հետ նստած Էլմիրան ժպտում է։

«2023 թվականի սեպտեմբերի 23-ն էր, մեր գումարտակը, ադրբեջանական հարձակումից հետո տալով զոհեր, վիրավորներ, մնացել էր շրջափակման մեջ։ Լուսանկարում շրջափակման, անորոշության մեջ նստած ենք։ Ես ջերմություն ունեմ, բայց ժպտում եմ։ Չեմ ուզում ցույց տալ ներսիս տագնապը, ծառայակիցներիս նեղություն տալ, առանց այն էլ ուշադրության կենտրոնում եմ»,- պատմում է Էլմիրա Գրիգորյանը, որը արցախյան վերջին մարտական գործողությունների ժամանակ կապի սպա էր Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամասի) 3-րդ գումարտակում, որը տեղակայված էր Վանք գյուղում։ Այդ գումարտակը հայտնի էր որպես Վանքի գումարտակ։

Էլմիրան Երևանից է, զինվորական ծառայության էր անցել Արցախում 2021 թվականից։ Նրա ամուսինը տասը տարուց ավելի ծառայում էր Արցախում։

«Դեռ 2020 թվականին՝ արցախյան պատերազմից առաջ, ուզում էի ծառայել Արցախում, լինել ամուսնուս կողքին, բայց այն ժամանակ չստացվեց։ Կրթությամբ բուժքույր եմ, բայց պատրաստ էի սովորել նոր մասնագիտություն, դառնալ զինվորական։ 2021 թվականին ստացվեց, մեկնեցի Արցախ՝ անցա ծառայության։ Երկու երեխաներս էլ մնացին Երևանում տատի ու պապի հետ»։

Սկզբում որոշել էր խոհարար աշխատել զորամասում, բայց 44-օրյայից հետո մտափոխվել էր։ «Ասացի՝ եթե բանակ, եթե ծառայություն ապա միայն զենքով։ Ես շերեփը փոխարինեցի ինքնաձիգով»,- ասում է Էլմիրան։

Վանքի գումարտակում Էլմիրայից բացի ևս մեկ կին զինծառայող կար՝ բուժքույր Ինգա Գալստյանը։ Նրանք տարբեր օրերի էին մարտական հերթապահության բարձրանում։ Սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական հարձակաման օրը, Ինգային կանչել էին Վանքի բուժկետ։ 

Էլմիրան պատմում է, որ սեպտեմբերի 16-ին հերթական անգամ բարձրացել էին դիրքեր։ Ամեն ինչ սովորական էր մինչև սեպտեմբերի 19-ը։

«Վերջին անգամ, որ բարձրացանք, սիրտս մի տեսակ անհանգիստ էր, մտածում էի, որ ինչ-որ վատ բան է լինելու։ Իրերս դասավորել էի ուսապարկում, որ պատրաստ լինեմ»,- հիշում է Էլմիրան։

Պատերազմի սկսվելուց մի քանի ժամ առաջ Էլմիրան խոսել էր որդու հետ։ Ասել էր՝ ինչ էլ լինի իրենք պիտի ուժեղ լինեն։

«Ասեցի՝ կնոջը դիրքերում չեն պահի, եթե ինչ-որ բան սկսվի, մեզ տեղափոխելու են ապահով տեղ։ Այսպես խաբում էի որդուս, որ հանկարծ գալու փորձեր չանի ու չվտանգի կյանքը»,- պատմում է Էլմիրան։ 

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:30-ին, ադրբեջանական զինված ուժերը սկսեցին հրետակոծել Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով։ Առաջին արկերից մեկը պայթել էր հրամանատարական դիտակետի դիմաց։ 

«Ես փորձում էի ամեն կերպ օգնել, ցույց տալ, որ իրենց պես ուժեղ եմ»,- պատմում է Էլմիրան: 

Այդ օրը սկսված մարտական գործողությունների հետևանքով Վանքի գումարտակը ունենում է տասը զոհ։ Մինչ օրս անհետ կորած է համարվում երեք զինծառայող։ 

Կողմերի միջև զինադադար հայտարարվեց սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ին:

Սեպտեմբերի 23-ին ռուս խաղաղապահները և ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները զինաթափեցին հայ զինծառայողներին և տեղափոխեցին Ստեփանակերտ։

«Երբ զենքերը հանձնում էինք, գրպանիցս հանեցի նռնակը, ասեցի՝ վերցրե՛ք, ինձ էլ պետք չի, ադրբեջանցի զինվորականը նայում էր խեթ-խեթ։ Դժվար էր, շատ դժվար էր լքել Արցախը։ Մտածում էի՝ եթե էդ կարճ ժամանակում ես էի այդքան կապվել էի, իսկ ինչ ասեն էն մարդիկ, որոնք տուն-տեղ, հիշողություն, շիրիմներ են թողել»,-ասում է Էլմիրան։ 

Նա չի շարունակում զինվորական գործը Հայաստանում, ասում է՝ Արցախից հետո դժար է վերադառնալ ծառայության։ Այժմ Էլմիրայի զորակոչային տարիքի տղան է պատրաստվում մեկնել ծառայության։

Նկարների սլայդի ձևավորումը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter